«Ըմբռնումով եմ մոտենում, ըմբռնումով»,-այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցին, թե՝ ինչպե՞ս է վերաբերվում, որ նախկին նախագահները նրան չեն շնորհավորել:
Փաշինյանը լրագրողների հարցերին պատասխանել է այսօր կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո:
«Ինչպես տեսնում եք՝ գործող նախագահները նախընտրում են շնորհավորել: Կարծում եմ դա արարողակարգային խնդիր է»,-ասաց Փաշինյանը:
Նեղացվածություն կա՞, այս հարցին էլ վարչապետը պատասխանեց՝ «Ես չեմ կարծում, որ այսօր Հայաստանում պետք է նեղացած մարդիկ լինեն»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ազգային անվտանգության ծառայության ղեկավարը վստահեցրել է, որ կոռուպցիոն բացահայտումների արդյունքում պետական բյուջե խոշոր գումարներ են վերադարձվելու, սակայն քրեական պատասխանատվության մասին չի խոսել, արդյոք նման բան չի նախատեսվում:
Փաշինյանը պատասխանեց. «Մեկը մյուսին չի հակասում: Մեր քաղաքական դիրքորոշումն այն է, որ մենք չենք պատրաստվում գիլիոտիններ շարել Երեւան քաղաքում: Մեր խնդիրը՝ եթե կա պետությանը հասցված վնաս, այդ վնասը պետք է վերականգնվի: Քրեական օրենսգիրքն ունի մի շարք գործընթացներ, որոնք ամենատարբեր լուծումների հնարավորություններ են տալիս: Նախաքննությունից պարզ կլինի»:
Հարցին՝ Միհրան Պողոսյանի օֆշորային, հանրությանը հայտնի՝ Պանամյան փաստաթղթերի աղմկահարույց գործը հնարավորություններ կան այդ գործը վերաբացելու, բացահայտելու, Փաշինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ հնարավորություններ շատ-շատ կան, եւ ժամանակի ընթացքում այդ հնարավորությունները կօգտագործվեն՝ ըստ պատեհության»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ