Այսօր ՀՀ նախագահի նստավայրում ՀՀ վարչապետի եւ կառավարության անդամների երդմնակալության արարողությունն էր: Ի սկզբանե, թե նախագահականից, եւ թե կառավարության լրատվական ծառայությունից հայտարարել էին, որ միջոցառումը փակ է լինելու եւ ԶԼՄ-ները չեն կարող մասնակցել: Սակայն, արարողությունից րոպեներ առաջ լրագրողներին թույլատրեցին ներկա գտնվել միջոցառմանը:
Այսօր երդմնակալությունից հետո լրագրողները Փաշինյանից հետաքրքրվեցին՝ վերջին րոպեներին ի՞նչ փոխվեց, որ որոշեցին երդմնակալությունը բաց անցկացնել:
«Բոլորս պետք է գիտակցենք, որ կան իրողություններ, որոնք մենք բոլորս պետք է հաշվի առնենք: Չպետք է հին ժամանակների իներցիան մեզ տանի: Ես միջոցառումից կես ժամ առաջ եմ տեղյակ եղել, որ փակ է լինելու եւ ՀՀ նախագահի հետ խորհրդակցելով որոշեցինք՝ ֆորմատը պետք է փոխվի: Չգիտեմ, հասցրեցի՞ն բոլորը գալ, թե՝ ոչ»,-ասաց Փաշինյանը: Եվ երբ լրագրողներն արձագանքեցին՝ ոչ բոլորն են հասցրել գալ, Փաշինյանն ասաց. «Ցավում եմ, կարծում եմ արարողակարգի ծառայությունը հետեւություն կանի»:
Հ.Գ. Aravot.am-ին թե՛ կառավարությունից, եւ թե՛ նախագահականից վստահեցրել էին, որ երդմնակալության արարողությունը փակ է լինելու: Սակայն երբ անգամ վերջին րոպեներին որոշվեց ֆորմատը փոխել, այս երկու գերատեսչության լրատվական ծառայություններն այդ մասին տեղյակ չեն պահել, ինչն իրենց ուղղակի պարտականությունն է:
Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝ «ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրավիրում եմ ՀՀ նախագահի նստավայր՝ Մաշտոցի պողոտա 47, կառավարության անդամների երդման արարողությունը լուսաբանելու: Արարողությունը կմեկնարկի քիչ անց»:
Այս հայտարարությունից հետո էլ կառավարության լրատվական ծառայությունից հարկ չհամարեցին ԶԼՄ-ներին տեղեկացնել: Հավանաբար, հույս ունենալով, որ լրագրողներն ու խմբագիրներն անընդհատ Փաշինյանի էջին են հետեւում: Եվ, եթե լրատվական ծառայության աշխատանքը պետք է Փաշինյանն անի՝ ֆեյսբուք սոցիալական ցանցով, ուրեմն լրատվական ծառայությունն ավելորդ է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ