«Արտառոց բան, օրինակ` գումարի արտահոսք, չկա»,-այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Վերջինս ներկայացնում էր ԿԲ-ի գործունեության տարեկան հաշվետվությունը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԿԲ նախագահից հետաքրքրվեց`ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով փողի արտահոսք եղե՞լ է երկրից։
Հիշեցնենք, որ այդ օրերին խոսակցություններ էին շրջանառվում, որ բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխները իրենց գումարները տեղափոխում են Հայաստանից: Արթուր Ջավադյանը պատասխանեց`իրենց մոնիթորինգի արդյունքներով`մարդիկ ժամկետից շուտ խզել են ավանդների պայմանագրերը։
«Գումարի արտահոսք չի եղել, բայց բավականին մեծ գումարներ, ինչպես ցույց տվեցին մեր ուսումնասիրությունները, մարդիկ հանել են, տարել պահել են կամ դեպոզիտարիաներում, կամ դրել դոշակի տակ, հետո նորից բերել դրել են բանկում»: Այսպիսով, ըստ նրա, մարդիկ բավական տուժել են՝ խզելով երկարաժամկետ ավանդը` կորցնելով ավելացվող տոկոսագումարներ։
Արթուր Ջավադյանը չհրապարակեց ավանդների տեսքով բանկերից հետ վերցված գումարի չափը: Ճիշտ չհամարեց: Ընդհանրական ասաց`խոսքը տասնյակ միլիոնների մասին է: Նաեւ հավելեց` մայիսի 10-ից հետո բանկերից հանված գումարի 50 տոկոսից ավելին արդեն իսկ վերադարձվել է բանկեր։
Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում էլ, պատասխանելով հարցին`թավշյա հեղափոխության օրերին Հայաստանից 10 մլրդ դոլարի չափ գումար է դուրս եկել, տրամաբանակա՞ն է, Արթուր Ջավադյանը պատասխանեց. «Իհարկե` ոչ, այս երկրում չկա 10 մլրդ դոլար, որ դուրս գա: Դուք հավատո՞ւմ եք, որ Հայաստանում կա մի բիզնեսմեն, որ ունի այդքան գումար»: Հստակեցնող դիտարկմանը`այդ գումարը պատկանում է ոչ թե մեկ, այլ մի քանի բիզնեսմենների, ԿԲ նախագահը պատասխանեց. «Ես նման ինֆորմացիա չունեմ»:
Հարցին`իշխանափոխությունից հետո կապիտալի արտահոսք կա՞, Արթուր Ջավադյանը պատասխանեց`կանխիկ փողերի արտահոսքը ՀՀ-ից օրենքով արգելված է, սահմանափակում կա, իսկ ոչ կանխիկ ձեւով արտահոսքը ԿԲ-ն վերահսկում է: Արտառոց իրավիճակ չկա:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ ԱԱԾ պետի`սկանդալային բացահայտումների մասին խոստումներից: «Մենք այդ հարցերով չենք զբաղվում: Ինչ վերաբերում է ինֆորմացիոն փոխանակմանը, մենք ունենք որոշակի ինֆորմացիայի զանգված, որը փոխանակվում է, բայց հայտարարություններն ավելի շատ վերաբերում են տեռորիզմի ֆինանսավորմանը, փողերի լվացման ոլորտին: Որեւէ ինֆորմացիայի այդ մասով մենք չենք տիրապետում»,- պատասխանեց ԿԲ նախագահը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ