Հուլիսի 1-ից գործելու է կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը: Արդյոք հնարավոր է վերանայվի կուտակայինի համակարգը, լրագրողների այս հարցին ի պատասխան վարչապետ Փաշինյանը ՀՀ նախագահի նստավայրում երդմնակալությունից հետո ասաց. «Առաջիկայում տեղի կունենան քննարկումներ բոլոր շահագրգիռ մարմինների հետ: Մենք կտեսնենք, թե ինչ իրողություններ կան, որովհետեւ շատ կարեւոր է, որ մենք արձանագրենք իրողությունները եւ առաջարկենք կոնկրետ լուծումներ: Կարծում եմ, կառաջարկենք այնպիսի լուծումներ, որոնք ընկալելի կլինեն հանրության համար»:
Վարչապետը վստահեցրեց՝ իր համար ամենակարեւոր սկզբունքն այն է, որ ցանկացած որոշում, որը հանրային հետաքրքրություն է առաջացնում, պետք է հանրության հետ բաց քննարկվի. «Եթե կան փաստարկներ, որ մենք ինքներս մեզ համոզել ենք, որ ճիշտ կամ սխալ որոշում է, պետք է կարողանանք այդ փաստարկներով համոզել նաեւ հանրությանը»:
Ինչ վերաբերում է պարտադիր բաղադրիչի վերանայմանը, ասենք՝ վերացմանը, Փաշինյանն ասաց. «Պետք է քննարկվի, որովհետեւ հնարավոր է որոշակի գիծ է անցել: Ինչ-որ գումար կա, որ մարդիկ ասում են՝ չենք ուզում վճարել, որովհետեւ իրենց սոցիալական վիճակի վրա ազդում է: Հիմա այդ իրավիճակը կքննարկվի, կառաջարկվեն լուծումներ, որոնք հանրության համար ընկալելի կլինեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ