Արտահերթ ընտրություններն այս կառավարության եւ վարչապետի առաջնահերթություններից է: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախագահի նստվայրում ՀՀ վարչապետի եւ կառավարության անդամների երդմնակալությունից հետո: Նա վստահեցրեց՝ արտահերթ ընտրությունները առաջնային են, բայց դա չի նշանակում, որ դա միակ խնդիրն է.
«Կառավարությունը բնականոն պետք է գործի: Կառավարությունը ունի եւ ունենալու է երկարաժամկետ ծրագրեր: Ի վերջո, արտահերթ ընտրություններում այս կառավարությունը նույնպես հանդես է գալու: Ի՞նչ ֆորմատով, այլ խնդիր է»:
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի խոստացած կոռուպցիոն դեպքերի բացահայտումների մասին էլ Փաշինյանն ասաց, որ ԱԱԾ-ն եւ մյուս բոլոր մարմիները լիարժեք պետք է կատարեն իրենց գործառույթները. «Սրանով ամեն ինչ ասված է: ԱԱԾ տնօրեն արել է հայտարարություններ, երբ լինեն կոնկրետ գործողություններ, հանրությունը կիրազեկվի: Հույս ունեմ դուք հիմա չեք ակնկալում օպերատիվ տեղեկություններ բացահայտեմ»:
Հարցին՝ կան մարդիկ, որոնք հարկեր են թաքցնում, կամ ասենք՝ արտոնյալ են, սպառած գազի եւ հոսանքի գումարները չեն վճարում, արդյոք նրանք կբացահայտվեն, Փաշինյանն ասաց. «Եթե նույնիսկ բացահայտվի, որ իմ ընտանիքի անդամներն են նման բաներ անում, որեւէ բան չի փոխվի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ