«Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան հանդիպման ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն ասաց՝ «դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից», հանրության կողմից դա ընկալվեց որպես սպառնալիք, բայց ես այստեղ այլ՝ ավելի խորը իմաստ եմ տեսնում»,-«Կովկասի ինստիտուտում» այսօր Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումներին նվիրված քննարկման ժամանակ հայտարարեց «Շանթ» հեռուստաընկերության քաղաքական ծրագրերի հաղորդավար և «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: Նա շարունակեց վերոնշյալ միտքը. «Ասելով՝ «դուք դասեր չեք քաղել», նա ուզում էր ասել՝ «ես դասեր քաղել եմ Մարտի 1-ից, եւ այլեւս ոչ կարող եմ, ոչ ուզում եմ դա կրկնել»…Նրա այդ նախադասությունը հրաժարականի դիմումի պես մի բան էր»:
Արամ Աբրահամյանի խոսքով՝ ասել, որ Սերժ Սարգսյանի հանդեպ հասարակության խիստ բացասական վերաբերմունքն ամբողջովին արդար էր, ճիշտ չի լինի. «Եթե ես «ֆեյսբուքում» գրեմ, որ Սերժ Սարգսյանն ունի նաեւ արժանիքներ, պատկերացնո՞ւմ եք՝ քանի՞ հազար հայհոյանք կգրվի այդ գրառման տակ…Բայց ես շարունակում եմ այդպես մտածել: Ինչո՞ւ էին նախորդ երկու նախագահները նրան նշանակել Պաշտպանության նախարարի պաշտոնում, ուրեմն՝ նա համապատասխան արժանիքներ ուներ»:
Արամ Աբրահամյանի համոզմամբ՝ հայաստանյան հասարակության վերաբերմունքը եւ դժգոհությունը երեք նախագահների հանդեպ էլ գրեթե նույնն է եղել. «1996թ. ամռանը, երբ սպասվում էին նախագահական ընտրություններ, Վանո Սիրադեղյանն ինձ ասաց՝ «բայց ժողովուրդը հոգու խորքում Լեւոնին սիրում է»: Սակայն այդպիսի բան երբեք չկար, համենայն դեպս, 1991թ. հետո»: Ըստ բանախոսի, 26 տարվա ընթացքում իշխանություններն ադեկվատ չէին գնահատում իրավիաճկը, չէին հասկանում իրենց հանդեպ ատելության խորությունը:
Ինչ վերաբերում է ՀՀ նոր իշխանությանը, Արամ Աբրահամյանը շեշտեց. «Այն վայելում է հասարակական մեծ վստահություն, լեգիտիմության բարձր աստիճան ունի: Այս պահին ունենք իշխանություն, որին հավատում են ու սիրում, եւ այդ իշխանությունը կարող է դրակալ քայլեր իրականացնել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ