Սույն թվականի մայիսի 21-ին` ՀՀ ԳԱԱ նախագահությունում, տեղի ունեցավ հայ մեծանուն գիտնական, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Սերգեյ Մերգելյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների և միջազգային գիտաժողովի բացումը:
«Այս միջոցառման հիմնական նպատակն է նշել Սերգեյ Մերգելյանի հսկայական ծառայությունները մաթեմատիկական գիտության զարգացման գործում, նրա փայլուն կազմակերպչական գործունեությունը` ուղղված գիտակազմակերպչական, գիտատեխնիկական կառույցների ստեղծմանը: Նա 1950-60-ական թվականներին մաթեմատիկական գիտության տիեզերքում փայլեց որպես աստղ, որը լուսավորեց շատ երիտասարդների ուղին գիտության ասպարեզում: Նա 21 տարեկանում արժանացավ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճանի: Այդ տարիներին նա ուներ շատ բարձր գիտական հեղինակություն: Եվ այդ պատճառով նրան վստահվեց կազմակերպել Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական հսկա կառույցը: Մեծ է Սերգեյ Մերգելյանի ավանդը նաև Գիտությունների ազգային ակադեմիայի զարգացման գործում: Այսօր աշխարհի տարբեր գիտական կենտրոններում եթե հայտնի են Հայաստանի գիտության նվաճումները, առաջին հերթին դրանք կապված են Վիկտոր Համբարձումյանի և Սերգեյ Մերգելյանի անվան հետ»,- իր ողջույնի ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Ապա նա ընթերցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը.
«Գիտությունների ազգային ակադեմիայի մեծարգո նախագահ,
Գիտաժողովի հարգելի մասնակիցներ,
Տիկնայք և պարոնայք,
Ուրախալի է, որ մեկ միջավայրում են հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ինչը վկայում է, որ անկախ ամեն ինչից, գիտությունը մեզանում ոչ թե տեղապտույտի, այլ զարգացման ընթացքի մեջ է:
Ավանդաբար գիտության ասպարեզ են մտնում այն մարդիկ, ովքեր գիտակցում են իրենց կոչումն ու առաքելությունը, ովքեր հավատում են, որ գիտության արժեքը երբեք չի նսեմանում, ովքեր նաև էնտուզիաստներ են: Սերգեյ Մերգելյանը, անշուշտ հենց այն անհատն ու գիտնականն էր, ով ոչ միայն գիտեր այդ արժեքը, այլև իր ողջ կյանքով ու գործունեությամբ զարգացրեց գիտությունը` բարձրացնելով ու բարձրության վրա պահելով հայ գիտական միտքը: Նա բացառիկ ավանդ ներդրեց ոչ միայն Հայաստանի գիտության, այլև տնտեսության մեջ:
Սերգեյ Մերգելյանի աստեղային ժամը սկսվեց շատ վաղ, երբ ընդամենը երկու տասնամյակը բոլորած երիտասարդ մաթեմատիկոսը միանգամից դարձավ գիտության դոկտոր` դրանով իսկ աշխարհին բեկումնային քայլերի նախապատրաստելով մաթեմատիկայի ոլորտում: Այսօրվա գիտաժողովի մասնակիցների լայն աշխարհագրությունը խոսուն վկայություն է, որ Մերգելյանի անունը լայնորեն հայտնի է համաշխարհային գիտական հասարակությանը: Իր գիտական բեղուն և հիմնարար գործունեությամբ Սերգեյ Մերգելյանն այսօր էլ մնում է հայկական մաթեմատիկական դպրոցի լավագույն այցեքարտը: Պատահական չէ, որ հենց նա դարձավ համամիութենական խոշոր գիտական կենտրոններից մեկի` Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր տնօրենը: Պատահական չէ, որ մինչև այսօր էլ մայրաքաղաքի այդ կառույցը կոչում ենք Մերգելյան ինստիտուտ:
Սերգեյ Մերգելյանն այն շտեմարանն էր, որ մշտապես լեցուն էր մտքի արգասիքով, որից այսօր էլ օգտվում են տարբեր սերունդների գիտնականները: Նրա օրինակն ամենավառ ապացույցն է, որ մեր ամենաարժեքավոր հարստությունն ու բնական պաշարը մարդկային միտքն է: Մանավանդ` գիտության զարգացումը կարևորագույն գործոն է պետության առաջընթացի համար: Ուրեմն, միասին, համատեղ ամեն ինչ պիտի անենք, որ այդ ասպարեզում երբեք ներկայության պակաս չլինի: Դա նաև մեր ամենամեծ ու մնայուն հարգանքի տուրքը կլինի մեծանուն գիտնական Սերգեյ Մերգելյանի թե վաստակին, թե նրա հիշատակին:
Մաղթում եմ բոլորիդ հաջողություններ, իսկ գիտաժողովին` արգասաբեր աշխատանք»:
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի ուղերձն ընթերցեց Գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը: Սերգեյ Մերգելյանի կյանքի և գործունեության մասին ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Գեղամ Գևորգյանը, Արման Քուչուկյանը, Նորայր Առաքելյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Եվրոպական մաթեմատիկական միության փոխպրեզիդենտ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Արմեն Սերգեևը, պրոֆեսոր Մհեր Տեր-Միքայելյանը, ԱՄՆ-ի Օհայո նահանգի Կենթի պետական համալսարանի պրոֆեսոր Վոլոդիմիր Անդրևսկին, ԱՄՆ-ի Հարավային Ֆլորիդայի համալսարանից Արթուր Դանիելյանը, Սան Անտոնիոյում Տեխասի համալսարանի Էներգետիկայի ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Սոս Աղայանը:
Սերգեյ Մերգելյանի կրտսեր որդին` Սերգեյ Մերգելյանը, շնորհակալություն հայտնեց հոր հիշատակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին, հյուրերին, կազմակերպիչներին միջոցառումների կազմակերպման և մասնակցության համար:
«Հատկապես նշանակալից է, որ այս միջոցառումն անցկացվում է Երևան քաղաքում, Հայաստանի հողում, որին իր եռանդը և ամբողջ էներգիան նվիրել է հայրս: Նրա երազանքն էր, որպեսզի Հայաստանը դառնա առաջատար գիտական կենտրոն, և ես ուրախ եմ, որ սա կատարվում է, որովհետև գիտաժողովն այդ քայլերից մեկն է, և անցած ուղին ևս հարուստ է իրադարձություններով: Ես հպարտ եմ նրանով, որ հայրս ձեռք է բերել արդյունքներ, և բազմաթիվ երիտասարդներ ցանկացել են հետևել նրա ուղուն: Հայրս միշտ ասում էր, որ աշխարհում ամենագեղեցիկ բանը մաթեմատիկան է: Դիմելով գիտաժողովի արտասահմանյան մասնակիցներն` որպես այդ գեղեցկությանը ծառայողների, կմաղթեի, որպեսզի գնահատեիք նաև Հայաստանի գեղեցկությունը»,- իր խոսքում ասաց Սերգեյ Մերգելյանի որդին:
Սերգեյ Մերգելյանի 90-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովին մասնակցում է շուրջ 80 գիտնական Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իրանից, Հնդկաստանից, Իսրայելից, Չեխիայից, Շվեդիայից, Վրաստանից, Խորվաթիայից, Սաուդյան Արաբիայից և այլ երկրներից: Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև մայիսի 25-ը: Հոբելյանական միջոցառումների շրջանակներում ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի շքամուտքին կփակցվի Սերգեյ Մերգելյանի հուշատախտակը:
Հոբելյանական միջոցառումները կազմակերպել են` ՀՀ ԳԱԱ նախագահությունը, Երևանի պետական համալսարանը, Հարավային Ֆլորիդայի համալսարանը, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, Հայկական մաթեմատիկական միությունը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Վ. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտը` ՀՀ կառավարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության աջակցությամբ:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն