Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղեղի նման խնդիրները լցվում են մեր կառավարության գլխին»․ Տարածքային կառավարման նախարար

Մայիս 21,2018 17:25

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը շատ է կարևորում երկրի համաչափ զարգացումը։

«Հայաստանում այսօր հավասարակշռված չէ այդ զարգացումը, պիտի փորձենք ամեն ինչ անել, հավասարակշռել։ Եվ մայրաքաղաքում առկա այն ռեսուրսը, որը հնարավոր է տեղափոխել մարզեր, կամ դրսից եկող ներդրումային ծրագրերը, որոնք գալիս են, հիմնականում կենտրոնանում են Երևանում, մենք պետք է ամեն կերպ օժանդակենք, ուղղորդենք, որ այդ մարդիկ գան ու ներդրում անեն մարզերում»,-ասաց նորանշանակ նախարարը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Գյումրին, լինելով երկրորդ քաղաքը, ունի ընդամենը 3 միլիարդ դրամ բյուջե, մի քանի անգամ պակաս Երևանից, նախարարն ասաց․ «Գիտեք, դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Մենք ամեն դեպքում ամեն ինչ պետք է փորձենք անել, որ այդ հավասարակշռությունը վերականգնվի»։

Սուրեն Պապիկյանը որպես համայնքների հավասարաչափ զարգացման առաջին քայլ՝ մատնանշում է այն մթնոլորտի ձևավորումը, որ համայնքապետն ու ավագանին այսուհետ հասկանան, որ համայնքի կողմից ընտրված մարմին են։ Նրանք, ըստ նախարարի, պիտի գիտակցեն, որ ոչ մի պարտավորություն չունեն կատարելու կուսակցական հրահանգներ ու դառնալ ձայն հավաքագրող։ Նախարարի ասելով, նրանք համագյուղացիների շահերը չպիտի ստորադասեն այլոց շահերին։

Սուրեն Պապիկյանը համայնքների խոշորացման մասին ասաց․«Մեր դիրքորոշումը հետևյալն է․ յուրաքանչյուր խոշորացում պետք լինի հանրային լսումների, հասարակության հետ զրույցների, փոխըմբռնման արդյունքում։ Չի կարող կամայական որոշվել, որ երկու համայնք միավորվում են, որովհետև այդպես նպատակահարմար է։ Այդ երկու համայնքների բնակիչերն իրենք պետք է գիտակցեն, որ այդ երկու համայնքների միավորումը բխում է իրենց համայնքների շահերից»։

Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է միավորված համայնքներն անջատվեն, նախարարն ասաց․ «Դրա համար պիտի կարևորենք մի սկզբունք․ համայնքի տնտեսական զարգացումը պիտի դառնա առաջնային։ Ենթադրենք՝ օրինակ Ամասիա խոշորացված համայնքի գյուղերից մեկն ուզում է առանձնանալ ու դրա համար բերում է օբյեկտիվ պատճառներ։ Ասում է՝ գիտեք մեր համայնքը չի կարող լինել մյուս համայնքների կազմում, մեր հողերը շատ են, բազմաթիվ պատճառաբանություններ կան։

Մեր սկզբունքը հետևյալն է՝ եթե ցանկանում են ցույց տալ, որ իրոք ինքնուրույն համայնք են, ապա անասնագլխաքանակը, կոնկրետ Շիրակի մարզում ոչխարաբուծության մակարդակով կրկնապատկեք։ Ցույց կտաք, որ ասենք Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանել եք x թվով, x գլխաքանակով ոչխար և դա ձեր համայնքային բյուջեն կդարձնի ինքնաբավ։ Խնդրեմ, առանձնացեք, ինչի մասին է խոսքը։ Բայց երբ չկա ռեսուրս, համայնքներն իրենք իրենցով, անգամ պետության կողմից դոտացիա ստանալով, չեն կարող լուծել տարրական խնդիրներ, այս պարագայում խոսել չմիավորվելու մասին զուտ նրա համար, որ հարևան գյուղի x բնակչի հետ հարաբերությունները վատն են կամ տասնամյակներ շարունակ իրենք ֆուտբոլային խաղերում պարտվել են ու դա բերել է ինչ-ինչ հարաբերությունների վատացման, սրանք լուծելի խնդիրներ են։ Պիտի հասկանանք, որ տեղայնական, լոկալ հայրենասիրությունն այլևս պիտի բացառվի։ ՀՀ զարգացումը պիտի լինի յուրաքանչյուրիս նպատակը, յուրաքանչյուրիս սրբազան գործը»։

Թե ո՞րն է եղել առաջին խնդիրը, որ փորձել են լուծել, նախարարն ասաց․ «Հասարակության մեծ մասը ունի խնդիրներ, վախեցել է դրանք բարձրաձայնել, որովհետև լուծում չի տեսել։ Հիմա, երբ որ տեսնում է կառավարություն, որը պատրաստակամ է դրանք կատարել, հեղեղի նման բոլոր խնդիրները լցվում են մեր կառավարության գլխին։ Իհարկե, մենք հասկանալով մարդկանց, բնականաբար համբերատար, այդ խնդիրներին փորձում ենք լուծում տալ, համակարգում ենք դրանք։

Վարչապետը հանձնարարական էր տվել մեր նախարարությանը զբաղվել բոլոր խնդիրներով։ Հիմա մեր մոտ արագ արձագանքման խումբ է ձևավորվել, արձագանքման խումբն ընդունում է այդ նամակները, խնդիրները համակարգում է։ Ես դրանք բաշխում եմ ըստ ոլորտների։ Եթե դրանք մեր նախարարության իրավասություններից դուրս են, ապա դրանք ուղղվում են մեր կառավարություն և գնում են համապատասխան նախարարություններ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031