Սպիտակի Գերմանական թաղամասի տնակներից մեկում բնակվող 18-ամյա Կարեն Արղամանյանը այն եզակի երիտասարդներից է, ով ակտիվորեն հետևում է համայնքի աշխատանքներին, մասնակցում ավագանու նիստերին, հանդես գալիս սեփական առաջարկություններով: Կարևորելով քաղաքացիների մասնակցությունը համայնքի աշխատանքներին` միևնույն ժամանակ սրտնեղում է. բոլորը չէ, որ մտահոգված են կամ հավատում են, որ իրենց առաջարկությունները տեղ կհասնեն:
«Փորձում եմ ընկերներիս ինձ հետ տանել ավագանու նիստեր, սակայն չեն գալիս, ասում են`իրենց բանի տեղ դնող չի լինի: Խնդիրն այն է, որ իրազեկված չեն ու չգիտեն` ինչի՞ց կարող են օգտվել: Առաջարկություններ չեմ ներկայացնում միայն մի պատճառով` չեմ կարողանում ապահովել անհրաժեշտ 50 և ավելի քաղաքացիների մասնակցությունը»,- ասում է Արղամանյանը:
Կարեն Արղամանյանը նշում է. քաղաքացիների մոտ ինքնավստահության պակաս կա, անտեղյակ են օրենքներից ու իրավունքներից: «Հավատացած եմ, եթե 20-30 հոգով մեր քաղաքապետին ծրագիր ներկայացնենք, նա չի մերժի»,- կարծում է Արղամանյանը:
https://www.youtube.com/watch?v=vTDoTGHNw6g
Մինչդեռ Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը նշում է. ավագանու նիստերը բաց են՝ համայնքի բնակիչներն են պասիվ: ՀԿ-ին ծանուցումներ են ուղարկում, տեղեկացնում կայանալիք նիստերի մասին:
«Եթե նույնիսկ գալիս են, ապա անտարբերություն ու պասիվություն եմ նկատում: Սպիտակի բնակչությանը քաղաքում ծախսվող գումարները հետաքրքիր չեն: Մարդիկ խնդիր ունեն, գալիս է ամսվա վերջը, մտածում են՝ կոմունալ ծախսերը ո՞նց վճարեն»,- ասում է արդեն տասը տարի Սպիտակ համայնքը ղեկավարող Գագիկ Սահակյանը:
Հասմիկ Դիլանյան
Նյութի մանրամասները կարդացեք urbnews.com–ի կայքում