«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը համամիտ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն բանաձևի հետ, թե ստացվում է, որ հիմա «Սասնա ծռերի» համախոհները դժգոհ են և բողոքում են այս իշխանություններից, այնինչ այնպիսի գործողությունների մասին է խոսքը, որոնք արվել են նախկին իշխանությունների կողմից: Տիկին Ալավերդյանը համաձայն է պարոն Փաշինյանի հետ, որ հարցը պահանջում է ոչ թե քաղաքական լուծում, այլ իրավական:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տիկին Ալավերդյանը պարզաբանեց. «Ի տարբերություն կառավարության փոփոխության, որը քաղաքական որոշում էր, այս հարցերը մնում են իրավական դաշտում»:
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը համոզված է՝ արդար դատավարության իրավունքների պաշտպանությամբ կարելի է թացը չորից տարբերակել, հստակեցնել, հարցը լուծել իրավական ճանապարհով. «Այնտեղ նաև Եղնուկյանն է, կան մարդիկ, որոնք վստահություն ունեցող անձինք են: Եղնուկյանը զենք էլ չի ունեցել ձեռքին»:
Հարցին՝ ո՞րն է Լարիսա Ալավերդյանի կոչը «Սասնա ծռերի» համախոհներին, տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Իմ կոչը միշտ եղել է իշխանությանը: Պետք է իրոք շատ արագ իրականացվի դատավարությունը, և համոզված եմ, որ այն կբերի փոփոխության, քանի որ դատավարության հանդեպ կա դժգոհություն: Պետք է շարժման ղեկավարները հետները հանդիպեն, ոչ թե օնլայն, այլ գնան ու հանդիպեն այդ անձանց: Այդ պահանջը միշտ եղել է բողոքող զանգվածի կողմից, և այդ խնդիրը պետք է լուծվի նույն պահանջների տրամաբանությամբ»: «Առավոտի» կողմից հիշեցնենք, որ նման հանդիպում արդեն եղել է:
Անդրադառնալով բողոքող քաղաքացիների դեմ ուժի կիրառմանը՝ տիկին Ալավերդյանը` նկատեց. «Ոստիկանությունը և իշխանությունը ընդհանրապես ուժ կարող են կիրառել, ուղղակի համաչափության խնդիրն է: Իսկ բողոքները, համոզված եմ, պիտի շարունակվեն: Ուղղակի դա չպետք է բերի կաթվածահարման աշխատանքներին»:
Այն, որ բողոքող քաղաքացիները փակել են դատախազության դուռը և պահանջում են հենց այդ պահին ազատ արձակել «Սասնա ծռերին», տիկին Ալավերդյանն այս առիթով նկատեց՝ տեղին չեն կտրուկ և անմիջական պահանջները, որոնք վերաբերվում են իրավական դաշտին:
Տիկին Ալավերդյանը նշեց, որ ուժի կիրառումը թույլ չի տալիս «Սասնա ծռերին» համարել խղճի բանտարկյալ և հիշեցնելով Amnesty International-ի այն հայտարարությունը, թե չենք կարող «Սասնա Ծռերի» դեպքերի մասնակիցներին համարել խղճի բանտարկյալ, քանի որ առկա է եղել բռնություն, ասաց. «Այստեղ հստակեցվում է՝ թե′ մարդու իրավունքների, թե′ ՄԱԿ-ի կանոնադրությամբ միջազգային պայմանագրերի ուժի կիրառումը, որը տեղի է ունեցել «Սասնա ծռերի» մոտ, թույլ չի տալիս նրանց համարել խղճի բանտարկյալներ: Եվ դա բոլորովին չի վերացնում մի ուրիշ խնդիր, արդյոք արդար դատավարությո՞ւն է գնում «Սասնա ծռերի» նկատմամբ: Ինչքան էլ, ով էլ ասի՝ արդար դատավարության իրավունքները բազմազան ձևերով ոտնահարվում են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ