Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունը մինչդատական հետաքննությունների միասնական ռեեստր է մտցրել ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերության դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ տվյալներ՝ Ուկրաինայի 161-րդ հոդվածի առաջին մասով: Վերոնշյալ հոդվածը որակավորվում է որպես «քաղաքացիների իրավահավասարության խախտում՝ կախված նրանց ռասսայական, ազգային պատկանելությունից կամ կրոնի հանդեպ վերաբերմունքից»: Այս մասին հաղորդում է Ուկրաինայում գործունեություն ծավալող «Հայկական նախաձեռնություն» հիմնադրամի կայքը:
Կայքը հիշեցնում է, որ 2018թ փետրվարի 25-ին Ուկրաինայում գործող SOCAR-ի ցանցերով հեռարձակվել է սլայդ շոու, որում խեղաթյուրվել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետ կապված փաստեր: Մասնավորապես, Հայաստանը ներկայացվել է որպես «զավթիչ երկիր», իսկ հայկական զորքերի գործողությունները համեմատվել են 1945թ․ Հիրոսիմայում և Նագասակիում ԱՄՆ-ի զինուժի գործողությունների հետ, որի հետևանքով զոհվել է շուրջ 246 հազար մարդ:
«Հայաստանի հասցեին հնչող հերյուրանքը, որը տարածում է SOCAR-ը, ոչ միայն չի համապատասխանում իրականությանը և խախտում է բոլոր միջազգային նորմերը, այլ նաև նպաստում է Ուկրաինայում ազգամիջյան թշնամանքի հրահրմանը: Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան անգործության և Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի կողմից արձագանքի բացակայության պատճառով «Հայկական նախաձեռնություն» հիմնադրամը դիմել է Ուկրաինայի ՆԳՆ-ին՝ տվյալ միջադեպը հետաքննելու պահանջով»,- գրում է կայքը:
Նշվում է նաև, որ հիմնադրամի ղեկավարությունն իր հերթին իրավունք է վերապահում պաշտոնապես դիմելու Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին հետևյալ հարցով. «Արդյոք Հայաստանի դեսպանատունը պարտավոր է արձագանքել Հայաստանի դեմ ցանկացած ոչ բարեկամական քայլերին և ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ Հայաստանի ազգային շահերը, ինչպես նաեւ հայերի պատիվը պաշտպանելու համար՝ անկախ բնակության վայրից»:
Հաղորդագրության համաձայն՝ հիմնադրամը կծանուցի հետաքննության հետագա ընթացքի վերաբերյալ։
Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ