Ամասիայում բրդի արտադրության ծրագրի մեկնարկին մասնակցող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե կա՞ կոնկրետ թեկնածու Շիրակի մարզպետի պաշտոնի համար, ո՞ւմ թեկնածությունն է այս պահին քննարկվում։
Լրագրողները հիշեցրեցին, որ այս թեման շիրակցիների կողմից ամենաքննարկվողն է, նրանցից շատերին ամենահետաքրքրողը։ Նշենք, որ այս օրերին տարբեր անուններ են շրջանառվում թե՛ կուսակցականների, և թե՛ անկուսակցականների շրջանակից։
Նախարարն ասաց, որ մի անգամ արդեն անդրադարձել է այս թեմային ու հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ վարչապետն առաջարկություն է անում կառավարությանը, կառավարությունն էլ հաստատում է։
«Թեկնածուներ չկան, վարչապետը կառաջարկի, կառավարությունը կհաստատի»,-ասաց նախարարը։
Մենք հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է ապակուսակցականացնել մարզպետի պաշտոնը, նախարարն ասաց․ «Այս պահին ոչ, հեռավոր ապագայում չեմ բացառում»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ