29 տարի շարունակ պարալիմպիկ մարզիկ Ստաս Նազարյանը, որը 2018 թվականին ներկայացրեց Հայաստանը Փհենչանի պարալիմպիկ խաղերում, հաճախում է «Փյունիկ» հաշմանդամների բարեգործական միություն։ Ստասը միություն է գալիս ոչ միայն մարզվելու, այլ մարզելու և օգնելու ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երիտասարդներին։ Այս անգամ նրա հետ էր 23-ամյա Հովիկը։ «Փյունիկի» մարզադահլիճում սկսում են իրենց մարզումները, Հովիկը բարձրացնում է ծանրաձողը, որի կիլոգրամները գնալով ավելանում են։ Այնուհետև նրանք ցույց են տալիս բոչա խաղը, որը հիմնականում անվասայլակի վրա նստած մարդիկ են խաղում։ Ստասն ասում է, որ Հովիկը, շնորհիվ իր քրտնաջան աշխատանքի, այս խաղում բավականին լավ արդյունքներ է գրանցում։
«Պարալիմպիկ մարզիկները այստեղ հաճախելով իրենց զգում են հասարակության լիիրավ անդամներ և ընդհանրապես ազատվում են բարդույթներից: Այն մարզումները, որ մենք անցկացնում ենք այստեղ, բավականին օգուտ են տալիս, բացի այդ չենք ներփակվում մեր մեջ, շփվում ենք միմյանց հետ, ձեռք ենք բերում նաև լավ ընկերներ»,- ասաց Ստաս Նազարյանը:
Բացի պարալիմպիկ մարզիկներից, «Փյունիկ» հաշմանդամների միություն են հաճախում նաև բազմաթիվ երեխաներ, ովքեր ունեն տարբեր խնդիրներ, այդ թվում՝ լսողության խանգարումներ, ֆիզիկական և հոգեբանական խնդիրներ և այլն։
«Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը ունի գրանցված ավելի քան 3000 շահառու, որոնց գերակշիռ մասը երեխաներ են։Նրանց հետ այստեղ աշխատում են հոգեբաններ, լոգոպետներ, հատուկ մանկավարժներ՝ «վաղ միջամտություն» ծրագրի շրջանակներում»,- պատմեց «Փյունիկ»-ի սոցիալական աշխատող Լիլիթ Դզողյանը: Չնայած այս խնդիրներին և կյանքում հանդիպած դժվարություններին, երեխաների աչքերում կարելի էր տեսնել մեծ սեր ու ջերմություն:
Նարինե Ազարյանը, որի երեխան արդեն 6 տարի է հաճախում է «Փյունիկ», ասում է, որ թե´ իր, թե´ մնացած բոլորի երեխաների վրա դրական է ազդում ոչ միայն միության ներսում կատարվող աշխատանքները, այլև միությունից դուրս կազմակերպվող ամառային և ձմեռային ճամբարները։ Ինչ վերաբերվում է ֆինանսական միջոցներին, «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանն ասաց, որ դրանք ստանում են հիմնականում Սփյուռքից, անհատ հովանավորներից, նաև ծրագրային ֆինանսավորում են ստանում Եվրամիությունից:
«Փորձում ենք ազնվորեն աշխատել մեզ ֆինանսավորող մարդկանց ու կազմակերպությունների հետ: Ցանկանում ենք հնարավորինս օգնել ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Նրանց տրամադրում ենք սայլակներ, հենակներ և այլ պարագաներ»,-ասաց Հակոբ Աբրահամյանը:
Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարդկանց գլխավոր խնդիրը կապված է աշխատանք գտնելու հետ: «Փյունիկ» միությունը որոշ չափով լուծում է նաև այս խնդիրը: Այստեղ մանկավարժների թվում կարելի է տեսնել հաշմանդամություն ունեցող մարդկանց, ովքեր իրենց հոգատարությամբ շրջապատում են երեխաներին:
Լիանա Եղիազարյան
Աննա Բզնունի
Լուսանկարը՝ Ստաս Նազարյանի ֆեյսբուքյան էջից