«Հասկանալի է, որ ժողովրդական շարժման օրերին հակառակորդի կողմից տեխնիկայի տեղաշարժ է եղել: Ադրբեջանը կոլապսի էր սպասում՝ մեր երկրի ղեկավարման համակարգի փլուզմանը»,-«Կովկասի ինստիտուտում» այսօր Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումներին նվիրված քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ, «Կովկասի ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա բնորոշմամբ՝ այժմ ճնշում է տեղի ունենում Ադրբեջանի վրա՝ միջազգային հանրության բոլոր ուժային կենտրոններից, որպեսզի վերջինիս կողմից արտակարգ իրավիճակներ չձեռնարկվեն. «Սակայն դա մշտապես չի կարող շարունակվել, ռիսկեր կան»:
Անդրադառնալով նորընտիր վարչապետի քաղաքական թիմի անդամների՝ նախարարների պաշտոններում նշանակվելուն, քաղաքագետը նկատեց՝ առավել առանցքային պաշտոններում, ասենք՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների, պաշտպանության նախարարի պաշտոններում մասնագետներ նշանակվեցին, ինչը չես ասի մյուս պաշտոնների մասին. «Այլ է հարցը՝ որքանո՞վ են Փաշինյանի թիմում հասկանում, թե ով որքանով է մասնագետ: Մասնագետ լինելու գիտակցությունը չկա, նրանք ընտրության խնդիր ունեն: Թե առաջիկայում ինչ փոփոխությունների մասին է խոսք գնալու եւ ինչպես են դրանք իրականանալու, հիմնականում պարզ չէ»:
Դառնալով «Իմ քայլը» շարժմանը՝ Ալեքսանդր Իսկանդարյանն ընդգծեց. «Նման հեղափոխությունները տեղի չեն ունենում բռնապետության համբավ ունեցող երկրներում: ՀՀ-ի պարագայում, երբ մայրերը մանկասայլակներով փողոց են փակում, վստահություն կա, որ սայլակի վրայով տանկ չի անցնի: Այլ երկրների պարագայում նման համոզմունք չկա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ