Համայնքների խոշորացումը միշտ եղել է խնդրահարույց՝ բովանդակային, քաղաքական ու դրա իրականացման իրավաչափության, այդ թվում՝ համայնքների լսված լինելու իրավունքի ապահովման տեսանկյուններից։
Առ այսօր չկա խոշորացումը հիմնավորող գործնականով փաստարկված ապացույց։
Նախկինում, երբ համայնքների խոշորացում էր իրականացվում, Հայաստանի շատ ու շատ համայնքներում մարդիկ դժգոհում էին, այդ թվում ճանապարհներ էին փակվում։ Սակայն նրանց ձայնն այդպես էլ հաշվի չէր առնվում։ Ի դեպ, հեղափոխությանը մեծ դերակատարում են ունեցել հատկապես խոշորացված համայնքների բնակիչները։
Համայնքի բնակիչների ու համայնքների լսված լինելու իրավունքը սահմանված է նաև Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայով։ Խոշորացման նախորդ երկու փուլերն իրագործելիս անտեսվել է այդ իրավունքը։ Այդ պարտավորությունը կառավարությանն է՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, նախքան խոշորացման գործընթաց նախաձեռնելը։
Դրանից բացի, ՀՀ Սահմանադրության 190-րդ հոդվածը սահմանում է. «Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը»։ Իսկ Սահմանադրության 180-րդ հոդվածը սահմանում է, որ համայնքը բնակիչների հանրություն է։ Այս դրույթներն օրենսդրական մակարդակում ամրագրում դեռևս չունեն։ Առանց դրա որևէ որոշում իրավաչափ չի կարող լինել։ Ուստի վիճահարույց են նաև նախորդ խոշորացումները։
Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարն անդրադարձել է համայնքների խոշորացման ծրագրին և նշել, որ «Միավորվող համայնքների բնակիչներն իրենք պետք է հասկանան, որ միավորումը բխում է իրենց համայնքների շահերից: Դրա համար պետք է կարևորենք հետևյալ սկզբունքը՝ համայնքների տնտեսական զարգացումը պետք է լինի առաջնային»։
Ցավալի կլինի տեսնել, որ ՀՀ Ազգային ժողովում խոշորացմանը նախկինում դեմ քվեարկած «Ելք» խմբակցությունն իշխանություն ստանձնելուց հետո փոխի իր դիրքորոշումը։ Դաշնակցությունն արդեն այդպես վարվել է։
Տպավորություն է, որ նոր կառավարությունն այստեղ նույնպես մտադիր է ստանձնել նախորդ կառավարության քաղաքականության շարունակականությունը։
Հեղափոխությունը ենթադրում է քաղաքականությունների ու գործելաոճի փոփոխություն։ Առանց դրա մենք գործ ունենք միայն իշխանափոխության հետ։
Իսկ քաղաքականությունների ու գործելաոճի փոփոխություն հնարավոր է միայն քաղաքականությունների մշակման մասնակցայնության ապահովման ու խորհրդակցությունների միջոցով, որը, ի դեպ, տեղական ինքնակառավարման դեպքում, նույնպես սահմանված է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայով։
Էմին Երիցյան
Հայաստանի համայնքների միության նախագահ