Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Սանասարյան. «Ամուլսարի սեփականատերը միջազգային դատարան չի գնա, նախագիծը խարդախություններով է մշակված»

Մայիս 21,2018 15:16

Բնապահպանության նորանշանակ նախարար Էրիկ Գրիգորյանը որպես փորձագետ Ամուլսարի շահագործմանը դեմ է եղել, մանրամասն նկարագրել է վտանգները, ասել, որ հանքի շահագործման նախագիծը փորձաքննության չի ենթարկվել, սակայն, երբ դարձել է Կարեն Կարապետյանի խորհրդական, Ամուլսարի շահագործմանը կողմ է արտահայտվել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե բնապահպանության նոր նախարարից բնապահպաններն ինչ ակնկալիքներ ունեն, արդյոք Էրիկ Գրիգորյանը կգնա բնապահպանների պահանջներին ընդառաջ եւ հանքարդյունաբերության որոշ նախագծեր կչեղարկի:

Հակոբ Սանասարյանի համոզմամբ, ավելի լավ է ակնկալիք ունենալ վարչապետից, քանի որ նախարարն իր կարծիքը հարմարեցնելու է վարչապետի տեսակետին:

Պարոն Սանասարյանը գտնում է, որ նոր կառավարությունը պետք է Ամուլսարի նախագիծն ընդհանրապես չեղարկի, քանի որ այն շահագործելու դեպքում կենսաբազմազանությանը մեծ եւ անդառնալի վնասներ են հասցվելու. «Մի կողմից Որոտան եւ Արփա գետերն է ոչնչացնելու, որի ջրային հոսքը տարեկան մեկուկես միլիարդ խորանարդ մետր է, եւ աղբյուրներն են աղտոտվելու, այդ ջրերը գնում են դեպի ոռոգման համակարգ: Մյուս կողմից՝ Կետչուտի ջրամբարով դեպի Սեւանա լիճ է գնում բոլոր իր աղետալի հետեւանքներով: Այնտեղ նաեւ կան ռադիոակտիվ տարրեր, թորիում, սնդիկ: Նախագծում նաեւ նշված է, որ այնտեղ նվազելու է կենսազանգվածը: Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ են ոչնչանալու, թռչունները կորցնելու են իրենց կերերի բազաները: Հանքարդյունաբերության դեպքում կորուստներ կլինեն, բայց այդ կորուստը պետք է լինի տանելի: Կորուստը պետք է լինի այնպես որ որոշ չափով բուժվի, վերականգնվի: Ես հույս ունեմ, որ վարչապետն այս խնդիրները կքննարկի եւ ճիշտ լուծում կտա»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հակոբ Սանասարյանը գտնում է, որ չեղարկելու դեպքում հանքի սեփականատերը չի կարող դիմել Միջազգային դատարան, ինչպես որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էր պատճառաբանում, թե միջազգային դատարան դիմելու դեպքում ընկերությունը հսկայական տույժ տուգանքներ կպահանջի Հայաստանից. «Նրանք այդ հնարավորությունը չունեն, քանի որ նախագիծը խախտումներով ու կեղտոտ խարդախություններով է կազմված»:

Բնապահպանի կարծիքով, որպեսզի չունենանք այդ խնդիրները, որոնք այսօր առկա են հանքարդյունաբերության ոլորտում, պետք է
հանքարդյունաբերությունը փոխարինենք գյուղատնտեսության զարգացմամբ. «Մենք կորցնում ենք Հայաստանի Հանրապետության հողատարածքները հավերժորեն, դրանք աղտոտվում են ծանր մետաղներով, մենք կորցնում ենք մեր ջրային ռեսուրսները, սարերի կատարները, որոնք ջրագոյացման համար անփոխարինելի դեր են կատարում, ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելով ոչնչացնում են մշտական աշխատատեղերը, հանքարդյունաբերությունն ի չիք է դարձնում գյուղատնտեսությունը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031