Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամբողջովին նոր օրենք է պետք գրել». Աշոտ Մելիքյանը՝ հեռարձակման ոլորտում փոփոխությունների մասին

Մայիս 21,2018 15:08

«Ամբողջովին նոր օրենք է պետք գրել»,- «Մեդիա կենտրոնում» անդրադառնալով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքին՝ հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նա փաստեց, որ հեռարձակման ոլորտում տիրող բարքերն ու հարաբերությունները արմատապես վերանայելու անհրաժեշտություն ունեն. «Այդ ամենը պետք է սկսել նոր օրենք ստեղծելուց: Ամբողջովին նոր օրենք է պետք գրել»:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի համոզմամբ՝ ԶԼՄ-ների ոլորտում բարեփոխումների առաջին քայլը պետք է լինի մարզային հեռարձակողների հարցը, որոնք չունեն թվային հեռարձակման արտոնագիր. «Հստակ պատկերացում ունեն փորձագետները. կա հնարավորություն ստեղծել տեղական մասնավոր մուլտիպլեքսներ և տեղավորել բոլոր նրանց, որոնք այսօր շարունակում են աշխատել, բայց կորցնում լսարան, քանի որ ազդանշանը թվային չէ: Երկրորդ հարցը ԸՕ-ում փոփոխություններն են: Հուսով եմ արտահերթ ընտրությունները շատ երկար չեն սպասեցնի, որ ունենանք ոչ խտրական և հավասար հնարավորություններ տրամադրող հեռարձակման ոլորտ: Դա պիտի լինի հենց օրենսդիր իշխանությունների կողմից»:

Բորիս Նավասարդյանը փաստեց՝ ԶԼՄ-ների ոլորտն այն քիչ ոլորտներից է, որը ներկայացված չէ գործադիր իշխանությունում, ինչը լավ է, բայց նաև դժվարացնում է բարեփոխումների իրականացումը: Իսկ գործադիր իշխանությունը միակն է, որը նոր է ձևավորվել հեղափոխությունից հետո: Ուստի չի բացառվում, որ հեռարձակող լրատվամիջոցների հերթն ուշ հասնի: Ուստի Բորիս Նավասարդյանն առաջարկեց խորհրդարանական մեծամասնությանը քայլեր ձեռնարկել դաշտի ազատականացման և բարեփոխման համար, ի տարբերություն նրա՝ պարոն Մելիքյանը նշեց, թե չէր ցանկանա, որ այս խորհրդարանը դա աներ՝ տեսնելով, թե ինչպես է սպասարկել ձևավորված դաշտը: Նա նաև առաջարկեց փոփոխություններ անել ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կազմում:

Բորիս Նավասարդյանը խորհրդարանի մասնակցության մասին մանրամասնեց. «Եթե խորհրդարանական մեծամասնությունը չի ուզում անհետանալ ՀՀ հանրային կյանքից, այլ մեղմ ձևերով մտնել այդ նոր իրավիճակ, այսօր իրենք էլ պետք է բարեփոխվեն»:

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ կարևոր է նաև կարգավորող և կառավարող մարմինների անկախության ապահովման իրականացումը:

ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանի կարծիքով՝ օրենքով սահմանված՝ հանձնաժողովին տրված որոշ լիազորություններ իր սրտով էլ չեն: Անդրադառնալով մուլտիպլեքսների խնդրին՝ նա նշեց. «Ժամանակն է՝ օրենքով նորից հայտարարել մի մեծ մուլտիպլեքսի մրցույթը, որը երկու անգամ տապալվել է. ոչ մի մասնակցության հայտ չենք գրանցել»:

Աշոտ Մելիքյանը հիշեցրեց՝ 2010-ից հետո իշխանությունները չգնացին որևէ բարեփոխման, և ՀՌԱՀ-ը, թեև օրենքով ազատ և անկախ պետք է լինի, իրականում մեծ քաղաքական ազդեցության տակ գտնվող մարմինը չէր կարողանում իր առջև դրված գործառույթներն իրականացնել. «2010-ից ասում էինք, որ չի կարելի այդ նոր բիզնեսի ոլորտը մենաշնորհայնացնել, չի կարելի միայն խոշոր բիզնեսին տուրք տալ: Գործող օրենքի համաձայն՝ երկու տարի հանձնաժողովը մրցույթ է անցկացնում, որևէ մեկը չի կարողանում հայտ ներկայացնել, քանի որ ոլորտը զարգացնելու առումով ոչ մի հեռանկար չի խոստանում: Եվ հանձնաժողովը մատը մատին չտվեց, որպեսզի այդ պայմանները փոխվեն»: Պարոն Մելիքյանը նաև նշեց, թե առաջարկությունների անկյունաքարն այն է, որ անցում կատարվի լիցենզավորման պարզեցված ընթացակարգին, որը թույլ կտա դաշտում նոր խաղացողներ ի հայտ գալ:

ՀՌԱՀ-ի աշխատանքի առիթով Բորիս Նավասարդյանն ասաց. «ՀՌԱՀ-ը պիտի նաև իր հասցեին ընկալի վարչապետի հորդորը դատական իշխանություններին՝ կարդացեք օրենքները և գործեք օրենքներին համապատասխան: Առանց սպասելու որևէ կոշտ քայլերի և հրահանգների, կարելի է օրենքները կիրառել, և կտեսնենք, որ մի քանի օրերի ընթացքում կլինեն փոփոխություններ»:

Արձագանքելով քննադատություններին՝ պարոն Մկրտչյանը հիշեցրեց, որ 2010-ի մրցույթների շնորհիվ եվրոպացիները գնահատական տվեցին, և ՀՀ-ն դուրս եկավ այդ մոնիտորինգից: Արմեն Մկրտչյանը նշեց, թե փոփոխություններ տեսնում էր նաև մինչև ապրիլի 23-ը. «Հանձնաժողովի դերը եղել է ազատության, անկախության, բազմազանության ու վերահսկողության ապահովումը: Դիմել եմ մեր հեռուստաընկերություններին և նորից դիմում եմ՝ ունեք խնդիր, դիմեք: Ինչո՞ւ չեն դիմել. նրանք ունեն նաև անձնական, բիզնես, կորպորատիվ շահեր, գործել են այնպես, ինչպես իրենց է հարմար եղել: Շատ բան էլ կախված է նաև մեր հեռուստաընկերություններից: Իրենք էլ իրենց մահկանացուն չկնքելու համար՝ որպես բիզնես և տեղեկատվության աղբյուր, պետք է վերանայեն իրենց աշխատանքը: Սպասում եմ՝ մեկը զանգի, կարծիք հարցնի մի հարցի շուրջ»:

Արձագանքելով Բորիս Նավասարդյանի կոչին՝ Արմեն Մկրտչյանը հավաստիացրեց, որ միշտ գործել է օրենքների շրջանում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031