Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է փոխվում, երբ ընդդիմությունից դառնում են իշխանություն

Մայիս 21,2018 14:53

«Երբ կուտակայինի դեմ շարժումը սկսել էինք, ասում էինք, որ կուտակային կենսաթոշակային մոդելը ինքը շատ լավ է, լավ կիրառություն ունի աշխարհում, իսկ այն տարբերակը, որ բերվել է Հայաստան, աբսուրդ է: Մենք դրա դեմ պայքարում էինք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը`պատասխանելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված խմբակցության նախկին անդամ, ներկայումս ՀՀ սոցիալական ապահովության նախարար Մանե Թանդիլյանի դիրքորոշման փոփոխությանը վերաբերվող հարցին: «Տիկին Թանդիլյանի մոտ մոտեցումների փոփոխություն չի եղել»,- վստահեցնում է Գեւորգ Գորգիսյանը:

Հիշեցնենք, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումն անցած օրերին շատ քննարկվեց`դիրքորոշման փոփոխության համատեքստում: Այսօր տիկին Թանդիլյանը պարզաբանում է տարածել` հստակեցնելով`ասել, որ կուտակային համակարգը պետք է Հայաստանին, չի նշանակում կողմ լինել պարտադիրին:

«Նրա արած ոչ մի հայտարարություն մինչ այդ արված հայտարարություններին և գործունեությանը չի հակասում»,- ասաց Գեւորգ Գորգիսյանը`հավելելով, որ ժամանակին իրենք աշխատել են դրա կասեցման համար, բայց հիմա այլ իրավիճակ է: Իրենք նախարարի հետ կքննարկեն, դեռեւս գործընթացը չի սկսվել:

Նա վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են, որ պարտադիրի բաղադրիչը չլինի. «Բայց պետք է այնպես անենք, որ երկիրը դրանից չտուժի, որովհետեւ կան ֆոնդերի հետ ձեռք բերված պայմանավորվածություններ: Հիմա իրավիճակ է փոխվել. ՀՀ քաղաքացիները վստահում են կառավարությանը, նաեւ վստահում են, որ կառավարությունը կվերահսկի, որպեսզի գումարները չկորեն»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Հարց հնչեց` չի՞ կարծում, որ «Ելք»-ի ընդդիմադիր սկզբունքներն իշխանություն դառնալուց հետո փոխվել են, թե կուտակայինի մասով, թե ԵԱՏՄ-ի, թե ՀԱՊԿ-ի մասով: Երբ ընդդիմությունից իշխանություն են գալիս, ի՞նչ է փոխվում`հարցրեց լրագրողը: Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց. «Ընդդիմությունից իշխանություն գալուց փոխվում է պատասխանատվության բեռը: «Ելք»-ը, որ ընդդիմություն էր, ասում էր` կան խնդիրներ եւ գործող կառավարությունն ի վիճակի չէր եղել տարիների ընթացքում մեր բարձրացրած խնդիրները լուծել: Մենք ասում էինք, եթե չեք կարողանում խնդիրներ լուծել, ուրեմն դուք պետք է դուրս գաք այդ կառույցից: Փաշինյանը` ստանձնելով իշխանությունը` գտնում է, որ այդ խնդիրները կարելի է լուծել: Կարող է Հայաստանի այդտեղ գտնվելը լուծել ի շահ ՀՀ-ի»:

Գեւորգ Գորգիսյանը նաեւ հստակեցրեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին իրենք երբեք չեն խոսել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031