«Հայաստանը մեր համար մեկն է: Մենք այլ մոտեցումներ ունենք Հայաստանի Հանրապետության հետ մեր համագործակցության հարցում: Մենք որեւէ կուսակցական մոտեցում չունենք»,- այսօր Հայաստանի խորհրդարանում հայտարարեց Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը: Հայաստանցի լրագրողները հետաքրքրվել էին` ի՞նչ կարծիք ունի հայաստանյան թավշյա հեղափոխության մասին:
Դեմետրիս Սիլուրիսն ասաց, որ իրենք ուզում են, որ Հայաստանը լինի ուժեղ. «Դրա հիմքում է Հայաստանի բավականին հարուստ պատմությունը, մշակույթը եւ քաղաքակրթությունը»:
Հարցին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում նախատեսվո՞ւմ է, Դեմետրիս Սիլուրիսը պատասխանեց. «Մեր ծրագիրը հայտնի է»:
Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ հանդիպումից հետո, համատեղ մամուլի ասուլիսում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բարձր գնահատեց երկկողմ խորհրդարանական համագործակցությունը: Նա կարեւորեց կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ, Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանի ներդրումը միջխորհրդարանական եւ միջպետական հարաբերությունների զարգացման գործում:
ԱԺ նախագահն ասաց, որ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկել են Կիպրոսի նախագահի առաջարկը` ստեղծել եռակողմ ՀՀ-Կիպրոս-Հունաստան համատեղ հանձնաժողով:
Անդրադարձել են նաեւ Արցախի եւ Կիպրոսի հիմնահարցերին. «Հայաստանը եւ Կիպրոսը միջազգային հարթակներում մշտապես սատարել են միմյանց դիրքորոշումներին` խնդիրների կարգավորման հարցերում: Քննարկել ենք նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը: Կիպրոսն առաջին երկիրն է, որ ճանաչել եւ դատապարտել է Ցեղասպանությունը, Կիպրոսի ազգային օրենսդրությամբ քրեականացվել է Հայոց ցեղասպանության ժխտումը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ