Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի կողքին կա՞ էդ մարդը, որ ականջին ասի՝ հիշիր, քո վարկանիշը կարող է իջնել». Արամ Հարությունյանի մտքերը

Մայիս 21,2018 14:29

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր գլխավոր դատախազության շենքը շրջափակել էին Սամվել Բաբայանի ու «Սասնա ծռերի» կողմնակիցները:

Բողոքի ցույցի ժամանակ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հայտարարեց, որ ուզում են սեպ խրել Սամվել Բաբայանի կողմնակիցների, «Սասնա ծռերի» եւ ներկայիս գործադիր իշխանությունների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի միջեւ. «Չկա նման բան, այստեղ կանգնած են այն մարդիկ, որոնք այսպես ասած շահառուն են այս հեղափոխության, որովհետեւ հեղափոխությունը ոչ թե արել են սերիալների դերասանները, կամ այն մարդիկ, որոնք իրենց ֆեյսբուքի էջերում Նիկոլ Փաշինյանի նկարն են փակցնում, այլ՝ «Սասնա ծռերը», Սամվել Բաբայանն ու այս մարդիկ, որոնք Հայաստանում արդեն 10 տարի փորձել են վախի մթնոլորտ հաղթահարել, այն մարդիկ, որոնք մինչեւ վերջ քննադատել են նախկին իշխանություններին»: Նա ասաց, որ Սամվել Բաբայանն է առաջին քարը դրել թավշյա հեղափոխության: Հեղափոխության սկիզբը դրել, վախի մթնոլորտ է հաղթահարել, ըստ նրա, Ժիրայր Սեֆիլյանը եւ ցույցի ժամանակ կանգնածները. «Մենք բոլորս կռիվ ենք տվել: Թե չէ հիմա հեշտ է հետին թվով…կամ էն մարդիկ, որոնք նույնիսկ բարոյականություն չունեն շնորհավորեն Նիկոլ Փաշինյանին, էսօր խորհուրդներ են տալիս»:

Նա հայտարարեց, որ նախկինում թագավորների կողքին մարդիկ էին լինում, որոնք հաղթանակից հետո վերադարձած թագավորների ականջին ասում էին՝ հիշիր, դու մահկանացու ես. «Ես հիմա չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանի կողքին կա՞ էդ մարդը, որ ականջին ասի՝ հիշիր, քո վարկանիշը կարող է իջնել»: Նա ասաց, որ ուզում են հեղափոխությունը հաղթի, իսկ հեղափոխությունը մենակ այն չէր, որ մի քանի հոգի գործադիրում են:

Ըստ Արամ Հարությունյանի, նախկին իշխանությունների մարդիկ, դատավորները այն հարսների նման են, որոնք ամուսնանալուց հետո «էլի մորն են լսում». «Էսօրվա դատավորները, դատախազները ժամանակին լսում էին Սերժին, հիմա էլ են լսում Սերժին»:

Հարությունյանն ասաց, որ չեն ուզում, որ Նիկոլ Փաշինյանը ճնշի դատավորներին ու դատախազներին, բայց քանի դեռ ՀՀ-ում մեկ քաղբանտարկյալ կա, նշանակում է հեղափոխությունը իր հիմնական նպատակներին չի հասել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031