Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե էս երկիրը փոխվել է, ուրեմն բարի եղեք շատ արագ՝ 1 ժամվա մեջ Սամվել Բաբայանին ազատ արձակեք». Դատախազության շենքը շրջափակել են (Տեսանյութ)

Մայիս 21,2018 14:10

Վաղ առավոտից «Սասնա ծռերի» եւ Սամվել Բաբայանի կողմնակիցները շրջափակել են գլխավոր դատախազության շենքը եւ պահանջում են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը:

Ցուցարարները հիշեցրին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, իսկ դատախազը պնդում է, թե Հայաստանում չկան քաղբանտարկյալներ. «դատախազությունը չի աշխատում ի շահ մեր երկրի»: Դատախազության աշխատակիցներին ցուցարարները չէին թողնում մտնել ներս, խոչընդոտում էին նրանց աշխատանքին:

Տարածքում իր ավանդական դարձած պառկելու միջոցով բողոքի ցույց էր անում նաեւ Վարդգես Գասպարին: Նա ասաց, որ բացի դատախազից, ինքը պահանջում է նաեւ Արման Մկրտումյանի հրաժարականը:

Ցուցարարները կպչուն ժապավեններով ու ցուցապաստառներով փակեցին դատախազության շենքի հետնամուտքը՝ թույլ չտալով աշխատակիցների ելումուտը:

«Ազատություն Սամվել Բաբայանին» կոչերով այդտեղ անցկացվեց Բաբայանի համախոհների բողոքի ցույցը: Նրանց թվում էին Անդրանիկ Թեւանյանը, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, փաստաբան Արտաշես Քալաշյանը:

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի ժամանակ ձեռնարկված բողոքի ցույցերի հետ կապված ասել էր, որ եթե հիմա փողոց են փակում կամ նման գործողություններ են հայտնում, նշանակում է բողոքում են իր դեմ, իրեն չեն վստահում: Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Թեւանյանն ասաց. «Փաշինյանն ու կառավարությունն էլ են ասում, որ քաղբանտարկյալներ կան, այդտեղ երկիմաստություն չկա: Ճանապարհային քարտեզի առումով մենք լուծումներ առաջարկել ենք այս կերպ՝ իրավապաշտպանների, մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ կան, որոնք հեղինակություն են, իրենց եւ իրավաբանների հետ համատեղ ստեղծվի խումբ, իրենք հստակեցնեն ցանկը եւ ճանապարհային քարտեզը տան, թե ինչ լուծումներ կարող են լինել իրավական: Դրանից հետո նոր մենք կարող ենք խոսել, որ սպասվող արտահերթ ընտրությունները կարող են լինել լեգիտիմ: Քաղբանտարկյալների ներկայությամբ չպետք է անցկացնել ընտրություններ»:

Թեւանյանն ասաց, որ այս գործողությունները աջակցություն են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը. «Մեր պահանջը ոչ թե կառավարությունից է, վճռաբեկ դատարանից է, որը ձգձգում է որոշման ընդունումը: Դրա համար մենք մեր քայլերն ենք անում»:

Իսկ Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Սամվել Բաբայանի գործով պետք է ի վերջո դատարան մտնեն նույն դատավորները, որոնք պատվեր են կատարում: Խողովակի համար ազգային հերոսին դատի չեն տալիս, եթե ինչ-որ մեկը շահագրգռված չէ: Ազգային հերոսին դրանով չեն ձերբակալում ու չեն կալանավորում: Էս ձգձգումները, հերթական հիմարությունները, ի՞նչը պետք է ի մի բերեն: Երկի՞ր է փոխվել, թե՞ չի փոխվել: Եթե էս երկիրը փոխվել է, ուրեմն բարի եղեք շատ արագ՝ 1 ժամվա մեջ որոշում կայացրեք ու էդ մարդուն բաց թողեք: Ի՞նչն է խանգարում: Կա՞ Հայաստանում այն մարդը, որը չգիտի, չի գիտակցում, որ այս ամեն ինչը կեղծիք է՝ սկզբից մինչեւ վերջ»:

Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ նոր իշխանությունների մասին իր կարծիքը կասի 100 օր հետո. «Պետք է տեսնենք սրանք ուր են գնում, դատական համակարգն ինչ է անում: Գործ ունենք ազգային հերոսի հետ: Սամվել Բաբայանը մեր հերոսն է, նա իրավունք չունի ճաղերի հետեւում լինել»:

Aravot.am-ի հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է հանձնաժողով ստեղծվի, որը կորոշի, թե ով է քաղբանտարկյալ, ով՝ ոչ, այսինքն, դրա համար հստակ բանաձեւ կա՝ Գուրգեն Եղիազարյանն արձագանքեց. «Երբ որ մենք Նիկոլի հետ ընդդիմադիր էինք, հստակ մեկից գիտեինք, թե ով է Սամվել Բաբայանը եւ ինչ պատվեր է կատարվում: Հիմա չեմ իմանում ինչ է ասել նա: Ես չեմ ասում մնացած 100 հոգու համար: Եթե «Սասնա ծռերի» համար կոնկրետ դիակներ կան, այդտեղ շատ նուրբ պետք է լինեն, որ չդիպչեն ծնողների, հարազատների ինքնասիրությանը, այն էլ չենք իմանա, թե իրականում ով է սպանել»:

Մեր դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրավական գործիքներով պետք է կարգավորվի այդ հարցը՝ Եղիազարյանն արձագանքեց՝ «էլի էդ գործիքներով, ասեք քանի ամիս՝ նստենք սպասենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031