Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Փախչանյան. «Պետք է ներել ուսուցիչների հին մեղքերը»

Մայիս 21,2018 12:53

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ձեւակերպմամբ` պետք է Հայաստանում իրականացնել հեղինակային կրթություն` առանց զանգի ու պահակի: Նրա խոսքով, պետք է ստեղծել սովորական ուսուցիչների միջավայր, որտեղ յուրաքանչյուրը պետք է ստանձնի իր գործի պատասխանատվությունը եւ դառնա իր գործի հեղինակը: Այս մասին նա հայտարարեց «Մեդիա կենտրոնում» մայիսի 21-ին կայացած ասուլիսում, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին:

«Քայլ արա եւ հեղինակ դարձիր քո իսկ գործին, ստեղծիր քո դպրոցը: Պարզ է, որ դու գործում ես պետության մեջ, որտեղ կան չափորոշիչներ»,- կոչ արեց Աշոտ Բլեյանը` հավելելով, որ պետք է հանրակրթության մեջ ընդգրկել նոր շահառուների: «Մեր առաջարկները հեղինակային դպրոցների ցանց ստեղծելն է Հայաստանով մեկ»,-հավելեց նա:

Կրթության փորձագետ, ԵՊՀ-ի դասախոս Սերոբ Խաչատրյանը կարեւորեց այլընտրանքային հանրակրթության հարթակների ստեղծումը, փաստելով, որ այսօր Հայաստանում առկա է հայտնի մոտեցումը, որը հրաշալի պատկերված է «Փինկ Ֆլոյդի» հայտնի երգի տեսահոլովակում:

Նրա խոսքով, այլընտրանքային հանրակրթության համատեքստում պետք է շեշտադրել երեխաների անհատականությունը, մինչդեռ ներկայումս գոյություն ունեցող համահարթեցումը ձախողման է տանում:

«Այն երկրները, որոնք դպրոցներին հնարավորություն են տալիս բազմազան եւ ինքնուրույն աշխատել, տարբեր ձեւով մտածող քաղաքացիներ են ունենում, իսկ եթե 90 տոկոսը նույնկերպ է մտածում, դա նշանակում է, որ գոյություն ունի մեկ մարդ: Հանրակրթության խնդիրն է բացահայտել երեխայի անհատականությունը, որը հետո պիտի աշխարհն ավելի լավը դարձնի»,-համոզված է Սերոբ Խաչատրյանը: Նրա խոսքով, հստակ չափորոշիչների վրա հիմնված կրթությունն արդեն աշխարհում նահանջում է:

«Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը նշեց, որ հանրակրթության մեջ առկա զանգվածային արտադրության մոտեցումը ժառանգված է խորհրդային կրթահամակարգից, որից պետք է ձերբազատվել: «Մենք ուզում ենք, որ դպրոցների հաջորդ սերունդն ունենա բարենպաստ միջավայր ունենա, որպեսզի այլընտրանքը, սեփական ծրագրեր հաստատելը լինի շատ ավելի դյուրին»,- շեշտեց նա: Նրա խոսքով, կրթության որակի վերահսկողության առումով պետք է աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի եւ պետական հաստատությունների հետ:

Նա նշեց, որ մտահոգված է վերջին շրջանում դպրոցներում տեղի ունեցող գործընթացներով: «Մենք մեղադրում ենք ուսուցիչներին իրենց նախկին մեղքերի համար, առանց մտածելու, որ նրանք դրանց գնացել են այլ համակարգում գործելու արդյունքում, մինչդեռ պետք է ներել ուսուցիչների նախկին մեղքերը, տալ գործելու ազատություն եւ վերականգնել նրանց կերպարի հանդեպ վստահությունը»,-համոզված է Արամ Փախչանյանը:

«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, ԵՊՀ-ի դասախոս Արա Աթայանը կարծում է, որ հասարակության մեջ թյուրըմբռնում կա այլընտրանքային եւ մասնավոր կրթության մասին: «Այժմ այստեղ նստածներս տարբեր դպրոցների ներկայացուցիչներ ենք, մենք ունենք տարբեր մանկավարժական համակարգեր, բայց ունենք նույն սկզբունքը կրթության կազմակերպման վերաբերյալ»,- ասաց Արա Աթայանը:

Նրա խոսքերով. «Այլընտրանքային կարող է լինել դպրոցը, անկախ նրանից` պետակա՞ն է, թե մասնավոր: Այլընտրանք նշանակում է, որ մարդիկ տեղում ունեն ստեղծագործական լուծումներ, ոչ թե բոլորը նույն` 36 համարի շոր են հագնում»,-հավելեց նա:

«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչը ասում է, որ թյուր է ընկալումը, թե մասնավոր դպրոցը գիշատիչների, օլիգարխների երեխաների համար է, չէ՞ որ մասնավոր դպրոցը կրթում է նույն հասարակության երեխաներին: Վկայակոչելով Էստոնիայի փորձը, նա շեշտեց, որ ցանկացած մասնավոր դպրոց այնտեղ ստանում է նույնքան պետական ֆինանսավորում, որքան պետականները:

Հավելենք, որ բանախոսները Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության հիմնադիր անդամներ են, իսկ միությունը ձևավորվել է ՀՀ կրթական ոլորտի մի շարք ներկայացուցիչների՝ ուսումնական հաստատությունների և անհատների նախաձեռնությամբ՝ Հայաստանում այլընտրանքային կրթության զարգացման ու կրթական համակարգի բարելավման նպատակով։ Միության անդամները, լինելով տարբեր մանկավարժական մոտեցումների կողմնակիցներ, համոզված են, որ համագործակցության և գաղափարների փոխանակման, ստեղծագործական որոնումների մթնոլորտը կնպաստի ամբողջ կրթահամակարգի զարգացմանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031