Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական քաղաքական վեճը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում

Մայիս 21,2018 12:49

Ուկրաինան կրկին փորձել է քաղաքականացնել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը: Այդ մասին այսօր խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց ՍԾՏՀ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:

Մայիսի 15-16-ին Ստամբուլում տեղի է ունեցել ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի 25-ամյակի հանդիսավոր նիստը: Նիստն ընդունել է հռչակագիր: Քննարկումների ժամանակ ուկրաինական պատվիրակությունը հերթական փորձն է արել կառույցը քաղաքականացնելու`փորձելով հռչակագրում ներառել պետության սահմանների ամբողջականության գնահատական: Հայկական կողմի ջանքերով այդ փորձը տապալվել է:

Հիշեցնենք, համանման մի փորձ ամիսներ առաջ ավարտվեց սկանդալով: Հիշեցնենք, դեկտեմբեր ամսին Կիեւում կայացած 50-րդ հոբելյանական նիստի ժամանակ հայկական պատվիրակությունից գաղտնի բանաձեւ էր ընդունվել`ուկրաինական կողմի առաջարկով:

Ստամբուլում ընդունված փաստաթղթում չի ներառվել հայկական կողմի առաջարկը, որ կառույցը պետք է մնա իր առաքելությանը համահունչ եւ զերծ մնա քաղաքական խնդիրներին անդրադառնալուց: Այս ամենով հանդերձ, Գագիկ Մինասյանն ասում է. «Ստամբուլում ընդունված փաստաթուղթը բալանսավորված է: Մեր երազանքներին համապատասխան փաստաթուղթ չէ, սակայն զերծ է մեզ համար անցանկալի ձևակերպումներից»: Հայկական պատվիրակությունը սա հաջողություն է համարում, քանի որ այդ կառույցում Թուրքիան ունի ազդեցիկ դերակատարում, կառույցի անդամ են Վրաստանը, Մոլդովան, Ռումինիան եւ այլ երկրներ, որոնք տարածքային խնդիրներ ունեն:

Մինչ Ստամբուլում ընթանում էր ՍԾՏՀ վեհաժողովը, Պաղեստինյան տարածքում իրավիճակը լարվել է: Գագիկ Մինասյանը հիշեցնում է, որ Թուրքիան վաղուց ուզում է իրեն հռչակել իսլամական պետությունների առաջնորդ: ՍԾՏՀ վեհաժողովից մի քանի օր հետո Անկարայում տեղի է ունեցել իսլամական պետությունների համաժողովը, որն ընդունել է ամերիկյան միջամտությունը իսրայելապաղեստինյան իրադարձություններին դատապարտող փաստաթուղթ: Գագիկ Մինասյանն ասում է, որ համանման մի հայտարարություն Թուրքիան փորձել է ներառել նաեւ ՍԾՏՀ-ի օրակարգում: Գագիկ Մինասյանը հակադրվել է`հիշեցնելով, որ ՍԾՏՀ-ն ընդգծված տնտեսական կառույց է, իսկ իսրայելապաղեստինյան տարածքը դուրս է գտնվում մեր տարածաշրջանից: Թուրքիայի հետեւողական ջանքերը`հռչակագրում նման դրույթ ներառելու, անցել են ապարդյուն:

Գագիկ Մինասյանն իր ելույթում նաեւ անդրադարձել է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակմանը:

Հունիսին 19-ին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ ՍԾՏՀ բյուրոն պետք է ընտրի այն քաղաքը, որտեղ ընտրելու են կառույցի գլխավոր քարտուղար: Թեկնածու քաղաքները երեքն են Երեւան, Բաքու, Սոֆիա: Հայկական կողմը պայքարում է, որ Բաքուն չընտրվի: Հայկական պատվիրակությունը առաջարկել է, որ բյուրոն չընտրի նաեւ Երեւանը. «Սա քաղաքական առճակատում է եւ այս պայմաններում, եթե բյուրոն Բաքվում անցկացնի, դուրս կդնի անդամ երկրներից մեկի պատվիրակությանը մասնակցությունից»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031