Սևանում շաբաթօրյա հանգիստը միախառնվել էր հաճելի իրադարձության հետ:
Սևանի վետերան ոստիկանների միության նախագահ Գեղամ Ավետիսյանը 134 նախկին գործընկերներին, վաստակած հանգստի անցած սևանցիներին նվիրեց հանգստի ու ժամանցի վայր:
Կահավորված տարածքում առավոտից աշխույժ եռուզեռ էր: Արդեն զբաղված էին նարդու սեղանները, բազմոցները, հին ընկերներն էլ խոսքուզրույցի էին բռնվել, հանդիպել էին նախկին ու ներկա ոստիկանները:
Հանդիպումների, ազատ ժամանցը լավագույն ձևով կազմակերպելու համար նախատեսված տարածքում հավաքվածները խոստովանում էին, որ ձեռնարկը սպասված էր և անհրաժեշտ, նախկին գործընկերներն էլ շփվելու, իրար հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն են ստացել:
Հանգստի ու ժամանցի համար հարմարեցված տարածքում ստեղծված պայմանները տրամադրող էին ու հարմարավետ:
Բացման արարողակարգին մասնակցում էր Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը: Նրան էր վերապահված նաև կարմիր ժապավենը կտրելու պատիվը:
Պարոն Մուրադյանը գոհունակություն հայտնեց նման ձեռնարկը կյանքի կոչելու համար: «Վետերան ոստիկանների, ինչու չէ, մեծահասակների ու տարեցների համար սա ինքնարտահայտման լավագույն միջավայր է: Ցանկացած նման նախաձեռնություն պետք է արժանանա ուշադրության և դառնա ազդակ մյուսների համար: Օգտագործելով պատեհ առիթը` առաջարկում եմ որևէ խաղաձևի առաջնություն կազմակերպել, որի մրցանակային ֆոնդը կտրամադրվի իմ կողմից»,- ասաց Սևան համայնքի ղեկավարը:
Նախաձեռնության հեղինակ Գեղամ Ավետիսյանն էլ շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին և ներկաներին:
«Այս նախաձեռնությունը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով: Վաղուց էր առաջացել նման միջավայր ունենալու խնդիրը: Կարծում եմ` այսպիսի հավաքատեղիները մարդկանց շփումներն ավելացնելու, ազատ ժամանցը ճիշտ կազմակերպելու լավագույն միջոց են, և ես նպաստել եմ դրա կայացմանը»:
Տոնական տրամադրությունը երկար ժամանակ ուղեկցեց ներկաներին` համեմված շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով, որն ամփոփվեց մի շարք վետերան ոստիկանների` մարտական ուղի անցնելու փաստը վավերացնող վկայագրերի հանձնմամբ:
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ