ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի Doing Business խմբի ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին, որոնք հնարավորություն կտան բարելավելու ՀԲ-ի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի դիրքերը:
Նախարար Մինասյանը փորձագետներին ներկայացրել է ոլորտի մի շարք փոփոխություններ, որոնք էականորեն դյուրացրել են գործարարությամբ զբաղվելու հնարավորությունները:
Բարեփոխումներ են իրականացվել գնահատման ոլորտները կարգավորող օրենսդրության համակարգերում: Նախարարը փորձագետներին խնդրել է ուշադրություն դարձնել քաղաքական նոր իրողության պայմանների ընձեռած հնարավորություններին, շեշտելով, որ նոր թափով շարունակելու են աշխատել բաց և թափանցիկ գործելաոճով գործարար միջավայրի բարելավման համար լավագույն որոշումներն ընդունելու ուղղությամբ:
Doing Business խմբի ներկայացուցիչներ Տիցիանա Լոնդերոն և Պարվինա Ռահիմովան շնորհակալություն են հայտնել նախարարին սեղմ ժամկետներում հանդիպումը նախաձեռնելու համար և անդրադարձել աշնանը ներկայացվող վարկանիշային զեկույցի պատրաստման ընթացքին, ինչպես նաև հայտնել մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի գործարար շրջանակների հետ ունեցած հանդիպումներից իրենց տպավորությունները: Փորձագետները հատկանշել են գործարարների ոգևորությունը նոր կառավարության և քաղաքական փոփոխությունների առնչությամբ, ինչը լավ ազդակներ կարող է ունենալ գործարարության խթանման համար:
Արծվիկ Մինասյանը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ գործարարների հետ անմիջական կապ են ստեղծելու իրականացվող բարեփոխումներում կիրառելով նոր գործիքակազմ, անդրադառնալու են նրանց կողմից բարձրացված բոլոր խնդիրներին ու առաջարկներին:
Հանդիպմանը խոսվել է նաև Գնահատող թիմի ներկայացուցիչների հետ պարզաբանման ենթակա հարցերը վիդեոկոնֆերանսների միջոցով ամրագրելու, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավման բազմածավալ օրենսդրական փոփոխությունների մասով տեխնիկական աջակցության ցուցաբերման հնարավորություններին:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին