Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նույնիսկ պատժամիջոցների կիրառման սպառնալիքը հայ տնտեսվարողների մոտ առաջ է բերում որոշակի վախեր». իրանագետ

Մայիս 21,2018 11:32

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի միջուկային ծրագրից դուրս գալու հայտարարությունից հետո Եվրահանձնաժողովը ընդունել է միջոցների առաջին փաթեթը, որը պատժամիջոցներից կպաշտպանի Իրանում աշխատող ԵՄ ընկերություններին: Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն այս տարվա օգոստոսի 6-ից:

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Միացյալ Նահանգները փորձում է թուլացնել իրանական ազդեցությունը մերձավորարևելյան ողջ տարածաշրջանում, քանի որ Իրանն ամրապնդել է իր դիրքերը՝ Լիբանանից մինչև Աֆղանստան և նույնիսկ՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների տեսանկյունից այնպիսի կարևոր կետում, ինչպիսին է Արաբական թերակղզին.

«Առաջին հերթին խոսքը վերաբերում է Լիբանանում «Հիզբալլահ»-ի դիրքերի ամրապնդմանը, Սիրիայում իրանական ներկայությանը, Իրաքում Իրանի գրեթե անսահմանափակ ազդեցությանը, Աֆղանստանում շատ դեպքում աննկատ, բայց հսկայական ազդեցությանը: Երկրորդ դեպքում խոսքը վերաբերում է Եմենում հութիների ներկայությանը, որն Իրանի հետ գործում է ակնհայտորեն համակարգված կերպով՝ Սաուդյան Արաբիայի դեմ»:

Իրանագետի կարծիքով՝ իրանական տնտեսությունը զգայուն վիճակում է, և ցանկացած նման գործողություն բերում է տնտեսական անհանգստության թե´ ներքին, թե´ արտաքին համակարգերում: Ըստ Ոսկանյանի՝ Միացյալ Նահանգները, ըստ էության, պատժամիջոցների սպառնալիքով է հանդես գալիս ոչ միայն Իրանի, այլև մնացյալ աշխարհի դեմ՝ հայտարարելով, թե ցանկացած ընկերություն, որ կաշխատի Իրանի հետ, ենթակա է պատժամիջոցների ազդեցության տակ հայտնվելու վտանգի.

«ԱՄՆ-ի խնդիրը Իրանի տնտեսությանը վնաս հասցնելն է, որը, ըստ նրանց, կարող է բերել տնտեսական հուզումների: Դրանց քաղաքական լիցք հաղորդելն էլ, ինչպես ասում են, տեխնիկայի խնդիր է: Արդյունքում՝ Միացյալ Նահանգների համար լավագույն լուծումը Իրանում շիաական ռեժիմի փոփոխությունն է և ամերիկամետ իշխանության ձևավորումը: Սա գլոբալ առումով ամենևին էլ լավ լուծում չէ: Կարծում եմ՝ իրանցիներն ունեն բավարար ներուժ՝ դիմագրավելու թե´ ներքին անկայունությունների հնարավոր վտանգին, թե´ չսահմանափակելու իրենց ներկայությունը մերձավորարևելյան տարածաշրջանում»:

Վերջիններս, ըստ իրանագետի, նաև բխում են Հայաստանի շահերից, քանի որ Հայաստանը Իրանի հետ պահպանում է բարեկամական հարաբերություններ, և Իրանը շատ դեպքում լրացնում է ՀՀ անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկը՝ հարավային անխաթար ելքը դեպի Մերձավոր Արևելք և Պարսից ծոցի տարածաշրջան.

«Մյուս կողմից էլ, արցախյան հիմնախնդրի հետ կապված, Իրանի ներկայությունը որոշակի զսպող ազդեցություն է ունենում Ադրբեջանի զանազան նկրտումների համար, մասնավորապես ՝ գիտենք, որ Ադրբեջանը նկրտումներ ունի նաև Իրանի հյուսիսային թյուրքալեզու նահանգների նկատմամբ (Ատրպատական): Այս իմաստով էլ հզոր Իրանի գոյությունը թույլ չի տալիս ադրբեջանական կողմին «լկտիանալ» բազմաթիվ խնդիրներում»:

Իրանագետի խոսքով՝ Միացյալ Նահանգները փորձում է օժանդակություն ստանալ ԵՄ երկրներից: ԱՄՆ-ը գիտակցում է, որ համաձայնագրից դուրս գալը միջազգային պայմանավորվածության կոպիտ ոտնահարում է: Սա հատկապես այն պարագայում, երբ մնացյալ բոլոր կողմերը հստակ հետևում են իրենց պարտավորություններին: ԵՄ երկրներից խիստ դժգոհություն կա Թրամփի այդ որոշումից և այդ դժգոհությունը արտահայտում է հատկապես Ֆրանսիան.

«Սա նախևառաջ պայմանավորված է ԵՄ տնտեսական և անվտանգային շահերով: Մերձավոր Արևելքի փխրուն իրավիճակի ցանկացած լրացուցիչ ապակայունացում որպես կանոն բերում է դեպի Եվրամիության երկրներ գաղթականների լրացուցիչ ներհոսք, որը զգալիորեն խաթարում է ԵՄ երկրների ներքին անվտանգային համակարգերը՝ հաշվի առնելով ահաբեկչական կառույցների գործունեությունը: Օրինակ՝ Եվրոպայի սրտերից մեկում՝ Փարիզում, միջազգային ահաբեկչական գործողությունները, ըստ էության, հետևանքն էին Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի վարած ոչ այդքան խելամիտ քաղաքականության, որի պատճառով էլ պայթեցվեց Սիրիայի ներքին կայունությունը: Այս համատեքստում էլ Միացյալ Նահանգները փորձում է գտնել դաշնակիցներ, հետո նոր գնալ պատժամիջոցների խստացման կամ կիրարկման: Կարծում եմ՝ ԱՄՆ-ն, եթե դաշնակիցներ էլ չգտնի, ապա միակողմանի կերպով կգնա պատժամիջոցների կիրառմանը, քանի որ թվում է, թե Թրամփն արդեն անցել է վերադարձի կետը»:

Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեն կարող եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի ազդեցություն չունենալ Հայաստանի վրա.

«Սանկցիաները, իհարկե, ազդում են բոլոր ոլորտների վրա, բայց խոսքն առավելապես վերաբերում է բանկային համակարգին, քանի որ այն շատ ավելի զգայուն է: Այս իմաստով նույնիսկ պատժամիջոցների կիրառման սպառնալիքը հայ տնտեսվարողների մոտ Իրանի հետ աշխատելիս առաջ է բերում որոշակի վախեր, քանի որ բանկային համակարգերի սիրտը գտնվում է Միացյալ Նահանգներում: Համոզված եմ՝ հայ-իրանական հարաբերություններում որևէ պատժամիջոց չպետք է և չի կարող խոչընդոտ հանդիսանալ: Այդ հարաբերությունները և´ Իրանի, և´ Հայաստանի համար ունեն կենսական նշանակություն: Հետևաբար՝ ցանկացած երրորդ կողմ պետք է հասկանա այս հարաբերությունների կարևորությունը և Հայաստանի հետ աշխատելիս նկատի առնի, որ ոչ մի պարագայում Հայաստանը չի կարող և չպետք է մասնակցի Իրանի դեմ որևէ թշնամական գործողության»:

Սլավա ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031