Լրահոս
Օրվա լրահոսը

«Պեդրո Ագրամունտի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են 10 տարով, իսկ մնացած 3 պատգամավորների նկատմամբ՝ 2 տարով»

Մայիս 21,2018 14:30

Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական կոռուպցիոն
սկանդալներում ներգրավված նոր պատգամավորների անուններ են շրջանառվում:

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ ԵԽԽՎ-ում արդեն պատգամավորների նոր անուններ են շոշափվում, եւ չի բացառվում, որ նրանց վերաբերյալ կոռուպցիոն բացահայտումներ շուտով լինեն:

Հիշեցնենք՝ ԵԽԽՎ անկախ հանձնաժողովը Փարիզում կայացած հանդիպմանը պատժամիջոցներ է սահմանել պատգամավորների դեմ, որոնք կասկածվում են հօգուտ Ադրբեջանի կոռուպցիոն գործողություններում: Պատժամիջոցներ են սաhմանվել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի, ինչպես նաեւ ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի (Իսպանիա), Ուկրաինայի հարցով նախկին զեկուցող Ժորդի Շուկլայի (Իսպանիա) եւ Սեզար Պրեդայի (Ռումինիա) դեմ: Հանձնաժողովը համաձայնել է պատգամավորներին պատժելու անհրաժեշտության հետ, չնայած իրավաբանորեն նրանց մեղքը դեռեւս ապացուցված չէ:

«Առավոտի» հարցին՝ այն, որ ԵԽԽՎ-ն պատժամիջոցներ է սահմանել 4 պատգամավորների դեմ՝ Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի գործով, կարելի՞ է պնդել, որ նաեւ հայկական կողմի աշխատանքի արդյունք է, թե՞ ԵԽԽՎ-ում ինքնամաքրման գործընթացն անհրաժեշտութուն էր, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Չէի ուզենա այդ գործընթացը մաքուր իմաստով որակել որպես հայկական պատվիրակության աշխատանքի արդյունք։ Այս գործընթացը ԵԽԽՎ-ում հասունացած ինքնամաքրման անհրաժեշտությունն էր, բայց նաեւ չեմ ցանկանա թերագնահատել հայկական պատվիրակության դերակատարումը։ Ադրբեջանական կողմն այս հարցում միշտ դիրքորոշում էր հայտնում, որ իրենք ոչ մի բանում մեղավոր չեն, պարզապես հայկական լոբբին իրենց մեղադրեց չգործած արարքների մեջ։ Մինչդեռ մեր կողմից աշխատանք միանշանակ կատարվել է, քանի որ հայկական պատվիրակությունը տարիներ շարունակ տարբեր ձեւաչափերով ու առիթներով պնդել է, որ Ադրբեջանի պատվիրակությունը ստեղծել է կոռուպցիոն ցանց, եւ այդ պատճառով է, որ մշտապես փորձել է իր ցանկալի շատ որոշումներ անցկացնել վեհաժողովում»։

Արփինե Հովհաննիսյանին խնդրեցինք մանրամասնել՝ ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվելու այդ պատվիրակների նկատմամբ: Նա տեղեկացրեց՝ համաձայն հանձնաժողովի որոշման՝ նշված պատգամավորները կոպտորեն խախտել են Վեհաժողովի կանոնակարգը եւ զրկվում են կազմակերպությունում որեւէ պաշտոն զբաղեցնելու, զեկուցող նշանակվելու, անդամ երկրներում ընտրություններ դիտարկելու, վեհաժողովն այլ մարմիններում ներկայացնելու եւ մի շարք այլ իրավունքներից:

Անդրադառնալով կոնկրետ պատգամավորներին՝ տիկին Հովհաննիսյանը հայտնեց. «Պեդրո Ագրամունտի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են 10 տարով, իսկ մնացած 3 պատգամավորների նկատմամբ՝ 2 տարով»:

Հետաքրքրվեցինք՝ ընդհանրապես այս բացահայտումներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ հետագայում ԵԽԽՎ պատվիրակների գործունեության վրա: Արփինե Հովհաննիսյանի ձեւակերպմամբ՝ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքի վրա ազդեցության տեսանկյունից այս բացահայտումներն անչափ կարեւոր էին, քանի որ շատ պատվիրակներ իրենց ավելի զուսպ կդրսեւորեն. «Իսկ նրանցից շատերն ուղղակի, կարծում եմ, ադրբեջանական պատվիրակության հետ առնչություններից կզգուշանան, իրենց չեզոք կպահեն: Ինչ վերաբերում է վեհաժողովին, ապա այն ընդհանուր առմամբ շատ ավելի ուշադիր կլինի Ադրբեջանի կողմից առաջ քաշվող գաղափարների, թեզերի, նրա կողմից լոբբինգ արվող բանաձեւերի նկատմամբ»:

Զրույցի ավարտին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարից հետաքրքրվեցինք՝ առաջիկայում նոր բացահայտումներ եւ մասնավորապես նոր անունների սպասե՞նք: Նա նշեց՝ նոր անուններ արդեն շոշափվում են, եւ չի բացառվում, որ նրանց վերաբերյալ բացահայտումներ եւս լինեն։ Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ այս պահին նշված պատժամիջոցները նրանց համար զգուշացում են, որ զերծ մնան կոռուպցիոն գործընթացներից։

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

19.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031