Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թավշյա հեղափոխությունն ու զինված հարձակումը նույնը չեն

Մայիս 21,2018 14:00

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական
կազմակերպության նախագահ Արտակ Կիրակոսյանը նոր կառավարությանն առաջարկում է` լավ գաղափարները թողեք ընտրություններից հետո:

«Շատ ցավոտ հարց է: Մենք, լինելով իրավապաշտպան կազմակերպություն, նաեւ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի անդամ, մեր մոտեցումը շատ զգուշավոր է նույնիսկ իրենց քաղբանտարկյալ կոչելու հարցում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Կիրակոսյանը` պատասխանելով «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին անհապաղ ազատ արձակելու պահանջով արդեն մի քանի օր ընթացող բողոքի ցույցերին: Հիշեցնենք՝ այդ ցույցերի արդյունքում երկու օր փակ էր Արշակունյաց պողոտան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով ցույցի մասնակիցները փողոցը բացեցին, սակայն շարունակում են շրջափակման մեջ պահել դատարանի շենքը: Ամբաստանյալների մի մասն այդ ողջ ընթացքում պահվում է դատարանում: Մեր զրուցակիցը մի կարեւոր հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում` «Սասնա ծռերը» նպատակադրված բռնություն էին կիրառելու, եւ դա իրենց գաղափարախոսությամբ է ամրագրվում: Սա բավարար է, որ նրանց` քաղբանտարկյալի կարգավիճակը չընդունվի նաեւ միջազգային չափանիշներով:

Մեր զրուցակիցը խնդիր է համարում նաեւ հասարակական այն ընկալումները, որ եթե մարդը քաղբանտարկյալ է, ապա անհապաղ պետք է ազատ արձակվի: Մարդը կարող է քաղաքական դրդապատճառներով գործողություններ անել, որոնք կպարունակեն հանցագործության հատկանիշներ՝ ասում է Արտակ Կիրակոսյանը` հավելելով, որ կարող են լինել իրավիճակներ, երբ խնդիր է դրվում նման գործերով դատավարությունների վերանայման կամ այլ լուծումներ գտնելու:

Արտակ Կիրակոսյանը չի կիսում «Սասնա ծռերի», «ռազմականացված մասի» պաշտպանների եւ այդ բռնությունն արդարացնելու դիրքերից հանդես եկողների մոտեցումը: Օրինակ՝ նաեւ իր հարցազրույցներում Անդրիաս Ղուկասյանն էր ուղիղ համեմատում Նիկոլ Փաշինյանի անզեն ներխուժումը ռադիոյի շենք եւ «Սասնա ծռերի»` զենքով ՊՊԾ մտնելն ու ոստիկան սպանելը: Նա այդ երկու հանգամանքները նույն նժարի վրա էր դնում` ասելով, որ երկուսն էլ համաժողովրդական ընդվզման փորձ էին: «Կներեք, դա ոչ մի կերպ` ո՛չ իրավական, ո՛չ մարդկային ընկալման մեջ չի տեղավորվում: Այստեղ, ես կարծում եմ, ոչ միայն մարտահրավեր ունենք Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության առջեւ, այլ մեր հասարակության: Պետք է հասկանանք` ազգովի ընդունո՞ւմ ենք բռնությունը՝ որպես խնդիրներ լուծելու ձեւ, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա չպետք է վախենանք եւ ինքներս մեզ դուրս դնենք այս իրավիճակից: Իսկ այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի խոսել ներման մասին: Եթե երկակի խաղ ենք խաղում, մի կողմից ասելով՝ քաղբանտարկյալներին անհապաղ պետք է ազատ արձակենք, մյուս կողմից ասում ենք` բռնությանը դեմ ենք… Ինքներս մեզ հետ պետք է ազնիվ լինենք»,- ասաց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով հայաստանյան թավշյա հեղափոխությանն էլ՝ Արտակ Կիրակոսյանը փաստում է. «Մենք ունենք ոգեւորության շատ լավ ռեսուրս, որը պետք է լավ օգտագործենք»:

Այս հեղափոխության արդյունքում մեր զրուցակիցը էական արձանագրում է անում` Սփյուռքի մասնակցությունը հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքին: Ինքը դա ողջունում է: Ասում է` տարբեր վախերից ելնելով երրորդ հանրապետության առաջին իշխանությունները արգելեցին դա. «Հիմա դա կոտրվեց, եւ շատ լավ է»: «Առավոտի» դիտարկմանը` արտերկրից գումարներ փոխանցվեցին համաժողովրդական հեղափոխությանն իբրեւ օժանդակություն, թեեւ դրանք սիմվոլիկ էին, բայց նախկին իշխանություններին մեղադրում էինք նաեւ նրա համար, որ դրսից գումարներ են ներգրավում ընտրական գործընթացներում օգտագործելու համար, Արտակ Կիրակոսյանը պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը սկզբում խնդիր էր դնում ՀՅԴ-ի, ՌԱԿ-ի դերը նվազեցնել: Նրանք բավական ֆինանսական ռեսուրսներ ունեին եւ կարող էին ազդել հայաստանյան գործընթացների վրա: Բայց, մյուս կողմից, ռուսաստանահայ օլիգարխների հետ կապը լավ ամրացվեց այս ընթացքում, եւ նրանք կարողանում էին դոմինանտ դերակատարում ունենալ հայաստանյան ներքաղաքական կյանքում: Հիմա, այս նոր ընկալումների մեջ, դա էլ պետք է բերվի նորմալ հարաբերությունների դաշտ: Այդ մասնակցությունը կարող է լինել սիմվոլիկ, փոխանցվող գումարի չափը քաղաքական քննարկման հարց է: Բայց այդ գումարը չետք է գերիշխող դեր կարողանա խաղալ»: Հիշեցնում է` ժամանակ առ ժամանակ եղել են մարդիկ, որ մեծ գումարով եկել են եւ փորձել են այստեղ հարցեր լուծել: Բերում է Արկադի Վարդանյանի օրինակը. «Այդ հարցերը պետք է օրինական դաշտ բերել, կարգավորել, վերահսկել»:

Արտակ Կիրակոսյանը կարծում է, որ մեր պետական համակարգը եվրոպական տեսակի շենք ենք սարքել. «Բուն շենքը ճիշտ նախագծով է, բայց սենյակներն իրենց նշանակությամբ չէին օգտագործվում: Հիմա մաքրելու շատ լավ հնարավորություն է: Այս իշխանության, ժամանակավոր կառավարության դերը ես դրանում եմ տեսնում. ոչ թե փորձել այդ շենքը վերանորոգել, պատշգամբ սարքել եւ այլն: Նախ` դա ժամանակավոր կառավարությամբ չես կարող անել, ապա` հասարակությունից այդ մանդատը չունես: Իմ ընկալմամբ՝ իրենք շենքը մաքրելու մանդատ ունեն, աղբը թափելու, նոր ընտրություններ անցկացնելու, հետո նոր հասկանալու` վերանորոգման կարիք ունե՞նք, թե՞ ոչ, ինչպե՞ս պետք է կահավորենք»:
Դիտարկմանը, որ արտահերթ ընտրությունների անցկացման հարցում դեռեւս անհստակություն է, թեեւ նոր իշխանությունը հենց այդ ալիքով եկավ իշխանության, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա շատ վտանգավոր տենդենց կարող է լինել: Եթե դու իշխանության ես եկել եւ հայտարարում ես` էնպիսի մի մանդատ ունեմ, որ ինչ էլ անեմ` ժողովրդի անունից է, սխալ մոտեցում է: Այդպես չպետք է լինի: Իմ կարծիքով՝ այս իշխանությունները եկել են շատ կոնկրետ նախագծով` արտահերթ ընտրություններ, ընտրական օրենսդրության փոփոխություն, իշխանության թեւերի տարանջատում, կուսակցական եւ պետական մարմինների տարանջատում: Այդ ուղղությամբ քայլեր անում են, եւ եթե դրա վրա կենտրոնանան ու հաջողություններ ունենան, ժողովուրդը շատ գոհ ու երջանիկ կլինի, դրական կընդունի իրենց արած գործը: Բայց եթե հիմա սկսեն նոր գաղափարներ մոգոնել` սփյուռքի պալատ, կրթական նոր` ոչ 12-ամյա համակարգ, առողջապահական նոր հարցեր, թեկուզ պատվաստումներին վերաբերող եւ այլն… կներեք, մենք կդիմանանք մի 3-4 ամիս, մի հատ սկսենք տունը մաքրել, հետո դասավորել»:
Հանրային ընկալումներում մեր զրուցակիցը «նիկոլիզմի» դրսեւորումներ չի տեսնում: «Նիկոլին ուղղակի մանդատ է տվել հանրությունը, փոխադարձ սիրո պատմություն է: Նիկոլը փորձում է իր ուղիղ եթերներով պահպանել դա, ինչը որոշ ժամանակ կաշխատի, եւ վատ չի:

Օրինակ, որ ասաց` ժամը 15.00-ին բացում ենք ճանապարհները, եւ բացեցին: Հանրային վստահությունը շատ հիասքանչ ռեսուրս է, որն ինքը կարող է օգտագործել որոշակի փոփոխությունների հասնելու համար: Խնդիրն այն է, թե ինչի՞ն է ուղղվելու դա: Մարդիկ ուզում են ձերբազատվել ՀՀԿ-ական կորպորացիայից: Ես միշտ առանձնացրել եմ Հանրապետական կուսակցությունը ՀՀԿ-ական կորպորացիայից, որի անդամ էին դառնում, որոշակի արտոնություններ ստանում, եւ այդպես խեղդվում էր ողջ համակարգը, պետությունը: Այս իշխանության գործը ՀՀԿ-ական կորպորացիայի կազմալուծումն է, ՀՀԿ-ն էլ լավ կուսակցություն կդառնա, թե վատ՝ իրենց խնդիրն է: Եթե իրենց գործողությունները այդ հարցերին են ուղղված` շատ լավ է: Դեռ ինչ ասել է այդ ուղղությամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել է: Ասենք, նույն արտաքին քաղաքականության մասով նա ասաց` ինձ այդպիսի մանդատ չեն տվել. երբ ես փողոցներով էի գնում, գյուղից գյուղ էի գնում, ոչ ոք չէր ասում` ՌԴ-ից հեռացեք, գնացեք այլ կողմ: Արդյո՞ք իրեն ասել են, որ Սփյուռքի երկրորդ պալատ պիտի լինի: Գուցե մի քիչ ծայրահեղ օրինակ եմ բերում, բայց… վստահ եմ` մեր երիտասարդ ու խելացի կառավարության անդամները ապագայի հետ կապված շատ լավ գաղափարներ ունեն, բայց դրանք պահեք ընտրություններից հետո: Կլինեն ընտրությունները, ձեր ծրագրերը ներկայացրեք ժողովրդին, կքվեարկեն` բարի ճանապարհ, իրագործեք այդ ծրագրերը: Այսօր նոր բաներ պետք չեն, տունը մաքրեք»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

19.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031