Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տասնմեկ նախագահների գործով»

Մայիս 21,2018 13:30

Առաջին ատյանի դատարանն առանց մեղադրողի միջնորդության որոշում է կայացրել ամբաստանյալի կալանքը երկարացնելու մասին

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատն անդրադառնալով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության նախկին պետի եւ տասը նախագահների գործին, իրավական գնահատականներում մեջբերել էր ՌԴ սահմանադրական դատարանի 2004 թվականի ապրիլի 8-ի թիվ 132-Օ, ինչպես նաեւ՝ 2005 թվականի մարտի 22-ի թիվ 4-կ որոշումները: Մասնավորապես այն վերաբերում էր դատական նիստին նախապատրաստվելու փուլում առանց նիստ անցկացնելու մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրված կալանավորման կապակցությամբ որոշում կայացնելու հնարավորության հարցին:

ՌԴ ՍԴ-ն գտել էր, որ հիշյալ խափանման միջոցի կապակցությամբ որոշում կայացնելու ընդհանուր կանոնները սահմանող նորմերը (ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 108-109-րդ հոդվածներ) կիրառելի են նաեւ այս դեպքում, դատարանը որոշում կայացնելիս պետք է դատական նիստ հրավիրի եւ ապահովի անձի մասնակցությունը։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանին մեղադրանք էր առաջադրվել, որ նա թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ժաննա Հովհաննիսյանից եւ իրեն ենթակա ԲՍՓ հանձնաժողովների մնացած նախագահներից ստացել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 1.528.600 դրամին համարժեք կաշառք:

Ժաննա Հովհաննիսյանը Արմեն Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 22-ին նրա աշխատասենյակում որպես կաշառք տվել է 200.000 ՀՀ դրամ, բաժնի պետ Արամ Պետրոսյանը որպես կաշառք տվել է 150.000 ՀՀ դրամ:

Այս քրեական գործով անցնում են Արոնա Սիմոնյանը՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ, Զորիկ Մկրտչյանը՝ Արարատի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության նախագահ, Երեմ Մարգարյանը՝ Շիրակի մարզի թիվ 3 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ, Լիլիա Մանուցյանը՝ Սյունիքի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ, Արմեն Ավետյանը՝ Երեւան քաղաքի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ, Ցիալա Խուդինյանը՝ Վայոց ձորի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ, Ժիրայր Պետրոսյանը՝ Կոտայքի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ, Արշավիր Հմայակյանը՝ Արմավիրի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը, Ալլա Թովմասյանը՝ Արարատի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ, Շողիկ Ավետիսյանը՝ Երեւան քաղաքի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի բժիշկ-փորձագետ:

Վճռաբեկ բողոք կալանքի հետ կապված բերել էր Արմեն Սողոյանը: Առաջին ատյանը խափանման այլընտրանքային միջոց չէր կիրառել, պատճառաբանելով, թե հավանականությունը գործի քննությանը խոչընդոտելու առկա է. «Առաջին ատյանի դատարանն առհասարակ որեւէ պատճառաբանություն չի մատնանշել։ Իսկ ինչ վերաբերում է վերաքննիչ դատարանին, ապա վերջինս հղում է արել հանցագործության ծանրության աստիճանին եւ հնարավոր պատժի խստությանը»։

Բողոքաբերի գնահատմամբ, դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ գործի քննությունը տեւում է արդեն շուրջ տասը ամիս, եւ այս ընթացքում Արմեն Սողոյանի կողմից քննությանը խոչընդոտելու հավանականությունը չէր կարող մնալ նույն մակարդակի վրա, որքան քննության սկզբնական փուլում։ Ըստ բողոքաբերի` դատարանները վերաբերելի եւ բավարար ապացույցների (նյութերի) մատնանշմամբ պետք է ցույց տային, թե ինչու են համարում, որ քննության այս փուլում դեռեւս բարձր է Ա. Սողոյանի կողմից քննությանը խոչընդոտելու հավանականությունը։ Նման վերլուծություն դատարանների կողմից չի կատարվել, եւ նման հիմնավորումներ քննարկվող որոշումների մեջ առկա չեն։
Բողոքաբերը նշել է, որ դատարանները հաշվի չեն առել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը ոչ թե իմպերատիվ հիմք են անձին կալանավորելու համար, այլ պարզապես հիմք են հանդիսանում որեւէ տեսակի խափանման միջոց կիրառելու համար։

Ի դեպ, ըստ բողոքաբերի. «Քննարկվող որոշումների մեջ ոչ մի նշում չկա այն մասին, որ վերլուծվել են ու հաշվի են առնվել Ա. Սողոյանի անձին կամ նրա դրսեւորած վարքագծին վերաբերող հանգամանքներ։ Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել եւ որոշման մեջ առհասարակ չի գնահատել Ա. Սողոյանի անձին վերաբերող հանգամանքները, այն է` ա) ունի չորս անչափահաս երեխա, որոնց միակ կերակրողն ինքն է հանդիսանում, իսկ երեխաների մայրը, երեխաներին խնամելու կապակցությամբ, գտնվում է երկարատեւ չվճարվող արձակուրդում, բ) նրա ընտանիքը, բնակարանը, աշխատանքը գտնվում են Հայաստանում, գ) երբեւէ քրեական պատասխանատվության ենթարկված չի եղել, նրան արատավորող որեւէ տեղեկություն չկա։ Իսկ վերաքննիչ դատարանը համարել է, որ այդ հանգամանքները բավարար չեն Ա. Սողոյանի հետագա հավանական ոչ իրավաչափ վարքագիծը բացառելու համար»։

Այս գործով արտառոցն այն է եղել, որ առաջին ատյանի դատարանն առանց մեղադրանքի կողմի միջնորդության, որոշում է կայացրել Ա. Սողոյանին կալանքի տակ պահելն անորոշ ժամկետով երկարացնելու մասին։ Պաշտպանական կողմի դիտարկմամբ, արդյունքում կայացված որոշումը «չի եղել մրցակցային»։

Բողոքաբեր կողմը խնդրել էր կալանքը որպես խափանման միջոց վերացնել եւ Արմեն Սողոյանին ազատել կալանքից կամ բեկանել առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը` խափանման միջոցին վերաբերող մասով, ինչպես նաեւ վերաքննիչ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 29-ի որոշումը եւ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի եւ որոշում կայացնել Արմեն Սողոյանին կալանքից գրավով ազատելու մասին` սահմանելով գրավի ողջամիտ չափ։
Ամբաստանյալ Արմեն Սողոյանի պաշտպանը Հայկ Ալումյանն է:

Վճռաբեկ դատարանը բողոքի վերաբերյալ վարույթը կասեցրել է, դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` միջնորդելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերին հակասող` այնքանով, որքանով գործը դատական քննության նախապատրաստելու փուլում չի նախատեսում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննարկումը մեղադրյալի կամ նրա պաշտպանի մասնակցությամբ դատական նիստով կատարելու կարգ։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031