«Երեւան, իմ սեր» հիմնադրամի
տնօրեն Արշակ Կարապետյանի դիտարկումները
«Երեւան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը «Առավոտի» հետ զրույցում խոսելով մամուլում տարածված այն տեղեկատվության մասին, ըստ որի՝ Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարեւանությամբ գտնվող հին Երեւանի շենքերից մեկի քարերը գողացվել են, եւ հիմա հիմնադրամը կանգնել է խնդրի առաջ, պատասխանեց. «Այն կենտրոնը, որ պետք է կառուցվեր Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարակից տարածքում, դա հին շենքի վերականգնում չէ, այլ հին ոճի պահպանմամբ նոր շենքի կառուցում է, հետեւաբար քարերի հարց այդտեղ չէր էլ կարող լինել: Ի սկզբանե այդ տարածքում հին շենքը չպետք է վերականգնվեր, որ քարեր կորչելու խնդիր առաջանար»:
Նա նաեւ մանրամասնեց հետեւյալը. «Ի սկզբանե նախատեսվում էր, որ այդտեղ կառուցվելու է 3 շենք, երկուսը` եկեղեցու աջ կողմում, մյուսը` առջեւում: Ի դեպ, մենք պատրաստ ենք վաղը եւեթ սկսել շինարարությունը, որովհետեւ անհրաժեշտ գումարը, շինթույլտվությունը առկա են, շինարարական ընկերությունն ընտրված է: Չսկսելու միակ պատճառը կոնդեցիների բողոքելն է: Տարածքն իրացման գոտի էր հայտարարվել, նրանց տները քանդվել էին, ու մինչեւ հիմա այդ մարդկանց չեն ապահովել բնակարանով:
Մի պահ ուզում էինք սկսել, իրենք խնդրեցին մի փոքր էլ սպասել, եւ խորհրդի նախագահ պարոն Սարգսյանն ընդառաջեց իրենց: Հասկանալի է` մարդիկ հուսահատության եզրին են: Մենք այդ հարցը մի քանի անգամ բարձրացրել ենք նախորդ կառավարության առաջ, խոստացել էին, որ այս տարի կլուծվի: Այդ պատճառով շինթույլտվությունը թարմացրինք, նորից շինարարական պարիսպ դրեցինք, բայց մարդիկ դարձյալ բողոքում են իրենց իրավունքների համար: Ասում են` մենք «Երեւան, իմ սեր» հիմնադրամի դեմ ոչինչ չունենք, բայց սա եւս մի առիթ է, որպեսզի բարձրաձայնենք մեր խնդիրը: Ասում են` մենք ձեզ հետ կոնֆլիկտի մեջ կմտնենք, լրագրողներ կգան, կասենք` տեսեք, թե որերորդ տարին է, մեր բնակարանները չեն տալիս: Կոնդեցիները նաեւ երկու անգամ փողոց են փակել, նախկինում նախագահ Սերժ Սարգսյանը մեքենայից իջել է, այդ հարցը պարզաբանել է իրենց: Բայց, ցավոք, մարդկանց խնդիրը տարիներով չի լուծվում: Տրամաբանական փաստարկներով ոչ «Երեւան, իմ սեր» հիմնադրամը կապ ունի այդ շենքը կառուցող ընկերության հետ, ոչ էլ մեր կենտրոնի չկառուցումը որեւէ կերպ արագացնելու է կոնդեցիների շենքի կառուցումը: Բայց քանի որ տեսնում ես, որ այդ մարդիկ ընտանիքներով դրսում են մնացել, հուսահատ են, զգացմունքային համակրանքի հարթության մեջ ես խնդիրը դիտարկում ու չես ցանկանում իրավաբանական կամ այլ ընթացք տալ: Իրականում այդ կենտրոնը մենք կառուցում ենք համայնքի բնակիչների, նրանց երեխաների համար: Դա լինելու է հանրային համայնքային կենտրոն, որը ծառայելու է մանուկների կարիքներին, ունենալու է սրահ, որտեղ համայնքի բնակիչները նույնպես կարող են իրենց հավաքույթներն անցկացնել, քննարկումներ անել, միջոցառումներ իրականացնել… Կոնդեցիները հավաստիացնում են, որ եթե իրենց բնակարանային խնդիրը լուծվի, կգան մեր վարպետների հետ քար կշարեն»:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Երեւան, իմ սեր» հիմնադրամին տրված հին շենքերի ցանկին, հարցրինք` արդյոք հիմնադրամը հասցրե՞լ է այն ուսումնասիրել:
Արշակ Կարապետյանը նշեց, որ դեռեւս ինչ-ինչ շենքեր չեն առանձնացրել, բարեգործական ծրագրերի իրականացման համար, քանի որ քաղաքական հայտնի իրողությունների պատճառով ժամանակավոր դադար են ունեցել: Նաեւ հավելեց, որ խնդիր ունեն Երեւանում գտնել համայնքային նշանակության հին շենքեր: «Երեւան, իմ սեր» հիմնադրամի ծրագրերը, ըստ էության, 2 թիրախի են ուղղված. առաջնայինը` Երեւանի ճարտարապետական, մշակութային ժառանգության պահպանում եւ այնտեղ մանուկների, սոցիալական թիրախային խմբերի համար ծրագրերի իրականացում: Այսինքն՝ շենքերի իրականացումն ինքնանպատակ չէ, այդ շենքում չի կարող կոմերցիոն սկզբունքներով ինչ-որ բան գործել: Մի խնդիր էլ կա. մի շարք շենքեր սեփականաշնորհված են ու սովորաբար դրանք վաճառվում են անտրամաբանական գնով, այդ պատճառով դու հասկանում ես, որ բարեգործական բյուջեի մեծ մասը կարող է գնալ այդ շենքի սեփականատիրոջը: Դրա համար էլ նախընտրելի է համայնքին պատկանող ինչ-որ բան վերականգնել, այնտեղ սոցիալական ծրագիր իրականացնել, գումարն էլ նպատակային ծախսել: Նախարարության ցանկը այժմ դիտարկում ենք: Ասեմ ավելին, դիտարկում ենք նաեւ նման շենք Գյումրիում, ծրագիր ունենք Էջմիածնում, վերականգնելու ենք Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հարակից քաղաքային այգին, որտեղ նույնպես լինելու է մանկական կենտրոն: Քանի որ հիմա Մայր աթոռում շինարարություն է գնում, առաջիկայում նախորդ վեհափառների աճյունները պետք է տեղափոխվեն նոր կառուցվող հանգստարան, մենք սպասում ենք շինարարության ավարտին, որպեսզի սկսենք մեր աշխատանքները: Ունենք նաեւ Վեհափառ հայրապետի օրհնությունը»,- հայտնեց «Երեւան, իմ սեր» հիմնադրամի տնօրենը:
Հարցրինք, թե ինչ եղավ Ծիծեռնակաբերդի այգու բարեկարգման եւ Սփյուռքի թանգարանի կառուցման իրենց նախաձեռնությունը, որի մասին մի ժամանակ բարձրաձայնել էին:
«Դա մի քանի տարի առաջվա խնդիր էր, եւ որոշակի կասեցումը պայմանավորված չէ «Երեւան, իմ սեր» հիմնադրամի հետ, պարզապես այգու հետ կապված որոշակի խնդիրներ կան, այնտեղ զվարճանքի հաստատություններ են գործում, հողերի մի մասի կարգավիճակը հստակեցված չէ, գործընթացը ժամանակ է պահանջում՝ մինչեւ հարցերը լուծվեն: Մեր նպատակները չեն փոխվել: Երբ այդ ամենը կկարգավորվի, մենք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին կներկայացնենք, որ ունենք գործողությունների դաշտ, ապա կանցնենք իրականացմանը, որովհետեւ նույն այգու նախագիծն արդեն մշակվել է արտասահմանյան շատ հայտնի կազմակերպության կողմից, որը լանդշաֆտ դիզայնի հայտնի արվեստանոցներից մեկն է»,- պատասխանեց մեր զրուցակիցը:
Նաեւ հարցրինք, թե ինչո՞ւ ի տարբերություն այլ հիմնադրամների, «Երեւան, իմ սեր»-ի վերաբերյալ հանրությունն այդքան տեղեկացված չէ: Արշակ Կարապետյանը պատասխանեց, որ ցանկանում էին նախ գործել, հետո արդյունքներով ներկայանալ, ինչի ապացույցը, ըստ նրա, իրենց առաջին նախագիծն է` խոսքը Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում կառուցված անապահով եւ հաշմանդամ երեխաների ուսումնական եւ վերականգնողական ժամանակակից կենտրոնի մասին է, որի բացմանը ներկա էր ՀՀ նախագահը, արտասահմանցի բարձրաստիճան հյուրեր: Նա մանկական վերականգնողական կենտրոնի կառուցումը այցեքարտային նախագիծ է համարում, ասում է, որ այն բնույթով եզակի է Հայաստանում, չկա որեւէ այլ նախագիծ, որն այդպիսի միջավայր է ստեղծել մանուկների համար:
Արշակ Կարապետյանին հարցրինք, թե իր կարծիքով՝ Երեւանի դիմագծում հատկապես ի՞նչը հոգածության կարիք ունի: «Մեր ժառանգությունը, որովհետեւ քաղաքի դիմագիծը կապն է անցյալի եւ ներկայի միջեւ: Եվ եթե այս տարի տոնում ենք Երեւանի հիմնադրման 2800-ամյակը, ապա զբոսաշրջիկներին խնդիր ունենք ցույց տալու հին Երեւանը, գոնե 200, 300 տարվա: Այդ խնդիրը պետք է նոր կառավարության ուշադրության կենտրոնում լինի»: Պարզեցինք, որ նա իր հյուրերին միշտ տանում է հատկապես Էրեբունի թանգարան` Երեւանի ծննդյան վկայականը ցույց տալու, հպարտությամբ ցուցադրում է նաեւ իրենց կառուցած շենքը Սուրբ Սարգսի հարեւանությամբ:
Արշակ Կարապետյանը մեր զրույցի ավարտին ասաց, որ կուզենար Երեւանը սիրող քաղաքապետ ու ավագանու անդամներ տեսնել:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
19.05.2018