Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը փորձում է կանխել արտագաղթը հեռավոր Ամասիայից (Ֆոտոշարք)

Մայիս 21,2018 11:01

Երեկ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Շիրակի մարզի Ամասիա համայնքում տեղի ունեցավ ՀՀ կառավարության և Եվրամիության համաֆինանսավորմամբ սկսված «ԵՄ-ն Շիրակի մարզին՝ նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի բացումը։

Հիշեցնենք, որ ծրագրի ֆինանսավորումը կազմում է 350 հազար եվրո, որից 100 հազարը ծախսվելու է բրդի վերամշակման սարքավորումներ ձեռք բերելու համար։

Միջոցառմանը մասնակցում էին բարձրաստիճան հյուրեր՝ ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, որի Շիրակի մարզպետ լինելու ժամանակ է մեկնարկել այս ծրագիրը։

Որպես ապացույց, որ նմանատիպ ծրագրերը հեռանկարային են, Ամասիայի գյուղապետարանի դիմացի այգում կազմակերպել էին Սյունիքի մարզում նմանատիպ ծրագրով իրականացվող արտադրանքի ցուցադրություն։ Տեղում ցուցադրում էին, թե ինչպես են ոչխարի բուրդը մշակում, թել ստանում, գորգ գործում։

«Մարդը կարիքի մեջ» Հ/Կ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցն իր ելույթում նշեց, որ այն 60 աշխատատեղ կբացի, և որ այս թվականի մարտի 1-ին մեկնարկած ծրագիրը ունի երկու տարի տևողություն։

«Ամասիա համայնքում բրդի վերամշակման գործարանի գործարկումը տարածաշրջանում տնտեսական զարգացման լայն հնարավորություններ է ստեղծում, գործարանում կկատարվեն բրդի մթերման, լվացման, մանման, թելի արտադրության և թելի բնական ներկման աշխատանքներ։ Ծրագիրը նաև լայն հնարավորություն է ստեղծում փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման համար։ Լավագույն բիզնես գաղափարների զարգացման և խրախուսման համար մենք կունենանք գործող և նորաստեղծ բիզնեսների առաջխաղացման լուրջ հնարավորություններ, ծրագրի արդյունքում մարզում կստեղծի ավելի քան 60 աշխատատեղ։ Ծրագրի շրջանակներում նպատակ ունենք աջակցել և մարզում կրճատել աղքատության և միգրացիայի ցուցանիշը, ինչպես նաև նպաստել տուրիզմի զարգացմանը», -ասաց Վարդուհի Դադունցը։

Նա նաև նշեց, որ ծրագիրը կնպաստի տարածաշրջանում ոչխարաբուծության զարգացմանը՝ կայուն եկամուտ ապահովելով տեղի ֆերմերների համար։

Ամասիայի գյուղապետ Ջեմմա Հարությունյանն էլ հույս հայտնեց, որ այս ծրագրով որոշ չափով կկանխվի արտագաղթը։ Ըստ նրա, արտագաղթը բավական մեծ է բազմաբնակավայր համայնքում։

Պյոտր Սվիտալսկին այն համարեց գեղեցիկ ծրագիր՝ նշելով, որ Եվրամիությունը միտված է ապահովել ՀՀ մարզերի զարգացումը։ Նա նաև նշեց, որ Շիրակի մարզը Հայաստանի Հանրապետության ամենագողտրիկ տեղանքներից մեկն է և հույս հայտնեց, որ ծրագրի իրականացումն այստեղ արդյունավետ կլինի։

Նորանշանակ գյուղնախարար Արթուր Խաչատրյանն այս ծրագիրը կարևորեց նրանով, որ կնպաստի վերականգնել ավանդական ոչխարաբուծությունը։ Ըստ նախարարի, Հայաստանում ժամանակին ավելի քան 2 միլիոն գլուխ մանր եղջերավոր կենդանիներ ենք ունեցել, այսօր այս թիվը 4 անգամ պակաս է։ Նա նաև ասաց, որ ոչխարաբուծությունը պետք է կարողանանք զարգացնել՝ հաշվի առնելով մսի նկատմամբ հարատև պահանջարկը։

«Որպեսզի ունենք լավ բուրդ, պետք է ունենք լավ ոչխար, իսկ լավ ոչխար առանց կերային բազայի, առանց լավ մշակվող հողերի, արոտավայրերի, հնարավոր չէ պատկերացնել»,- ասաց Արթուր Խաչատրյանը։ Նա նաև նշեց, որ եթե ուզում ենք կանխել արտագաղթը, սակավահող երկրում այլևս չունենալ 40 տոկոս չմշակվող հողատարածքներ, պետք է օժանդակել փոքր արտադրողների և վերամշակողներին, ոչ միայն խոշոր բիզնեսը։ Իսկ այս ծրագիրը, ըստ նախարարի, օրինակելի է։

 

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ, մանրամասն խոսելով ՀՀ-Եվրամիության համատեղ իրականացվող ծրագրերի մասին, ասաց, որ նախարարությունը կարևորում է մարզերի համաչափ զարգացումը և 2009 թվականից ի վեր երկխոսության մեջ է Եվրամիության հետ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031