Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ տուրում «Գանձասար Կապանին» հաղթելուց եւ չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախագահ Բագրատ Նավոյանն Aravot.am-ին ասաց. «Դժվար մրցաշար էր բոլոր վեց թիմերի համար էլ: Չորս թիմ պայքարում էր չեմպիոնության համար: Բոլորն էլ գիտեն, որ ես մաքսիմալիստ եմ, եւ իմ միակ նպատակը չեմպիոնության համար պայքարելն է, եվրալիգաներում հաջողությունների հասնելը, որպեսզի հայ ֆուտբոլասերներին ուրախացնենք»: Ակումբի նախագահը նաեւ տեղեկացրեց, որ թիմն ուժեղացնելու ծրագիր էլ կա. «Թիմն անպայման ուժեղացնելու ենք եւ մի քանի օր հետո կարող եմ ասել՝ ինչ ենք անելու», – ասաց Բագրատ Նավոյանը:
Նա նաեւ անդրադարձավ «Շիրակ» ՖԱ-ի հետ կապված սկանդալին: «Շիրակի ֆուտբոլիստները մեծ աշխատանք են կատարել, բայց մի բանի համար, չգիտեմ դա ինչպես անվանել՝ դժբախտություն, թե հանցագործություն, այսպիսի պատմություն առաջացավ: Ես որպես ֆուտբոլային ակումբի նախագահ ցանկանում եւ կոչ եմ անում, որպեսզի դա հայկական ֆուտբոլում լինի վերջինը», – ասաց Բագրատ Նավոյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ