Լրահոս
Օրվա լրահոսը

Պարո′ն Փաշինյան, այդ քայլը հիմա մի արեք…

Մայիս 20,2018 23:13

Նիկոլ ջան, այս անգամ Ձեզ դիմելու եմ որպես ՀՀ վարչապետ` պարոն Փաշինյան. լավ չի, որ այսքան արագ հարազատ «Դու»-ից անցնում եմ պաշտոնական «Դուք»-ի: Պատճառը մշակույթի հանդեպ Ձեր վերաբերմունքն է:

Ներկայացնեմ «Փաստի» հիմքը:

Անկեղծ ասած չգիտեմ դրա իսկության աստիճանը, բայց անընդհատ աչքի առաջ է: Ես չեմ կարող ճշտումներ անել, ի վերջո պրոֆեսիոնալներ են – երևի մի բան գիտեն: Տա Աստված, սխալվեմ:

Եթե «Փաստը» բարձրաձայնում է սույն փաստը, ուրեմն ինչ-որ հիմք ունի: Ամեն դեպքում անկրակ ծուխ չի լինում: Իսկ «աչք ու հոգի մռմռացնող»  ծուխն այն է, որ. –Մեջբերում. – «Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն ամբողջությամբ ձևավորված է և անցել է աշխատանքիՆշանակված նախարարներից բոլորից շատ տարակուսանքի տեղիք տվեցին մշակույթի և սփյուռքի նախարարների նշանակումները (Տարբեր պատճառներով):

Ըստ «Փաստ» թերթի աղբյուրների, իրականում ժամանակավոր կառավարության կազմում այս նշանակումները առավել ժամանակավոր են, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Ազգային Ժողով ներկայացնել կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն:

Ըստ այդմ կառաջարկվի նշյալ երկու նախարարությունները փակել և դարձնել կառավարությանն առընթեր մարմիններ: Մեկ այլ վարկածով, Սփյուռքի նախարարությունը կարող է դառնալ ԱԳՆ ստորաբաժանում:

Չի բացառվում, որ կառավարությանն առընթեր մարմին դառնա նաև Տարածքային կառավարման նախարարությունը: Փոխարենը, ամենայն հավանականությամբ, նախարարության կարգավիճակ կստանան ՀՀ Ոստիկանությունը (կկոչվի ներքին գործերի նախարարություն) և Ազգային անվտանգության ծառայությունը» (ընդգծումը մերն է):

Խոսքն այս մասին է.- …. նշյալ երկու (մշակույթի և սփյուռքի)  նախարարությունները փակել և դարձնել կառավարությանն առընթեր մարմիններ….

Պարզ է, որ այս «ծուխը» առաջարկ է կամ միտք ընդամենը, հուսամ` դեռ  որոշված չէ, բայց մշակույթի մարդու իմ արձագանքը հարկ է, որ արագ լինի` Ձեր գործողությունից առաջ,-Անիմաստ կլինի  խոսել «սև» գործն անելուց հետո:

Օր առաջ  պետք է Ձեզ խնդրեմ, որ այդ քայլը չարվի: Հենց հիմա, այս կիրակի օրով: Եթե ժամանակ չունեք, ավելի լավ կլինի եղածը պահել, մինչև որ ժամանակ կգտնեք բոլորի համար ընդունելի քայլ անել:

Անընդունելի է այդ մոտեցումը գոնե մշակույթի մարդկանց համար: Մի քամահրեք, խնդրեմ: Չգիտեմ` ում հետ եք խորհրդակցել, չի երևում, թե մշակույթի մարդ եղել է Ձեր կողքին: Քանդելը չափազանց հեշտ է, որակ ստեղծելն  է դժվար: Հույս կա, որ դա կանեք: Եվ պետք չի, որ  Հայաստանում մշակույթի տեղ  ոստիկանությունը գա – չգիտեմ, ինչ ասեմ-Մշակույթի տեղ ոստիկանական երկի՞ր, -տարակուսելի է- ավելի վատ է, քան սրանից առաջ: Ձեզ հետ զարգացման հույս ենք կապում և ոչ թե եղածը քանդելու արագություն:

Պարզ է` երկար եք մտածել, բայց երկար մտածելը ճիշտ քայլ անելու երաշխիք չի: Լավ կլիներ իմացողի հարցնեք: Եթե մարդ մի բան չգիտեի, երկար մտածելը չի փրկի: Արդեն երևում է, որ «ինչ ուզեք այդպես կանեք»: Դա անհասկանալի է Ձեր խոսքերից հետո:

Ինչո՞վ եք տարբերվելու նախորդներից`1918-ից մինչև 2018, որ երբեք ոչ մեկին չեն լսել -Մշակույթին նայել են «ամեն ինչ իմացող», «մի բան լսած», «ուժեղ» ղեկավարի կոշտ դիրքից:

Մշակույթի հանդեպ Ձեր առաջին նշանակված քայլին բոլորս «ըմբռնումով» մոտեցանք, շատ պատրաստակամ ու ներողամիտ:  Չափազանց: Նույնիսկ ասացինք «գուցե լավն էս ա»:

Ինքս անձամբ Ձեզ ու Լիլիթին  մշակույթի նշանակության մասին մի հայրական հոդված հղեցի, «Առավոտում» չորս օրում կարդացին 7700  (ֆիքսված) մարդ, բացի Ձեր աշխատակազմից, քանի որ ոչ որևէ արձագանք կա, ոչ որևէ զանգ: Հասկանալի է, որ շատ եք «զբաղված»:

Իսկ եթե այդքան մարդ կարդացել և 1700-ը «հավանել են», ապա դա միայն իմ կարծիքը չի: «Ժամանակ չկա» արտահայտություն պրոֆեսիոնալ դաշտում  երբեք մի օգտագործեք –Դա առնվազն ծիծաղելի է – ոչ մի պրոֆեսիոնալ երբեք ժամանակ չունի, բայց ամեն ինչ հասցնում է: Նորից չեմ կրկնի, որ մշակույթը հայ ժողովրդի դեմքն է, գոյության իմաստը, բուն զորությունը,

Պրոֆեսիոնալ լրագրող եք – աչքի անցկացրեք նախորդ գրածս – արագ կտեսնեք, թե ինչ է գրված: Միայն մի քանի  կարևոր դիտարկում. մշակույթը` նախարարության ֆինանսատնտեսական բալանսը չէ, դա շեղող դրույթ է:

Պետք չէ բյուջեի տեղաշարժով դատել – դա ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ հետ կապ չունի: Մինչև հիմա հենց «փող կա-չկա»-ի պատճառով է քայքայվել է  մեր մշակույթի դաշտը: Լայն առումով ՄՇԱԿՈՒՅԹԸ մարդկային հղկված, մշակված գործունեության բարձրակետն է:

Ազգի և պետության դեմքը, ժողովրդի բարեկիրթ կեցությունը, երկրի զարգացման աստիճանը:Մշակույթը` կրթության, գիտության և արվեստի ամբողջականությունն է – երկրի մակարդակը:

Ի վերջո Հայաստանը հայտնի է որպես մշակույթի երկիր: Հին մշակույթի, բայց ոչ`նոր: Եթե մշակույթը հանվի Հայաստանից, կկորցնենք մեր միակ դեմքը: Մնացածը չնչին բաներ են:

Եվ փոխարենը ոչինչ չի դրվի: Քաղաքական բոլոր «նվաճումները» ճամարտակություններ են: Հայաստան, նշանակում է հայերի երկիր, իսկ հայ լինելը խտացված է երկրի մշակույթում:

Հավատում  ենք, թե մշակույթը կդառնա պետության ամենաբարձր աստիճանը, երկրի դեմքը: Մի շտապեք և խնդրում եմ, այս պահին  դեռ մի լուծարեք մշակույթի նախարարությունը: Գիտենք, որ շատ բաներ տեղում չեն, նույնիսկ շատ կարևոր մասնագետներ: Բայց…

Գուցե ջանք թափենք. մի նոր որակի բերվի կառույցը – նոր մոտեցումով, ժամանակակից: Գուցե ավելի բարձր աստիճան գտնեք հետո: Ավելի հանդարտ պայմաններում: Պարոն Փաշինյան այդ քայլը հիմա մի արեք…  ամեն դեպքում – հապճեպ է:

Հայկական մշակույթի հսկայական բանակը  հաստատ չի ընդունի:

Սիրով` ռեժիսոր Լևոն Իվանյան

20 մայիս 2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ես հավատացած եմ որ այս խոսաքցությունները ՍԽԱԼ ԼՈՒՐԵՐ ԵՆ

    Նման բան չի կարող կատրվել,բացառվում է…

  2. Գէորգ says:

    1000% դէմ եմ մշակոյթի նախարարութեան վերացման, եւ 1000% կողմ սփիւռքի նախարարութեան որպէս ԱԳՆ ստորաբաժանում:

  3. Ռուբեն says:

    Կարդալով այս հոդվածը և «Նիկոլ ջան, քեզ եմ ասում, Լիլիթ ջան, դու լսիր» հոդվածը, հիացա, թե ինչպիսի արժեքավոր նշանանակության հոդվածներ են: Հայ մտավորականը` ռեժիսոր Լևոն Իվանյանը մեզ է փոխանցում իր ապրած մշակութային կյանքի արդյունքում ձեռք բերած խորքային փիլիսոփայության շեշտադրումները, որոնք, իմ կարծիքով, պետք է քննարկման թեմա դառնան կառավարության առաջիկա անելիքների շրջանակում:
    Պարոն Իվանյան, շնորհակալություն Ձեր մտահոգությունները բարձրաձայնելու և մշակութային հարցին յուրովի վերլուծական հմտությամբ անդրադառնալու համար: Հիմնավորված մտքեր էին:
    Իսկ ես կառաջարկեի «Նիկոլ ջան, քեզ եմ ասում, Լիլիթ ջան, դու լսիր» հոդվածի վերնագիրը փոխել այսպես` «Լիլիթ ջան, Նիկոլը հիմա շատ զբաղված մարդ է, փորձիր նրան փոխանցել այս կարևոր մտահոգությունը»:

    • Լևոն Իվանյան says:

      Պարոն Ռուբեն, Շնորհակալություն եմ հայտնում այդքան խորը ապրումակից լինելու համար և բարդագույն թեմայի արժեվորմանը Ձեր մասնակցության համար: Երևում է, որ Ձեր մտահոգությունը մեծ փորձ ունի, քանի որ այդքան խորությամբ թեմայի նշանակությունը և արվածի արժեվորումը կարող է ունենալ մշակույթով ապրած բազմափորձ հայ մարդը: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ԵՎ ԹԵՄԱՅԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԵՇՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031