Սույն թվականի մայիսի 11-ից 19-ը Երևանի Կենտրոն վարչական շրջանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ-ում անցկացվեց Երևանի տղամարդկանց կիսաեզրափակիչ մրցաշարը, որի կազմակերպիչն էր Երևանի շախմատի ֆեդերացիան: Մրցաշարի տնօրենն էր միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը: Մրցաշարի միջին գործակիցը 2090 էր:
Մրցաշարն անցկացվեց 9 խաղափուլով, շվեյցարական մրցակարգով:
Ժամակարգը՝ յուրաքանչյուր մասնակցին 90 րոպե 40 քայլի համար, որից հետո ավելացվում էր 30 րոպե՝ յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան հավելումով:
Մրցաշարին մասնակցում էին տարբեր դպրոցների ներկայացուցիչ 41 շախմատիստներ:
9-րդ խաղափուլից հետո Գրոսմայստերական դպրոցի՝ հիմնադիրներ ՀՀ շախմատի հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Լևոն Արոնյան և Գաբրիել Սարգսյան, 13-ամյա պատանի շախմատիստ Էրիկ Չաքրյանը 7 միավորով նվաճեց մրցաշարի չեմպիոնի կոչումը: Էրիկը փայլուն ելույթ ունեցավ մրցաշարում՝ 6 հաղթանակ, 2 ոչ-ոքի և ընդամենը 1 պարտություն: Էրիկը 57 կետով բարձրացրեց իր միջազգային վարկանիշը:
6,5 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Երևանի Արաբկիր վարչական շրջանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ-ի մարզիչ Էդուարդ Սայադյանը, իսկ 3-րդ հորիզոնականը նույնքան միավորով զբաղեցրեց Լատուշ Սիմոնյանը:
Մրցաշարային ամբողջական աղյուսակին կարելի է ծանոթանալ այստեղ:
Գրոսմայստերական դպրոցի մամուլի քարտուղար
Նարեկ Վարազդատյան