Արդեն 5-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Սյունիքի մարզի Կուրիս համայնքի բնակիչ Բորիս Անդրեասյանին այսօր միացել է ընկերը՝ Սոչիից Հայաստան ժամանած Գագիկ Հարությունյանը: Հացադուլավորները սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, թե միայն նրան են այս երկրում վստահում:
Հիշեցնենք՝ Բորիս Անդրեասյանի ներկայացմամբ՝ հացադուլի առաջնահերթ խնդիրը Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի (պատկանում է «Գեոպրոմայնինգ» խմբի Հայաստանյան ներկայացուցչությանը) աշխատանքի հետեւանքներն են: Նրա փոխանցմամբ՝ բաց հանքի պայթեցումների պատճառով խարխլվել են Կուրիսի տները, քանդվում է գյուղի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին:
Aravot.am-ի հետ զրույցում Բորիս Անդրեասյանը հավաստիացրեց, որ իր պահանջները դեռ չեն բավարարվել: Նա փոխանցեց, թե այսօրվանից սկսել է ջուր խմել, քանի որ հասկացել է՝ եթե ջուր չխմի, իր նպատակներին չի հասնի, մանավանդ, որ նրանց համար, ում պահանջ է ներկայացրել, մարդու կյանքը գրոշի արժեք չունի:
Անդրադառնալով իր հացադուլի առնչությամբ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ հասարակայնության եւ մամուլի հետ կապերի պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանի այն արձագանքին, թե իրենք նման աշխատակից չունեն, և հացադուլի փաստն իրենց համար կասկածելի է, քանի որ իրենց աշխատակիցները պատմել են, որ հացադուլավորին մարդիկ են այցելել, խորոված են կերել, խմել են, աղմուկ արել, պարոն Անդրեասյանը հայտնեց. «Ես, երբ հացադուլի մեջ էի գտնվում ոստիկանության և բժշկական կենտրոնի պարտականությունն էր 24-ժամյա հսկողություն իրականացնել, որպեսզի հիմա ժողովրդի շրջանում սուտ պանիկա չմտցնեին, թե Անդրեասյանը խորովածով է ապրում: Իրենցից ոչ ոք ինձ չի մոտեցել: Քննչական, դատախազություն՝ ոչ մի տեղից ինձ մոտ մարդ չի եկել: Հինգ օր շարունակ Սերժ Սարգսյանի հաջորդները, չկատարելով իրենց պարտականությունները հստակ ու ճիշտ, ինձ մոտ հերթապահություն չեն կատարել, որ հիմա իմ վրա շառ անեն, չհավատալու փորձ ներկայացնեն»:
Բորիս Անդրեասյանը հավաստիացրեց՝ մենք վստահում ենք մեր վարչապետին. «Բացի նրանից ոչ մեկին չեմ վստահում: Նա փոխել է առաջին դեմքերին, բայց ճտերը դեռ նույնն են»:
Գագիկ Հարությունյանն այսօր է միացել հացադուլին: Նա ծնվել է Ագարակում, այժմ բնակվում է Սոչիում, ՌԴ քաղաքացի է: Մեզ հետ զրույցում պատմեց. «Սոչիում լսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ եկել եմ Հայաստան»: Նա վրդովվեց. «Մեր պապական կոթողներին ձեռք տալու իրավունք ոչ ոք չունի: Եկա, ցույցի ժամանակ հանդիպեցի կոմբինատի տնօրենին: Ուզում էի հարց տալ եկեղեցու մասին, հանդիպում նշանակեց: Սակայն հանդիպման օրն ինձ հինգ ժամ սպասեցրեց ու վերջում դուրս եկավ ասաց, թե չի ուզում ինձ հետ խոսել: Գնացի աչքովս տեսա եկեղեցին և հացադուլի մեջ գտնվող Բորիսին: Որոշեցի միանալ նրան, որպեսզի վստահ լինեմ՝ նա անվտանգ է: ՀՀ-ի պատկան կառույցներին ենք դիմել, դիմել եմ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն, որ ինձ համար բժիշկ ուղարկեն, դա էլ չեղավ: Ստացվում է՝ մենք ոչ ՌԴ-ին, ոչ ՀՀ-ին պետք չենք, ուրեմն մենք այստեղ երկուսով սպասում ենք Նիկոլ Փաշինյանին: Այս պետությունում միայն նրան եմ վստահում: Խնդրում եմ, այս ամենը հասցրեք պատկան մարմիններին, որպեսի մեր անվտանգությունն ապահովեն, բժշկական հանձնաժողով ուղարկեն և Նիկոլ Փաշինյանը գա այստեղ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Եթե այդքան արդար եք հրապարակեք վերջին մեկ տարում <> ՍՊԸ ի սեփականատերերի անունները: