Լրահոս
Օրվա լրահոսը

Տհաճ միջադեպ Գյումրու թիվ 27 դպրոցում․ ըստ զոհված հերոսի մոր՝ իրեն հայհոյել են, փորձել են ծեծել

Մայիս 20,2018 20:07

Երկու օր առաջ Գյումրու «Գծի հետև» թաղամասում գտնվող Վազգեն Առաջինի անվան թիվ 27 դպրոցում արտառոց մի պատմություն է տեղի ունեցել, որը բարձրաձայնել է հենց Շիրակի մարզպետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սամվել Գրիգորյանը։ Ըստ նրա ֆեյսբուքյան գրառման, ռազմագիտության նախկին ուսուցիչ, «Մարտական խաչի» շքանշանակիր Գարեգին Ջամբազյանը Մատաղիսում զոհված նորօրյա հերոս Վլադիմիր Մելքոնյանի անվան  դասասենյակից ոչ միայն տարել է նրան պատկանող իրերը՝ լուսանկարները, մոմակալները, շքանշանները, այլ դպրոցի ռազմագիտության դասարանն` առանց պաշտոնական թույլտվության, համապատասխան որոշման անվանակոչել է իր անունով։ Ավելին, ըստ Սամվել Գրիգորյանի, օրերս նա վիճաբանության մեջ է մտել հերոսի մոր՝ տիկին Սվետայի հետ՝ հայհոյելով ու քաշքշելով նրան։

Նշենք, որ Սամվել Գրիգորյանը իր էջում հրապարակել է նաև այն դասասենյակի լուսանկարը, որը Գարեգին Ջամբազյանն, առանց մարզպետի համապատասխան որոշման, իր անունով է կոչել։

Մեկ այլ գրառմամբ, Սամվել Գրիգորյանը, հրապարակել է Վլադիմիր Մելքոնյանի անվան դասասենյակի լուսանկարները՝ նշելով, որ դասասենյակն այլևս գոյություն չունի, պատճառաբանել են, որ երեխաները սթրես են տանում Վլադիմիրի նկարները տեսնելուց։ «Քանի որ Վլադիմիրն առաջին զոհն էր, հենց նույն այդ զինղեկի նախաձեռնությամբ բացվեց դասարան, բայց երբ իմացավ, որ ՆԶՊ դասարանն են անվանակոչելու, ստեղծեց այս խառնաշփոթը, հանուն նրա, որ իր անվամբ լինի, թե ինչու, մեկնաբանում է, որ ինքն է իր միջոցներով ստեղծել դասասենյակը, չնայած այն բանին, որ դրա համար և մարզպետարանն է փող տվել և դպրոցի տնօրինությունը: Անփառունակ վախճան, երբ ուրանում ես հերոսին, քեզ քիչ է…», գրել է Սամվել Գրիգորյանը։ Մարզպետարանի պաշտոնյան իր գրառմամբ դիմել է նաև իրավապահներին՝ նշելով․ «Նախկին զինղեկը պիտի կրի պատասխանատվություն խաբեության, հերոսի մորը հայհոյելու, քաշքշելու և վիրավորելու համար»։

Գարեգին Ջամբազյանն էլ իր ֆեյսբուքյան էջում ի պատասխան Սամվել Գրիգորյանի՝  գրել է․ «Շիրակի մարզպետարանի աշխատակից Գրիգորյան Սամվել, ամեն դեպքում անունս վարկաբեկելու թիվ մեկ պատասխանատուն հանդիսանում եք դուք»։

Վլադիմիր մայրը՝ տիկին Սվետան, կապ հաստատելով Aravot.am-ի հետ, որոշակի մանրամասներ պատմեց տեղի ունեցածից։ Նա ասաց, որ օրերս Գարեգին Ջամբազյանը գնացել է իրենց տուն ու ներկայացրել է, որ դպրոցում միջոցառում կա։

«Ես թաղում էի գնացել, թաղումից եկա,  Ջամբազյանը եկավ, թե միջոցառում եմ անելու, ասի՝ ի՞նչ միջոցառում, ո՛չ Վլադիմիրի ծնունդն է, ո՛չ Վլադիմիրի հոր ծնունդն է, ի՞նչ միջոցառում, եթե ոչ մարզպետն է տեղյակ, ոչ  տնօրինությունը, ոչ էլ զինղեկը։ Երկու հոգի հետևից քցած՝ նրանց հրավիրել էր, թե դասասենյակը նկարահանեք, զայրացա, ասի՝ ի՞նչ նկարահանում, երբ դասասենյակը դարձրել ես մի հատ բարդակ։ Տղայիս անվան դասասենյակը մտադիր էին այդտեղից տեղափոխել, որոշել էին ռազմագիտության դասասենյակն անվանել Վլադիմիրի անունով։ Ես չթողեցի նկարահանել, քաշեց թևիցս, հայհոյեց, քիչ էր մնացել ծեծեր, ուսուցիչները ինձ դուրս հանեցին, որ չխփի։ Հետո իմացա, որ ցույց է ուզեցել կազմակերպել տնօրենի դեմ, իսկ ռազմագիտության լսարանը ինքը դարձրել էր իր անվամբ։ Վլադիմիրի դասասենյակում էլ գույք չի թողել, տղայիս հիշատակը հավերժացնող ոչինչ չի մնացել, սաղ կրել, տարել է։ Գույքն էլ մենք մեր ֆինանսական միջոցներով ենք դպրոցում տեղադրել, մոմակալներ, Վլադիմիրի նկարները, սփռոցները, սեղանը, Վլադիմիրին պատկանող շատ բան կար, որ մենք Թալիշից էինք բերել, հիմա էլ ոչինչ չի մնացել։ Մի բան էլ ինձ ահ էր տալիս, թե զգույշ եղի, քեզ դատի կտամ, աչքերդ կհանեմ։

Թե ուր է տարել գույքը, տեղյակ չեմ։  Քանի որ Վլադիմիրիս անվան դասասենյակը փոխելու էին, ռազմագիտության դասասենյակն էին անվանելու նրա անվամբ, Վլադիմիրի անունը պոկեցին հին դասասենյակից, փակցրեցին ռազմագիտության դասասենյակի վրա, որը Ջամբազյանը կոչել էր իրա անունով, Ջամբազյանը զայրացավ, թե ինչու ես տղայիդ անունը դասասենյակի վրայից պոկում, կպցնում եք այն դասասենյակի  վրա, որ իմ անվամբ է։

Ասում է Վլադիմիրի հիշատակը հավերժացնող խաչքարը ես եմ սարքել, գնացել մարզպետարանից  ու որոշ տեղերից Վլադիմիրի անունից փող է վերցրել, բայց խաչքարը իմ տղան է սարքել՝ գումարը տալով իրեն։ Տնօրինությունն էլ 70 հազար փող է տվել Վլադիմիրի լսարանը կառուցելու համար, թե ինչ է արել, թե ինչ չի արել, չգիտեմ, բայց Վլադիմիրի անվան տակ դրամահավաք է կազմակերպել, թե ուր է գնացել այդ գումարը, ես չգիտեմ, գիտեմ միայն, որ ինքը ոչ մի գումար չի ծախսել։ Երբ սկսեց ինձ հրմշտել, տեսա, որ մի մեծ սկանդալ է բացվում, զգուշացա, երեք օր ուշքի չեմ եկել։ Ես չգիտեմ՝ ինչ ասեմ, շատ վատ եմ զգում, որ իրեն գնդապետ կարծելով՝ մեր լավ տղեքի անվան հետ է խաղում»։

Դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանն էլ պատմեց, որ Գարեգին Ջամբազյանը դպրոցում աշխատելու ժամանակ իր անունով տախտակ է սարքել ու փակցրել է ՆԶՊ-ի կաբինետի վրա։ «Մի քանի անգամ նախազգուշացրեցի, նա տարիքն առած մարդ է՝ 65 տարեկան, մարտական խաչի շքանշանակիր է, շատ մեղմ իրեն մի քանի անգամ ասացի, որ ընկեր Ջամբազյան իրավունք չունենք այդ կաբինետը ձեր անունով անվանակոչելու, սպասեք կգա ժամանակը, երբ որ հրաման ունեցանք, այդ ժամանակ կփակցնեք։ Ինքն էլ անընդհատ նեղվում էր, իսկ ես չէի կարող ներկայացնել հաստատվելու, քանի որ անվանակոչության կարգ կա, տվյալ անձն՝ անվանի գործիչն առնվազն 10 տարվա մահացած պետք է լինի, որ իրավունք ունենանք։ Հարցը ներկայացրեցի մանկավարժական  խորհրդին, չնայած ինքը շատ բան է արել կաբինետը ձևավորելու համար, բայց անվանակոչել  չկարողացանք, քանի որ անվանակոչության կարգ կա։ Մտածեցինք պատերազմի մի ցուցատախտակ ստեղծել, դեռ ապրիլյան պատերազմը չէր, որի մեջ կներառենք նաև ընկեր Ջամբազյանի նկարը, կենսագրությունը։ Իսկ Վլադիմիրի դասասենյակը 2016 թվականի մայիսի 24-ին մենք անվանակոչել ենք պատմության դասասենյակը։ Վլադիմիրի մայրը Ջամբազյանին տվել էր նկարներ, մոմակալներ։ Նախորդ տարվա ապրիլին, մի անգամ էլ մայիսին Ջամբազյանը դիմում գրեց աշխատանքից ազատման, մի տեսակ դյուրագրգիռ էր դարձել, նեղսրտելուց հետո ապրիլին դիմում գրեց, ասացի՝ ընկեր Ջամբազյան, սպասի թող մայիսը գա, դասերն ավարտվեն։ Փոշմանեց, մայիսին եկավ, դիմում գրեց, ազատվեց, օգոստոսին եկավ, թե  իմ գործն ի՞նչ պետք է լինի։ Ասացի ընկեր Ջամբազյան, դիմումը գրել, ազատվել ես, ի՞նչ պետք է լինի, ասաց, այդպես չի լինի ու սկսեց բողոքներ, բողոքի ակցիաներ, մարզպետարան, կրթության վարչություն, նախարարություն, ընդհուպ ոստիկանություն»,- պատմեց տնօրենը։

Նա ասաց, որ Գարեգին Ջամբազյանն ազատվելուց հետո ամռան ընթացքում  է տարել Վլադիմիրի դասասենյակի գույքը, ու ինքը ստիպված է եղել Վլադիմիրի մորը խնդրել՝ նոր լուսանկարներ բերել, որպեսզի կարողանան ՆԶՊ-ի կաբինետը կահավորել։

Տնօրենի պատմելով, Գարեգին Ջամբազյանը թավշյա հեղափոխությունից հետո հաճախակի է եկել թաղամաս, իսկ օրերս հանդիպելով դպրոցի աշակերտներին, նախազգուշացրել է, թե գիտեք սա տնօրենի վերջին աշխատանքային օրն է, ցույց կանենք, կհեռացնենք նրան։ Աշակերտներն, ըստ տնօրենի, այս մասին պատմել են զինղեկին, թաղի բնակիչներին։

Հաջորդ օրն առավոտյան պարոն Ջամբազյանն իր մեքենայով եկել, կանգնել է, տնօրենը սկզբում կաբինետից դուրս չի եկել, որպեսզի ավելորդ լարվածություն չլինի, սակայն աղմուկ է լսել, ստիպված է եղել դուրս գալ։ «Գնացի, տեսա ինքը Սվետային քաշքշում է, Սվետան պաշտպանվում է։ Զայրացավ, ինչո՞ւ եք հանել տախտակս, ասում եմ հիմքեր չկան ընկեր Ջամբազյան, մարզպետարանից չունենք որոշում, մի խոսքով մի խառնաշփոթ», -պատմեց տնօրենը։

Մենք պատրաստ ենք այս թեմայի շուրջ լսել նաև Գարեգին Ջամբազյանի պարզաբանումները։

Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի կայքից ու Սամվել Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031