EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկացմամբ՝ համացանցում հրապարակվել է լուսանկար, որտեղ երիտասարդի ձեռքերում գիշատիչ թռչուն է: Ինչպես տեղեկանում ենք` Կենդանաբանության ինստիտուտի, Ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի կենդանաբան գիտաշխատակիցներից լուսանկարում, հավանաբար, տափաստանային ճուռակ է (Buteo rufinus):
Տափաստանային ճուռակը որսատեսակ չհանդիսացող կենդանի է, և տվյալ կենդանու որսը թույլատրված չէ: Տեսակը ՀՀ-ում լայնորեն տարածված է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ (IUCN) Կարմիր ցուցակում «Քիչ վտանգված» (Least Concern) կարգավիճակով: Տափաստանային ճուռակները հաճախ որսագողերի զոհ են դառնում, ինչպես նաև հանդիսանում են խրտվիլակային բիզնեսի օբյեկտներ: Հայաստանում տվյալ բիզնեսի օբյեկտներից շատերը գիշատիչ թռչուններ են:
Կայքի հաղորդմամբ՝ լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Սուր Բակլաչյան անունով օգտատերը: Վերջինս հաշվառված է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Հրապարակման ամսաթիվը հստակ ֆիքսված չէ, սակայն դատելով երիտասարդի արտաքին ցուցիչներից, այն արվել է վերջին մեկ ամսվա ընթացքում:
Նշենք, որ սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, ՀՀ բնապահպանության նախարարության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այս առիթով ներկայացրել է պարզաբանում. «Econews.am» կայքի «Ահազանգ «որսացել» են չթույլատրվող գիշատիչ թռչուն» վերնագրով հրապարակման հիման վրա ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողներն անմիջապես ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ՝ հայտնաբերելով լուսանկարում պատկերված երիտասարդին։
Հրազդանի Ջրառատ թաղամասում ապրող 25-ամյա երիտասարդի հետ ոստիկանները բացատրական աշխատանք են իրականացրել, ինչի արդյունքում նա ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին՝ դեպքի վերաբերյալ բացատրություն տալու։ Նախապատրաստվում են նյութեր։