Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորոված են կերել, խմել…». «ԳեոՊրոՄայնինգ»-ի պարզաբանումը՝ հացադուլավորի եւ նրա պահանջների մասին

Մայիս 20,2018 16:12

Սյունիքի մարզի Կուրիս համայնքի բնակիչ Բորիս Անդրեասյանի հացադուլի առնչությամբ Aravot.am-ը պարզաբանումներ ստացավ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ հասարակայնության եւ մամուլի հետ կապերի պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանից: Հիշեցնենք՝ արդեն 5-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Անդրեասյանը Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի (պատկանում է «ԳեոՊրոՄայնինգ» խմբի Հայաստանյան ներկայացուցչությանը) ղեկավարությանը մեղադրում է ընդերքը թալանելու, հանքի պայթեցումների հետեւանքով գյուղի սուրբ Ամենափրկիչ եկեղեցին(թվագրվում է 15-17-րդ դդ.) ու տները խարխուլ վիճակի հասցնելու համար: Ռուզաննա Գրիգորյանը մեզ հետ զրույցում նախ ասաց. «Հասկանալու համար, թե ով է հացադուլ հայտարարած անձը, եւ որքանով է հիմնավորված նրա դժգոհությունը, կապ հաստատեցի Ագարակի մեր գրասենյակի հետ: Պարզվեց՝ նա մեր ընկերությունում երբեւէ չի աշխատել, մեր ղեկավարությունը նրան չի ճանաչում: Մեր անվտանգության աշխատակիցները երկու օր առաջ նկարահանել են նրան, երբ նա բարձրացել էր եկեղեցու տարածք: Մեր աշխատակիցները պատմեցին, որ նրան մարդիկ են այցելել, խորոված են կերել, խմել են, աղմուկ արել…Այնպես որ, հացադուլի փաստը մեզ համար կասկածելի է: Ուստի լրատվամիջոցներին կոչ կանեմ նախեւառաջ ճշտել նրա տվյալները»:

Ինչ վերաբերում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն, Ռուզաննա Գրիգորյանի խոսքով՝ այն գտնվում է հանքի շահագործման տարածքի սահմաններից դուրս. «Բացի այդ, հանքի շահագործման հետեւանքով եկեղեցուն վնաս չի հասցվել: Նույն կերպ ճիշտ չէ նաեւ տեղեկությունը, թե հանքի պայթեցումների հետեւանքով Կուրիս համայնքի տներն են վնասվել»: Մամուլում հրապարակումներ կան այն մասին, որ տարիներ առաջ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը խոստացել է եկեղեցին փրկելու նպատակով այն տեղափոխել-վերակառուցել Ագարակում: Հետաքրքրվեցինք, թե ինչու ծրագիրը չի իրականացվել:

Ռուզաննա Գրիգորյանը պարզաբանեց՝ հիմա էլ են պատրաստ դա իրականացնել, միայն թե դրա համար անհրաժեշտ է պատկան կառույցի՝ ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան թույլտվությունը: Այս հարցում, մեր զրուցակցի խոսքով, նախաձեռնող կողմը Մշակույթի նախարարությունը պետք է լինի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031