Ութ տարիե ի վեր ասդին – անդին տեսած ու լսածներովս կրցած էի քիչ շատ գաղափար կազմել մեր մեջ հեղափոխական շարժումեն ծնած կարգ մը հարանուններու նշանակության մասին: Այսպես` գիտեի, թե ինչ է տեռոր մը, գործիչ մը, հերոս մը, ընկեր մը, խմբապետ մը, հայդուկ մը, ավազակապետ մը և այլն, և այլն: Ինչ որ չէի կրնար ըմբռնել կամ չէի ըմբռնած տակավին, ան ալ Արտասահմանի գործիչն էր, և ասիկա բնական է, որովհետև ինչպես անունեն ալ կերևնա, այդ տիպարն անկարելի էր Տաճկաստանի մեջ գտնալ: Երբ պարագաները զիս դուրս նետեցին Վոսփորի ափերեն, եթե ոչ առաջին` գոնե հետին մտածումներես մին եղավ – Լավ հիմա պիտի կրնամ վերջապես տեսնել արտասահմանի գրոծիչ մը:
Աթենք գտնված միջոցիս հոնտեղի ծանոթներուս հարցուցի.
-Ձեր մեջը բնավ արտասահմանի գործիչ չի կա՞:
-Չէ, հատ մը կար, գնաց:
– Ինչպե՞ս մարդ է արտասահմանի գործիչը, ի՞նչ կընե, – հարցուցի միամտորեն:
– Մեզի պես մարդ է, քիթ ունի, ականջ ունի, բերան ունի, կուտե, կխմե, կպառկի, – պատասխանեցին խնդալով:
Այս բացատրությունը գոհացուցիչ չէր, ու միշտ անորոշության մեջ մնացած էի արտասահմանի գործիչին մասին:
Ամիսներ ետքը, երբ Եգիպտոս կերթայի, շոգենավին մեջ աղոթքի մը պես կըսեի մտքես. «Ախ, իցիվ թե սատանան զիս արտասահմանի գործիչի մը դեմ հաներ»:
Աստուծմե հույսս կտրած ըլլալով, ժամանակե մը ի վեր, երբ խնդիրք մը ունենամ, ուղղակի սատանային կդիմեմ: Արդ, դուք ալ անանկ ըրեք, որովհետև, երբ Ալեքսանդրիա ելա ու հարցուցի, թե արտասահմանի գործիչ մը կա՞ր քաղաքին մեջ`
-Հապա, – պատասխանեցին միաձայն:
-Ո՞վ է:
-Կակայանցը:
-Կովկասցի՞ է:
-Այո:
Պարագաներ կան, ուր մարդ որչափ ալ պաղայրունությունը պահել ուզե` չի կրնար իր խանդը զսպել: Գլխարկս օդը նետեցի ու գոչեցի.
-Կեցցե համերաշխ գործունեություն:
Կհասկնաք անշուշտ, որ ուրախությունս չափ չուներ, գտած էի արտասահմանի գործիչ մը և անիկա կովկասցի էր… այսինքն` փնտռած տիպարիս կատարելագործյալը:
Գալով արձակած բացագանչությունս` կարծեմ անհրաժեշտ է բացատրություն մը տալ, քանզի ընթերցողը կրնա տարօրինակ կամ անհարկի նկատել «կեցցե համերաշխ գործունեություն»-ը:
Նախ ըսեմ, որ հայերու ժամադրավայր եղող սրճարանի մը մեջ կգտնվեի և հետո նույն օրը հասած էի Ալեքսանդրիա,
այնպես որ չէի ճանչնար տակավին սեղաններուն շուրջը հավաքված ու նարտ խաղալու զբաղված պատվարժան անձերուն տրամադրություններն ու կարծիքները: Վախեցա, որ մեծամասնությունը թշնամանած կըլլամ գուցե, եթե «կեցցե հնչակ» կամ «կեցցե Դրոշակ», կամ «կեցցե միություն», կամ «կեցցե հեղափոխություն» պոռամ, մինչդեռ համերաշխ գործունեությունն այն գեղեցիկ, առաձգական ու անիմաստ բանաձևերեն մեկն է, զոր կարելի է գործածել առանց վիրավորանքներե կասկածելու:
«Կեցցե համերաշխ գործունեություն»:
Ահա բացագանչություն մը զոր կրնաք արձակել ամեն վայրկյան ու ամեն տեղ, հեղափոխականներու կամ պահպանողականներու, վաճառականներու կամ ավազակներու խմբի մը մեջ հավասարապես:
Արդեն «կեցցե» -իս արդյունքն անմիջական եղավ և անգամ մըն ալ հաստատեց զիս այն համոզումին մէջ, թե անիմաստ խոսք մը միշտ լավագույն ազդեցությունը կընե ամբոխին վրա: Քանի մը սեղաններե հրավերներ ուղղվեցան ինծի: Ընդունեցի մոտավորագույն սեղանին հրավերը, որուն քով նստած էին երկու տարիքոտ անձեր:
– Համերաշխ գործունեություն, – ըսավ մին, աթոռ մը ցույց տալով ինծի, – այո, ճիշտ ասիկա է, որ կպակսի մեզի, մատներիդ բուն վերքին վրա դրիք: Նոր եկաք Ալեքսանդրիա:
-Այո առտու:
Խոսակցության սկսանք, մինչ հետզհետե մյուս սեղաններեն մարդիկ անջատվելով կուգային կմիանային մերինին, նոր հասած օտարականի մը հրապուրանքին բռնված:
-Կակայանցն ո՞ւր է հոս չի գա, – հարցուցի միջոց մը:
-Կուգա, բայց իրիկունն ուշ ատեն, ցերեկները կքնանա:
-Ի՞նչ գործ կընե հոս:
-Բան մը չըներ հեղափոխական է:
– Ձգեցեք սա պարապ մարդը, – գոչեց ներկաներեն մին, որուն անմիջապես ուրիշ ձայն մը պատասխանեց.
-Կներես, պարոն Կակայանցը պարապ մարդ չէ:
-Շատախոսին մեկն է:
-Շատ կխոսի, այո, բայց տրամաբանությամբ կը խոսի:
Ու ահա վիճաբանությունը տաքնալ սկսավ: Իբրև նորեկ և խնդրի առարկա եղող անձին բոլորովին անծանոթ, բնականաբար իմ դերս բացարձակ չեզոքութենե տարբեր բան չէր կրնար ըլլալ: Լռեցի և թող տվի, որ կիրքերը խոսին:
– Մարդը շեն-շնորհք համալսարանական է, հինգ տարի Ժնև մնացեր է:
-Ան ըսավ, դուն ալ հավատացիր:
– Եղբայր, ալպոմ մը ունի քովը, մեջը բոլոր Ժնևի պատկերները կան:
– Աղեկ գործ մը գտանք իրեն, ֆրանսերեն քննություն մը չկրցավ տալ, որ ընդունվեր. ա՞տ է համալսարանականդ:
– Դուք ինչ հաստագլուխ մարդիկ եք, լեզվագիտությունն ուրիշ բան է, անոր սորվածն ուրիշ բան:
– Ի՞նչ է սորվածը, անուն չունի:
– Ըսավ անունը, բայց մտքես ելավ հիմա գա նե` կըհարցնենք: Լոկի – ով կվերջանա, բայց սկիզբը չեմ գիտեր:
– Ինչպես կապրի` խելք չի հասնիր, – ըսավ ուրիշ մը, – գործ մը չունի ու մենե աղեկ կուտե-կխե:
-Քենե դրամ ուզեց:
-Չէ, բայց…
-Ուրեմն լռե:
Ու այսպս վեճը տևեց երկու ժամ, մինչև որ մեջերնես մին գոչեց հանկարծ.
Կուգա կոր, կարճ կապեցեք:
Կակայանցն էր…
* * *
Եթե ըսեմ, որ կովկասցի հեղափոխական մըն էր ներս մտնողը, կարծեմ պետք չի մնար նկարագրելու իր դեմքը: Անմիջապես կերևակայեք ջրվեժացյալ մորուքով, գիսախռիվ մազերով, լայնեզր գլխարկով երիտասարդ մը սևազգեստ ու ձեռքը հաստ գավազան մը բռնած: Երկու տեսակ կովկասցի չի կա. ամենքն ալ Կակայանց են: Այդ մարդոց մազն ու մորուքը երբեք չեն զգացած մկրատի շփումը, և եթե ամեն մարդ կովկասցի ծներ աշխարհի երեսը, սափրիչները պիտի ստիպվեին հեղափոխական ըլլալ` ապրելու համար:
Երբ սրճարան եկավ` ճառագայթում մը կար դեմքին վրա:
– Մի լավ ավետիս, – գոչեց խոսքն ամենուս ուղղելով, – պատերազմ պետք է ծագի հույնին ու թուրքին մեջ: Այժմ ժամանակը հասել է գործելու պետք չէ կորցնել մի րոպե:
Լռեց: Երկու ձեռքով բռնեց հաստ գավազանը, վրան ծռեցավ քիչ մը, իյնալու ձևով, դեպի փողոց դարձուց գլուխը և երազուն նայվածքով մը շարունակեց իր խոսքը, ավելի ցած ձայնով, իբր թե ինքն իրեն խոսեր.
– Բայց ափսոս, մարդ չունենք… կռվի մարդ… ջիղ ունեցող, արյուն թափող մարդ: Կազմակերպյալ խմբեր թեև կան… բայց ոչ բավականաչափ:
Ապա դեպի մեզ դարձավ:
– Ինչ որ է, ես անմիջապես, երբ պատերազմի լուրը բերող հեռագիրը կարդացի` գրեցի մեր ընկերներին, հուսամ նկատողության կառնվի իմ գրածները: Պետք է շարժիլ… պետք է շարժիլ…
Պարոն Կակայանց, եկուր քեզի հետ երթանք կռվելու, – ըսավ երիտասարդ մը ոտք ելլելով, իբր թե նույն վայրկյանին իսկ մեկնելու պատրաստվեր:
– Հերն եմ անիծել այն րումաթիղմային, որ զիս գամել է այստեղ, առանց դորան ես այս րոպեիս պետք էր լինեի Մասիսի գագաթում, – պատասխանեց Կակայանց և աթոռ մը առնելով եկավ նստավ քովերնիս:
Քիչ մը ատեն ալ շարունակեց Կակայանց իր տեսությունները պարզել թուրք և հունական պատերազմին հետևանքներուն վրա ու հետո խորհրդավոր կերպով մը հաղորդեց մեզի, խնդրելով, որ խոսքը մեջներիս մնա, – թե կոմիտեն արդեն պատրաստություններ ունի ժամանակը եկած ատեն «մի ընդհանուր շարժում առաջ բերելու Թյուրքահայաստանի գավառներում»:
Այս սրտապնդիչ տեղեկությունը մեզի տալե ետքը` Կակայանց ավելցուց.
-Է, ինձ մի բան չե՞ք հրամցնե:
Գարեջուր մը բերել տվին իրեն:
Հետո անխուսափելի վիճաբանությունը բացվեցավ օրվան խնդրին վրա. միությո՞ւն` թե անջատ գործունեություն, կեդրոնացում` թե ապակեդրոնացում և այլն: Կակայանց կխոսեր լիաբերան` անընդհատ ծխելով, որովհետև տակավին չէր գիտեր որ կուսակցության պատկանիլը, հետևաբար չկրցա հասկնալ, թե կեդրոնացումը կամ ապակեդրոնացումը կպաշտպաներ:
Երբ ընթրիքի ժամը մոտեցավ ու ամեն մարդ կպատրաստվեր մեկնելու` Կակայանց կեցուց մեզ` ըսելով.
-Պահ մը կացեք, մի բան պիտի ըսեմ ձեզ:
Եվ սկսավ պատմել, թե երիտասարդ մը, որ հաճի Մարկոսի կամ Կիրակոսի խմբին մեջ կգործե եղեր, բռնվեր, երկու տարի բանտ մնացեր, հետո փախեր ու Կիպրոս ապաստաներ է, ուր հիվանդ ու չքավոր վիճակի մեջ կգտնվի եղեր: Կակայանցի բարեկամներեն մին` «մի անձնվեր ընկեր», որ Կիպրոս է եղեր «գաղտնի պաշտոնով», հաղորդեր է իրեն այդ «նախկին հերոսի» տխուր վիճակը, մի անմիջական օգնություն խնդրելով:
– Պետք է նրան մի պահ վճարեք, որ ղրկեմ վաղվա պոստով, դա անհրաժեշտ է, – ավելցուց Կակայանց իբրև վերջաբան իր պատմության: – Այդ երիտասարդը մի այնպիսի հերոս է, որի նման եթե մի քիչ ավելի գտնվեր մեր ազգում, փրկության գործը տարբեր հանգամանք էր առնում:
Վեց հոգի հինգական ղուրուշ տվին: Կակայանց դժգոհ կերպարանքով մը դրամը գրպանեց ու ելավ գնաց:
Ամիս մը ետքը, երբ Գահիրե կգտնվեի, հայկական սրճարանի դիմացեն անցած միջոցիս նշմարեցի Կակայանցը, որ հոն նստած կխոսեր, գլուխը խումբ մը մարդ հավաքած:
Որովհետև լավագույն բան մը չունեի ընելիք` ներս մտա:
Հարկ չի կա կարծեմ ըսելու, որ Կակայանց կխոսեր միություն` թե անջատ գործունեություն, կեդրոնացում թե ապակեդրոնացում և այլն խնդիրներու վրա:
Ես ալ մասնակցեցա վիճաբանության, պաշտպանեցի միության գաղափարը, հետո ցույց տվի, որ անջատ գործունեությունը լավագույնն էր, կենդրոնացումին ի նպաստ խոսեցա և վերջացուցի խոսքս ապակեդրոնացումի առավելությունները պարզելով: Գիշերը վրա հասավ և միաբերան վճռեցինք, թե հարկ չի կար վիճաբանությունը շարունակելու, քանի որ ամենքս ալ համակարծիք էինք և փորերնիս անոթեցած էր:
Մեկնելու մոտ պարոն Կակայանց ըսավ:
-Կացեք մի քիչ, մի կարևոր պան ունեմ ձեզ ասելու:
Եվ պատմեց, թե «մի նախկին տեռոր», որ այժմ Վառնա կգտնվի եղեր, շատ խեղճ վիճակի մեջ, դիմում ըրեր է իրեն, որպեսզի քանի մը ոսկի ճարե ու ղրկե: Կակայանց իր ժամացույցը – մի լավ ժամացույց Ժնևի լավագույն գործարաններից մեկից – վիճակահանության դրեր է այս նպատակով:
– Պարոններ, պետք է մի բան վճարել, դա մի հերոս է, որի նման եթե մի քիչ ավելի գտնվեր մեր ազգում,
փրկության գործը տարբեր հանգամանք էր առնում:
Եվ գրպանեն հանեց թուղթ մը, ուր արդեն նշանակված էին նվիրատվություններու անուններ: Ռումբ` չորս ղրուշ, Կայծակ` երեք ղրուշ, Պատուհաս` մեկ ղրուշ, Սուլթանի թշնամին վեց ղրուշ, Վառոդ` հինգ ղրուշ և այլն: Մենք ալ ստիպվեցանք մեյմեկ պզտիկ գումար վճարել կեղծանուններով: Ես չորս ղրուշ տվի և ստորագրեցի «Նիդրո-Կլիսերին»:
– Մեկտեղ ճաշենք այս իրիկուն, – ըսի Կակայանցին, երբ դուրս կելլեինք սրճարանեն:
-Շատ լավ:
Եվ ուղղվեցանք Պապ-էլ-Պահրի ճաշարաններեն մեկը: Քանի մը գավաթ գինի պարպելե ետքը` հանկարծ ըսի իրեն.
– Պարոն Կակայանց, ինչո՞ւ եկած ես Եգիպտոս:
– Ես, զարմանք, պրոպականտի համար;
– Բայց հոս ի՞նչ օգուտ ունի քո պրոպականտդ, արտասահմանի հայերուն մեջ հեղափոխական թերթերը կրնան ազատորեն պրոպականտ ընել, պետք է Թյուրքիա երթալ, հոն ավելի օգտակար է, ավելի կարևոր է:
– Թյուրքիա՞, չեմ կարող այդ բարբարոս թուրքերի երեսը տեսնել, թե մի հատ հանդիպեմ նրան` հենց այն րոպեին պետք է սպանանեմ…
-Լավ սպանանիր:
-Ինչ հեշտ ես ասում, որ այդ կարելի է:
-Եթե կարելի չէ` մի սպանաներ, բայց գնա Թյուրքիա:
– Դուք թրքահայերդ լոկիայով չեք խոսում, ամեն բան թեթևությամբ եք դատում, – պատասխանեց Կակայանց: – Քո ասածի մեջ իմաստ չի կա, այդ սոֆիզմ է:
-Ուրեմն երթանք քիչ մը ժուռ գալ:
* * *
Անցավ քանի մը շաբաթ, Առտու մը փողոցին մեջ հանդիպեցա Կակայանցին, որ զիս տեսնելուն պես` քովս վազեց:
– Պետք է այս գիշեր ժամը 9-ին գտնվես Ապպասիե, պարոն Վարդանի տանը: Մի բանախոսություն պիտի անեմ, – ըսավ, – մի քանի կարևոր հարցի մասին:
Գիշերը գացի նշանակված տունը, ուր բավական մեծկակ սենյակի մը մեջ հավաքված էին արդեն տեղացի ու փախստական երեսունի չափ հայեր:
Կակայանց երկու ժամ խոսեցավ միությո՞ւն` թե անջատ գործունեություն, կենդրոնացո՞ւմ թե ապակեդրոնացումի վրա: Իր խոսքը լմնցնելե ետքը` բանաձև մը ներկայացուց, իբրև եզրակացություն իր ըսածներուն, և ուզեց, որ քվեարկվի, ղրկելու համար զանազան կուսակցություններու կենդրոններուն: Անկարելի եղավ: Հոն գտնվող երեսուն հոգին ալ երեսուն տեսակ հատուկ կարծիքներ ունեին միության, անջատ գործունեության, կենդրոնացումի և ապակեդրոնացումի մասին: Նորանոր բանաձևեր առաջարկվեցան, որոնք ամենքն ալ մերժվեցան: Վերջապես, հազիվ կարելի եղավ վեց ձայն հավաքել հետևյալ բանաձևի շուրջը.
«Եգիպտաբնակ հայերը կխնդրեն մեր հեղափոխական կուսակցություններու կեդրոններեն, որ ի սեր ազգային փրկության դատի, հեռի վանեն ամեն անձնական նկատողություն, և անցյալի տխուր փորձերեն խրատված` այսուհետև անջատ միությամբ և ապակեդրոնացյալ կեդրոնացման դրությամբ առաջ վարեն սուրբ գործը: Հակառակ պարագային, եգիպտաբնակ հայերը որոշած են, ի սեր միության, բաժանվիլ և որ կուսակցություն մը հիմնել վերոհիշյալ սկզբունքներուն վրա հաստատված»:
Սենյակին մեջ մոմերը սպառելու մոտ էին ու տանտերը` Վարդան, կմրափեր:
– Երթանք…
– Խնդրեմ, պարոններ, կացեք մի րոպե, մի կարևոր պան ունիմ ասելիք, – ըսավ Կակայանց:
– Հասկցանք, – մռմռացին մեկ քանիներ ու սենյակեն դուրս սպրդեցան, իրանց հետ քաշելով ուրիշներ ալ:
-Խնդրեմ, կացեք մի րոպե…
-Հոս ենք, կուգանք կոր:
-Ով խենթացեր է, որ մնա:
Հինգ հոգի հազիվ մնաց, որոնց մեկն ալ կմրափեր. լսելու համար տխուր պատմությունը «մի նախկին հայդուկ»- ի, որուն գնդակը տարիներով «սարսափ էր սփռել քրդերին մեջ» և որ հիմա գրեթե անոթի կթափառեր եղեր Ռուսճուք:
– Պետք է մի պան վճարել նրան, եթե մի քիչ ավելի գտնվեր նրա պես հերոսներ, փրկության գործը տարբեր հանգամանք էր առնում:
Զարմանալին այն էր, որ գտնվեցան դեռ մեր մեջ երեք հոգի, որոնք հինգական ղրուշ տվին, միայն թե ավելացնելով.
-Ալ աս վերջինն է:
Եվ իրավ վերջինը եղավ:
Կակայանց քանի մը օր ետքը անհայտ եղած էր Եգիպտոսեն:
* * *
Բավական ժամանակ ետքը շրջաբերական մը ցույց տվին ինծի «պաշտոնական կնիքով»: Այդ շրջաբերականը կհայտներ, որ իմացած էր, թե Կակայանց անունով մարդ մը, Եգիպտոսի մեջ դրամ հավաքած է հեղափոխական նպատակի համար` զանազան խաբեբայական միջոցներով, և դրամը չէ ղրկած կեդրոնական սնտուկին, հետևաբար այդ անձն արտաքսված է կուսակցութենեն:
Հիմա հասկցած եմ, թե ինչ է «Արտասահմանի գործիչ» մը:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ