Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ» (Ֆոտոշարք)

Մայիս 20,2018 14:42

Ավանդույթը չխախտելով Հայաստանը և Արցախը այս տարի ևս նշեցին  Թանգարանների միջազգային օրը, որն անցկացվեց «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ» խորագիր ներքո:

Հայաստանում 15-րդ, իսկ Արցախում արդեն 6-րդ անգամ «Թանգարանների գիշեր»-ն այս տարի անցկացվեց մայիսի 19-ին. միջոցառմանը 116 թանգարան էր միացել:

Բրազիլացի ամուսիններ Ջոզեֆը և Ռիտան առաջին անգամ էին Հայաստանում: Առաջին տպավորությունն այն է, որ մարդիկ շատ ընկերասեր են, ջերմ ու սիրալիր: Ասաց, որ անպայման կպատմի ընկերներին Հայաստանի մասին: Եվ իրենք էլ հույս ունեն, որ էլի շատ շուտով կգան Հայաստան: Չգիտեին, որ թանգարանային գիշեր է. իմանալուն պես ճշտեցին իրար մոտ գտնվող մի քանի թանգարաններ ու շտապեցին այնտեղ:

Վերը նշված երկու օրերի ընթացքում բազմաբովանդակ և յուրահատուկ     միջոցառումներով թանգարաններն իրենց դռները բացեցին հասարակության առջև՝ հնարավորություն ստեղծելով ևս մեկ անգամ հետադարձ հայացք գցելու հայ ժողովրդի հազարամյակների պատմությանն ու մշակութային ժառանգությանը: Իսկ զբոսաշրջիկների համար ևս մեկ լավ հնարավորություն՝ ծանոթանալու Հայաստանին մշակութային տեսանկյունից:

Լինդեր Արայատան Ֆիլիպիններից է եկել. պատրաստվում է 1 տարի ապրել Հայաստանում: Հստակ գիտեր, որ թանգարանային գիշեր է. պտտվել էր մի քանի թանգարաններով ու վերջում եկել Պատմության թանգարան: Հայկական ուտելիքն է շատ հավանել, ինչպես նաև որոշ նմանությունների է գտել հայ և ֆիլիպինցի ազգերի միջև: Ասաց, որ թանգարաններում շրջելով հույս ունի, որ էլ ավելի շատ բան կիմանա Հայաստանի մասին:

Միաժամանակ, երկօրյա միջոցառումների ծրագրում անդրադարձ եղավ նաև Հայաստանի Հանրապետության 100-ամյակին, որին նվիրված Երևանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Երևան 2800. Երևանը երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը:

ԿԲ կենտրոնում այցելուներին ներկայացվեց Հայաստանի առաջին հանրապետության թղթադրամների ստեղծման պատմությունը, Կենտրոնական բանկի թողարկած հուշադրամները, որոնք ևս նվիրված էին Հայաստանի առաջին  հանրապետության 100-ամյակին, Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին:

8-ամյա Նաստյան արդեն երկրորդ օրն է, ինչ ծնողների հետ շրջում է թանգարաններով: Վաղ տարիքից շատ է եղել թանգարաններում: Այնքան էր տպավորվել Գաֆեսճյան թանգարանով, որ նույնիսկ մի փոքրիկ պատմություն էր գրել դրա մասին:

Մայիսի 18-ին՝ ժամը 10:00-ից 18:00-ը, ամսի 19-ին էլ՝ ժամը 18:00-ից 24:00-ը, Հայաստանի և Արցախի թանգարանների դռները բաց էին հասարակության համար, մուտքը՝ անվճար:

Հ.Գ. 1977 թվականից ի վեր մայիսի 18-ը՝ «Թանգարանների միջազգային օրը» համախմբում է աշխարհի 5 մայրցամաքների, ավելի քան 30 հազար թանգարանների` կոչ անելով տարվա համար առաջարկված թեմայի շրջանակում հանդես գալ հատուկ միջոցառումներով ու նախաձեռնություններով: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր՝ թանգարանային առարկաների հանրահռչակման համար:

Լիանա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031