Քիչ առաջ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ պատասխանեց իրեն ուղղված այն հարցերին, թե ինչպես է պայքարելու ցածրորակ հաղորդումների և հնդկական սերիալների դեմ:
Նախարարը պարզաբանեց. «Դեմ եմ սերիալների արգելմանը կամ փակելուն, բայց զուգահեռ այլ բովանդակություն պետք է ստեղծենք, որ դա սերիալներին փոխարինի: Այդ դեպքում սերիալները վարկանիշ չեն ունենա, նայող չի լինի և հեռուստաալիքներն էլ չեն գնի ու ցուցադրի դրանք, այլ դրա փոխարեն կլինեն կրթական ծրագրեր»:
Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց՝ գաղափար կա, որ ցերեկային ժամերին հեռուստաալիքներով ցուցադրվեն դպրոցական դասընթացների հետ կապված հետաքրքիր դասախոսություններ, բացատրություններ տան տվյալ դասընթացի հետ կապված հայտնի ուսուցիչներ և հեղինակավոր մարդիկ, որպեսզի աշակերտները դպրոցական նյութը հեշտ մարսեն:
Իսկ մինչ այս բովանդակության ստեղծումը նախարարն աշակերտներին հորդորեց դիտել BoonTV` boon.am հասցեով:
Ամփոփելով նախարարն ասաց. «Գտնում ենք հետաքրքիր բովանդակություն և ինքնակրթվում ենք: Այս հեղափոխությունը լավ էր, բայց եթե մեր քաղաքացիներն ու աշակերտներն իրենք իրենց չկրթեն, մենք մեծ խնդիրներ ենք ունենալու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ