Այս թխվածքաբլիթները ոչ միայն շատ համեղ են, շատ բուրավետ եւ գեղեցիկ, այլեւ` շատ երկար են թարմ մնում: Դե, իսկ նույն խմորով բազմատեսակ թխվածքաբլիթների փունջ պատրաստելու հնարավորությունն էլ` եւս մի առավելություն է:
Անհրաժեշտ մթերքները
Եղեգնաշաքար (մուգ շաքարավազ, ցանկալի է մոսկովադո տեսակի, որն առավել բուրավետ է)- 1 բաժակ
Սպիտակ շաքարավազ- 1 բաժակ
Կարագ- 200 գրամ
Ձու-3 հատ
Ալյուր- 2,5 բաժակ` 380 գրամ
Աղ-1 թեյի գդալ
Սոդա- 1 թեյի գդալ
Վանիլի մզվածք- 1 թեյի գդալ
Ինչպես նաեւ`շոկոլադի կտորներ,
Չամիչ,
Հապալասի կամ լոռամրգու կամ ելակի կամ բալի չիր,
Ընկույզ
Կաղին
Նուշ
Կակաչի սերմեր
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք խմորը: Մուգ եւ սպիտակ շաքարավազները խառնում ենք, ավելացնում ենք հալեցրած կարագը, հարում ենք: Ավելացնում ենք հավկիթները, նորից հարում, որից հետո` սոդան, աղը, վանիլի մզվածքն ու ալյուրը, կրկին հարում:
Ստացվում է ոչ շատ պինդ խմոր` գդալով վերցնելու, բայց չծորացող:
Ջեռոցի թավայի վրա դրեք յուղաթուղթ: Խմորից 1-ական ճաշի գդալ չափաբաժին դրեք յուղաթղթի վրա` իրարից բավականին հեռու, որովհետեւ տարածվելու է:
Ավելացրեք ձեր ցանկացած բաղադրիչները: Կարող եք ավելացնել տարբեր բաղադրիչներ, կարող եք ավելացնել միայն մի տեսակի, կարող եք համադրություններ անել:
Օրինակ` ընկույզ եւ շոկոլադ, կաղին եւ չամիչ, նուշ եւ լոռամրգու չիր, գոջի հատապտուղ եւ նուշի փաթիլ, եւ այլն, եւ այլն: Ազատություն տվեք ձեր ստեղծագործական երեւակայությանը եւ պատրաստեք ձեր սիրելի թխվածքաբլիթը:
Դրեք 170 աստիճան տաքացրած ջեռոցը` 10-15 րոպեով` պատրաստ լինելը պետք է ստուգեք «աչքաչափով»` երբ եզրերը թեթեւ կարմրեն, կարող եք հանել, չթողնեք շատ չորանա:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ