Լրահոս
Օրվա լրահոսը

Վանո Սիրադեղյանի վերադարձի առիթով

Մայիս 20,2018 12:00
vano

Վարչապետ Նիկոլ Փաշինյանից սպասելիքները շատ մեծ են: Աշխատավորները սպասում են աշխատավարձերի բարձրացմանը, թոշակառուներն սպասում են թոշակների բարձրացմանը, շատերն սպասում են քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակմանը, Արարատ Զուրաբյանն ու շատերն էլ սպասում են Վանո Սիրադեղյանի անհապաղ վերադարձին:

Եվ ընդհանրապես՝ գրեթե բոլորն ակնկալում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ ժամանակում մեր կյանքը դրախտի է վերածելու: Ոմանք էլ, հատկապես հակահեղափոխականները, մտածում են, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի բարելավել ու լավացնել մեր կյանքը: Բարեբախտաբար, այդպես մտածողներն ակնհայտ փոքրամասնություն են:

Ինչ վերաբերում է Վանո Սիրադեղյանի վերադարձին, Արարատ Զուրաբյանն ու գրեթե բոլորը համոզված են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Վանոն հաստատ Հայաստան կվերադառնա:

Այսուհանդերձ, քչերն են մտածում, որ Վանո Սիրադեղյանի վերադարձը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ու շատերի ցանկությունից է կախված, այլև, առաջին հերթին, հենց Վանո Սիրադեղյանի ցանկությունից:

Տարիներ առաջ լրագրող ու հրապարակախոս Վարդուհի Սիմոնյանն էր նախաձեռնություն կազմակերպել, որի նպատակը Վանո Սիրադեղյանի վերադարձն էր: Նախաձեռնությանը միացան հազարավոր մարդիկ, ովքեր Վանո Սիրադեղյանի վերադարձը համարում էին անհրաժեշտություն: Հիմա, անկասկած, ավելի մեծ թվով մարդիկ են դա անհրաժեշտություն համարում: Մարդիկ, ովքեր Վանո Սիրադեղյանին համարում են Հայաստանի Երրորդ հանրապետության գլխավոր հիմնադիրներից մեկը: Մարդիկ, ովքեր համարում են, որ Վանո Սիրադեղյանը ներքին գործերի նախարար աշխատած տարիներին հանրապետությունը հնարավորինս մաքրել է քրեական տարրերից: Մարդիկ, ովքեր քաղաքապետ Վանո Սիրադեղյանի կարճաժամկետ գործունեությունն էլ են բարձր գնահատում: Եվ վերջապես, մարդիկ, ովքեր Վանո Սիրադեղյան գրողին էլ են չափազանց բարձր գնահատում:

Անձամբ ինքս ոչ միայն Սիրադեղյանի՝ խորհրդային տարիներին ստեղծած գրականությունն եմ բարձր գնահատում, որի համար ինքն արժանացավ «Դրուժբա նարոդով» ամսագրի բարձրագույն մրցանակին, այլև այն ստեղծագործությունները, որոնք ինքը գրել է իր պաշտոնավարության շրջանից հետո («Ափսոս էր երեխան» և այլն), ինչպես նաև «Հայկական ժամանակ» օրաթերթում Ավետիս Հարությունյան կեղծանունով հրապարակած քաղաքական ու հրապարակախոսական հոդվածները, որոնք հետագայում հրատարակվեցին «Գյադաների ժամանակը» վերնագրված առանձին գրքով:

Այդ հոդվածներում ոչ միայն Հայաստանի Երրորդ հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների խորը և համապարփակ վերլուծություններ են, այլև զարմանալի քաղաքական գուշակություններ ու կռահումներ, որոնք ի հայտ են գալիս այսօր՝ այս օրերին:

Ես միակը չեմ, ով բարձր է գնահատում ՆԳ նախարար և Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանի՝ իշխանափոխությունից հետո գրած ստեղծագործություններն ու հատկապես պատմվածքները: Ավելին. ես միանշանակ այն կարծիքին եմ, որ Վանո Սիրադեղյանը Հայաստանի Երրորդ հանրապետության՝ խորհրդային գլավլիտից ու ցենզուրայից հետո ստեղծագործած մեր լավագույն արձակագիրն է: Հնարավոր է՝ հակաճառողներ լինեն, և դա նրանց իրավունքն է, ինչպես որ իմ կարծիքն է իմ իրավունքը: Հակաճառողների մեջ անկասկած կլինեն նաև նրանք, ովքեր թյուրիմացաբար ու միտումնավոր Սիրադեղյանին են վերագրում  մանկական որոշ ոտանավորներ, որոնց հետ Վանո Սիրադեղյանը որևէ կապ չունի:

Այսօր գրականագետներն ու գրաքննադատները ժամանակակից գրականության վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ են գրում, մանրակրկիտ վերլուծում ու գնահատում են անկախության տարիների գրողների ստեղծագործությունները, բայց չեմ հիշում ու չեմ կարող առանձնացնել որևէ հոդված, որտեղ հանգամանալից անդրադարձ լինի Վանո Սիրադեղյանի՝ անկախության տարիների ու նոր ժամանակների ստեղծագործությանը: Այս հանգամանքը ոչ այնքան վախի ու զգուշավորության արդյունք եմ համարում, ինչքան՝ ժամանակակից գրականության հանդեպ անլուրջ ու մակերեսային վերաբերմունք:

Հատկապես 20-րդ դարի Հայոց պատմության մեջ քիչ չեն եղել հայրենասեր ու կարկառուն քաղաքական ու պետական գործիչներ, ովքեր դարձել են քաղաքական վտարանդի և ճարահատյալ ապրել են հայրենիքից դուրս: Վանո Սիրադեղյանը դրանցից մեկն է: Միշտ պիտի հիշենք ու գիտակցենք, որ Սիրադեղյանը Հայաստանի Երրորդ հանրապետության գլխավոր հիմնադիրներից մեկն է, ու նաև պիտի գիտակցենք, որ նրա վերադարձը մեզ ավելի է հարկավոր, քան նույնիսկ՝ իրեն:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Karen says:

    ՛՛Երրորդ հանրապետության գլխավոր հիմնադիրներից մեկը՛՛ 1991թ. մի քանի անգամ հրապարակավ սպառնաց հաստատել ՛՛ՀՀՇ-ի դիկտատուրա՛՛, վերցնել իշխանությունը և ՚՛՛պահել այն մինչև դարավերջ՛՛: Ցավոք, գրվածքները չեն կարող սրբագրել արարքները: Իսկ նմանների վերադարձը հաստատ պետք չէ: Սպանությունների պատվիրատուի տեղը բանտն է: Եթե ամեն ինչ ՛՛շինծու՛՛ է, ապա թող, իրոք, հետ գա ու իրենց իսկ հիմնած հանրապետության դատարանով արդարանա:

  2. anna says:

    Վանո Սիրադեղյանը ԼՏՊ ի հետ այս հիմար վիճակի հեղինակներն են:Ինչ է անցուկ մոռցու՞կ:
    Ժողովուրդի հիշողությունը հավի հիշողություն չի:Ուզում եք ավելի ավերի մեր երկիրը:
    կ:

  3. Anonymous says:

    Բերեք սրբերի շարքին դասենք

  4. Մ.Գրիգորյան says:

    Հակաքարոզչությունը շատ հզոր բան է: Այն ժամանակ և հիմա Վանոյին մինչև վերջ հեղինակազրկեցին և մեղսագրեցին արարքներ, որ նա չէր կատարել: Ինչ որ մարդկանց պետք էր, որ նա մինչև վերջ հեղինակազրկվի: Իսկ մնացածը տեխնիկայի հարց է: Երբ թափանիվը բաց է թողնված, արդեն մեկը հազար դարձած առասպելները հյուսվում են:.Ում ուզեն ազգով մեկ կվոչնչացնեն: Ւսկ Հայրիկյանի նկատմամբ տարիներ շարունակ անմարդկային ու նենգ հակաքարոզչությունը՞: Շատ հաճախ կարծիքներ հայտնողները այն ժամանակ երեխա են եղել, շատ քիչ մարդիկ գիտեն ճշմարտությունը:

  5. Nara says:

    Այդ պատճառով պետք է զբաղվել նրանով ինչ քեզ մոտ լավ է ստացվում, այլապես արդյունքը ցավալի կարող է լինել???

  6. Karen says:

    Հարգելի Մ.Գրիգորյան, հավանաբար, հավակնում եք լինել մեկը նրանցից, ովքեր ՛՛գիտեն ճշմարտությունը՛՛: Դե, ուրեմն, վկայում եմ, որ 1991թ. անձամբ եմ ներկա եղել Ձեր պաշտած Վանոյի աքլորականչին՝ ՛՛ՀՀՇ-ի դիկտատուրա՛՛ հաստատելու մասին, ընդ որում, մարդը երկու օր անընդմեջ նույն ջղագար ու անհավասարակշիռ հիմարություններն է դուրս տվել Թատերական հրապարակի հանրահավաքներում, վերջին անգամ՝ Ձեր կողմից հիշատակվող Պ.Հայրիկյանի հրավիրած հանրահավաքում: Ժամանակի ընդդիմադիր մամուլն անդրադարձել է, գնացեք ու թարմացրեք Ձեր հիշողությունը: ԼՏՊ-ն էլ, երևի, դիկտատուրա հաստատելու համար էլ Ձեր գրողին ՆԳ նախարար նշանակեց դրանից հետո: Այ, էստեղ հաստատ առասպելներ մի հյուսեք ու լռեք:

  7. Մ.Գրիգորյան says:

    Հանգստացեք, պարոն Կարեն: Դուք հաղթել եք: Վանոն սրտաքսված և հեղինակազրկված է: Վազգեն Սարգսյանը գնդակահարված է, Հայրիկյանը հեղինակազրկված է, ամեն մի թափթփուկ իրեն թույլ է տալի ծաղրել նրան, Շանթը, Սամվել Բաբայանը, Սեֆիլյանը բանտում են: Օրինաչափություն չե՞ք տեսնում:
    Եթե Վանոյին մեղսագրվածները ճիշտ լինեին, նա ոչ մի տեղ չէր գնա, կմնար, բարձր պաշտոն կունենար, կթալաներ, կվայելեր՝ինչպես մյուսները: Կարծում եք Քոչարյանի կամ Սերժի չափ չկա՞ր:

    • Aram says:

      Վանո Սիրադեղյանը` ՀՀ նախագահի 1996թ-ի ընտրությունների արդյունքները առաջին անգամ կեղծվեցին, ու ժողովրդի վրա ոստիկանության և բանակի ուժը գործադրվեց, որը այնուհետ դարձավ ավանդույթ, հայտարարեց, որ իշխանությունը կարող էր մի հինգ հարյուր հոգի էլ գնդակահարեր այդ ժամանակ:

  8. Սեդրակ says:

    Ցավում եմ, որ Վանո Սիրադեղյանին մեր ժողովուրդը լավ չի ճանաչում: Հայ մշակույթի գործիչներին միտումնավոր նվաստացնող մարդիկ կան: Նաև դրանց պատճառով է, որ այսօր մեր ժողովուրդը չգիտի իր արձակի լավագույն վարպետներից մեկին: Նա կարճ պատվածքի վարպետ է, անպայման կունենա իր հաստատուն տեղը հայ գրականության մեջ: Որպես պետական գործիչ ժամանակին կարևոր ներդրում է ունեցել նոր պետականության ստեղծման մեջ: Հայաստանում հանցագործ աշխարհը չափ ու սահման չէր ճանաչում: Օրը ցերեկով կանանց գլխից գլխարկներ էին թռցնում նույնիսկ կենտրոնական փողոցներում: Ամենուրեք թալան էր ու գողություն: Վանոն կարողացավ նորմալ կարգ ու կանոն հաստատել: Ամենամեծ ներդրումը, սակայն, եղել է բանակին անհրաժեշտ զենքի ու զինամթերքի ձեռք բերման կարևորագույն գործում: Համոզված եմ, որ ՀՀ պատմության մեջ Վանո Սիրադեղյանի անունը, որպես պետական ու ազգային մեծավաստակ գործիչ, ընդմիշտ մնալլու է: Նա ունեցել է նաև սխալներ, որոնց մի մասը ժամանակի թելադրանքով:

    • Հերիքնազ says:

      1993թ. հունվարի 2-ին սպանեցին մեր`Հասարակական կարգի պահպանության բաժնի պետի նախկին տեղակալին` Սուրեն Ղուկասյանին` կոնկրետ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի մասին շաաաաատ բան իմանալու համար: Նրա կնոջ հետ դատական նիստերինն մասնակցելու համար ինձ ,,նախազգուշացրեցին պոչս ինձ քաշել, քանի ինձ վրա դուրս չեն եկել,,: Սա էլ ձեր ,,անմեղ,, Վանոն:

  9. nona says:

    Սեդրակ-Նա ունեցել է նաև սխալներ, որոնց մի մասը` ժամանակի թելադրանքով ……
    Ստալինի սխալներն էլ են եղել ժամանակի թելադրանքով…..

  10. Ara Shahbazian says:

    Ուզում է, թող գա… Բայց պետք չէ դարձնել ազգի կամ հայ գրականության փրկիչ…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031