Բերդ քաղաքի բարձունքում գտնվող թանգարանը վերջին մեկ տարում վերածնունդ է ապրել: ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ «Բերդ» արգելոց մասնաճյուղի տնօրեն Արթուր Երկանյանի կողմից մեծ աշխատանքներ են կատարվել տարածքը նորոգելու, թանգարանը նոր ցուցանմուշներով հագեցնելու, ցուցադրություններ կազմակերպելու համար:
Մայիսի 18-ին՝ թանգարանների միջազգային օրը թանգարանում ցուցադրվեցին սահմանամերձ Բերդի տարածաշրջանի գեղանկարիչների եւ լուսանկարիչների աշխատանքները: Այդ օրը թանգարան են այցելել խոշորացված Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, ԵԿՄ վարչության անդամ Վարդան Պետրոսյանը, Տեր Արամ քահանա Միրզոյանը. սահմանապահ զորամասերի զինծառայողներ, երկրապահ կամավորականներ, ոստիկաններ, «Հույսի կամուրջ» ՀԿ, տարածաշրջանում գործող հասարակական այլ կազմակերպությունների անդամներ, Բերդի տարածաշրջանի դպրոցների աշակերտներ: ԵԿՄ վարչության անդամ Վարդան Պետրոսյանը թանգարանին է նվիրել Հայաստանի քարտեզների ատլասը , երկրապահ կամավորականների միության հրատարակած ամսագրեր: Թանգարանը ներառում է նաեւ Բերդ ամրոցը, թանգարան այցելողները այցելել են նաեւ պատմական այդ հուշարձան:
Բերդի թանգարանն այսօր մասնակցում է «Թանգարանային գիշեր» միջոցառմանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ