Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ կաբինետից հրահանգ չեն տալու, հրահանգ տվողները կպատժվեն, էլ չեմ ասում, որ որեւէ դատավոր փորձի կաշառք վերցնի». Փաշինյան (Տեսանյութ)

Մայիս 19,2018 17:57

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերում խոսեց դատական համակարգի մասին: Նա ասաց, որ այս ընթացքում իրեն զեկուցում են, որ Հայաստանում դատական համակարգը, ըստ էության, հայտնվել է կաթվածահար վիճակում, որովհետեւ դատավորները, դատարանները չգիտեն ինչ անեն ու ինչպես վարվեն. «Նրանք, ըստ ամենայնի, սովոր են գործել հրահանգների: Գաղափարներ են հնչում, թե միգուցե իմաստ ունի կաթվածահար չանել այդ համակարգը եւ օգնել կողմնորոշվելու այս կամ այն հարցում: Ես ուզում եմ ասել, որ դա ինձ համար կարմիր գիծ է եւ չեմ կարող թուլ տալ, որ իշխանության որեւէ ներկայացուցիչ հատի այդ կարմիր գիծը: Արդար դատական համակարգ ունենալու համար պետք է 2 բան՝ հնարավորություն տալ, որ դատավորները իրենց լիազորությունների շրջանակներում կայացնեն որոշումներ եւ փակենք կաշառքով հարցեր լուծելու բոլոր ճանապարհները, յուրաքանչյուր դատավոր, ով փորձի կաշառք վերցնել, պետք է իմանա, որ իր հետեւից գալու են»:

Փաշինյանը հստակ հայտարարեց՝ «Բաղրամյան 26-ից դատավորների ուղղված հրահանգներ չեն լինելու, տիկնայք եւ պարոնայք»:

Վարչապետն ասաց, որ որեւէ իշխանավոր իրավունք չունի դատավորներին տալ որեւէ հրահանգ՝ որեւէ գործով: Այսօր ՀՀ օրենսդրությամբ դատավորները գործունեության երաշխիքներ ունեն եւ պետք է նրանք այդ երաշխիքներից օգտվեն, ցանկացած գործով կայացնեն օբյեկտիվ դատավճիռ՝ հիմք ընդունելով իրենց ձեռքի տակ եղած ապացույցները: Այս կանոնը չպետք է խախտվի:

Փաշինյանն ասաց, որ նաեւ այսպիսի տեսակետներ են հնչում, թե մեկ-երկու անգամ կարելի է հանուն լավ նպատակների խախտել այդ կանոնը. «Ես կարծում եմ, որ դա հետագայում կդառնա ուղղակի սովորություն՝ սրանից բխող բոլոր բարդ հետեւանքներով: Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ ՀՀ-ում որեւէ մեկը իրավունք չունի դատական համակարգի գործերին միջամտել՝ նույնիսկ դատական համակարգի ներսի մարդիկ, եւ դատավորները , եթե իրենք իրենց վրա վերցրել են պատասխանատվություն, ստանձնել են այդ պաշտոնը, ուրեմն պետք է վերցնեն նաեւ պատասխանատվություն, կայացնելու վճիռներ, որոշումներ: Ըստ էության, սա շատ կարեւոր արձանագրում է: Ես ուզում եմ մի կարեւոր քաղաքական շեշտադրում անել այս համատեքստում: Տեսեք, մենք երկար ժամանակ, երկար տարիներ բախվել ենք մի իրավիճակի հետ, երբ քրեակատարողական հիմնարկները լեփ-լեցուն են եւ ամեն տեղի համար ենթադրենք երկու անձ կալանավորվում է: Սա մի քիչ քաղաքական մոտեցման խնդիր է»:

Փաշինյանն ասաց, որ ինքը կիսում է այն մոտեցումը, որ կալանքի սանկցիաներ տալիս պետք է հաշվի առնել իրողությունները: Երբ արդարացված չէ մարդուն կալանքի տակ պահելը, իսկ մեր օրենսդրությունը հստակ է, այդ մարդկանց չպետք է կալանքի տակ պահել. «ՔԿՀ-ները ուղղակի լեփ-լեցուն են կալանավորներով ու կալանավորները հերթով են քնում: Սրանք խոշտանգման երեւույթներ են»:

Նա ասաց, որ արդարադատության նախարարի դիրքորոշումը պաշտպանում է՝ կալանավորված անձանց թիվը չպետք է գերազանցի ՔԿՀ-ներում առկա կալանավորների քնելատեղերի թվին:

Նորից անդրադառնալով դատավորների գործելաոճին՝ վարչապետն ասաց, որ իշխանավորներն այլեւս հրահանգներ չեն տա դատավորներին՝ ինչ վճիռ կայացնել այս կամ այն գործով եւ դատավորները պետք է կրեն իրենց որոշումների պատասխանատվությունը, նրանք պետք է կայացնենք օրինական, օբյեկտիվ դատավճիռներ, որոնք պետք է ծնվեն բացառապես ՀՀ օրենսդրության, միջազգային կոնվենցիաներով, ՄԻԵԴ-ի վճիռներով սահմանված շրջանակում:

Նա ասաց, որ կա կամք ունենալու դատական անկախ համակարգ ու մենք կունենանք այդպիսի համակարգ. «Որեւէ կաբինետից հրահանգ չեն տալու, հրահանգ տվողները կպատժվեն, էլ չեմ ասում, որ որեւէ դատավոր փորձի կաշառք վերցնի՝ կպատժվեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031