Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացին ի՞նչ իրավական հիմքով է ծառայում Ղարաբաղում. քննարկում՝ բանակի մասին

Մայիս 19,2018 17:08

Այսօր «Հոդված 3» ակումբում քննարկում էր կազմակերպվել բանակի թեմայով: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը խոսեց տղաներին բանակ տանելիս խտրական մոտեցման մասին: Նա ասաց, որ մահվան դեպքերով քննությունները օբյեկտիվ չեն արվում:

Սաքունցն ասաց, որ զինվորները պետք է դեռ դպրոցից իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները. «Պետությունն իր պարտավորությունը չի կատարում՝ իր քաղաքացիներին իրազեկելու: Ես պետք է իմանամ իմ իրավունքները, ինչի՞ համար բանակում պետք է մի կես տարի անցնի դրա վրա: Իրավական պետության կարեւոր սկզբունքն է կանխատեսելիությունը»:

Ըստ Սաքունցի, ՀՀ Զինված ուժերում արմատական փոփոխություններ պետք է արվեն. «Ի՞նչ է նշանակում՝ ինձ ասում են 2 տարի է ծառայությունը, 3 տարի մնա, վիրավորվելու դեպքում էսքան կստանաս, մեռնելու դեպքում՝ էսքան: Դու չպիտի մարդկանց էն աստիճան չքավորության հասցնես եւ նրանց իրենց վատ վիճակից չարամտորեն օգտվելու մեխանիզմ առաջարկես»:

Հարցին՝ ՀՀ քաղաքացին ի՞նչ իրավական հիմքով է ծառայում Ղարաբաղում, որը չճանաչված պետություն է, արդյոք դա օրենքի կոպիտ խախտում չէ՞: Սաքունցը պատասխանեց, որ հարցը բավական հիմնավոր է. «Քաղաքական է, բայց ունի նաեւ իրավական լուրջ կողմ: Եվրոպական դատարանում Հայաստանի վերաբերյալ գործերում, երբ խոսքը վերաբերում է ԶՈՒ-ում մահացության դեպքերին, Հայաստանը ներկայացնում է փաստաթուղթ, որ ունենք Ղարաբաղի հետ միջպետական պայմանագիր՝ փոխադարձ օգնության: ՀՀ քաղաքացիները, որոնց ուղարկում են Ղարաբաղ ծառայության, իրենք ստորագրում են փաստաթուղթ կամավոր դա անելու»:

Սաքունցն ասաց, պետք է ճանաչել եւ օրենսդրական բազայի վրա տեղադրել այդ ծառայությունը, բայց միաժամանակ չենք կարող անտարբեր մնալ. «Այն, ինչ ապրիլյան պատերազմում եղավ՝ մարդու գլուխը կտրեն ու ցուցադրեն ամեն տեղ, խոշտանգեն մարմինները, մենք ունեք պարտավորություն անվտանգության ապահովման: Դրա իրավական հիմնավորումները պետք է լինեն, այդ թվում՝ կոմպենսացիայի՝ փոխհատուցման, իրավական պաշտպանության»:

Արթուր Սաքունցն ասաց, որ եթե թեկուզ քո հարեւան պետությանը վտանգ է սպառնում, դու չես կարող ասել՝ հա դե, ինչ ուզում են, թող անեն. «Կար այդպիսի մոտեցում, որ մենք, մեր քաղաքացիները չպետք է գնան այնտեղ ծառայելու: Օրենքի տեսանկյունից դա կարելի է այդպես ընդունել, բայց մյուս կողմից էլ ունես անվտանգության ապահովման խնդիր: Մենք մեր վրա վերցրել ենք պարտավորություն՝ անվտանգությունն ապահովելու, անե՞նք, թե՞ չանենք: Այլ հարց է, որ պատշաճ բոլոր պայմանագրերն ու պարտավորությունները պետք է արվեն: Դու չես կարող չճանաչված պետության հետ պայմանագիրը տանես ԱԺ հաստատման»:

Քննարկման մասնակիցներից մեկն ասաց, որ եղբայրը երկու տարի առաջ է ծառայել Ղարաբաղում ու նրան ՀՀ քաղաքացիությունից զրկել են տվել ու Արցախի քաղաքացիությունն ընդունել են տվել այդ 2 տարվա ընթացքում, որ ծառայի ու գա: Հետ է եկել, նորից ՀՀ քաղաքացի է դարձել: Սաքունցն արձագանքեց. «Ապուշություն է»:

Առաջարկ եղավ, որ կամավորականների ինչ-որ խումբ կարողանա պարբերաբար այցելել զորամասեր: Սաքունցը պատասխանեց, որ զինվորական կարգապահության պահ կա, պետք է իրենց քայլերով այնպես անեն, որ չվնասեն բանակին:

Մասնակիցներից մեկը հարցրեց՝ թավշյա հեղափոխության օրերին խաղաղապահ գնդի զինծառայողները դուրս եկան փողոց, որին հետեւեց Վիգեն Սարգսյանի հայտարարությունը, որ նրանք պետք է պատժվեն, մի՞թե այդ զինվորներն իրավունք չունեին անցնել ժողովրդի կողմը: Սաքունցը պատասխանեց, որ եթե նրանք առանց համազգեստի դուրս գային, խնդիր չէր լինի: Նա հիշեցրեց, որ ԶՈՒ-ն քաղաքական չեզոքություն չի ունեցել, Սերժ Սարգսյանը ժամանակին ՊՆ նախարար էր ու ՀՀԿ խորհրդի նախագահ, արդեն իսկ չեզոքությունը խախտված էր: Ինչ վերաբերում է դասալիք զինվորներին պատժելուն, այս դեպքում Սաքունցն ասաց, որ Վիգեն Սարգսյանը կարող է տարիներով դատել տար նրանց, իսկ հիմա պարզապես հաշվի առնելով իրավիճակը՝ պետք է կարգապահական տույժ կամ պատիժ լինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031