Ինչպես տեղեկացրել ենք, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ցուցադրեց կառավարական իրեն հատկացված պետական առանձնատուննն ու հարակից տարածքը: Նա ասաց, որ տարածքում ապրում է Սերժ Սարգսյանը՝ ժամանակավոր, Էդվարդ Նալբանդյանը՝ ժամանակավոր, Գագիկ Հարությունյանը, որը կարծես թե նույնպես ժամանակավոր է: Փաշինյանը հեռվից ցուցադրեց նաեւ Սերժ Սարգսյանի առանձնատունը: Նա ասաց, որ հանրությանը հետաքրքրում է՝ հանդիպո՞ւմ է Փաշինյանը իր հարեւանին՝ Սերժ Սարգսյանին: Վարչապետը տեղեկացրեց, որ դեռ չի հանդիպել ոչ նրան, ոչ էլ մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք ապրում են այդ տարածքում. «Տղաս՝ Աշոտը, անցնելիս տեսել է Սերժ Սարգսյանին, հանդիպում չի եղել: Ես ոչ մեկին չեմ հանդիպել այստեղ: Ինչքան գիտեմ, այստեղ Գագիկ Հարությունյանն է նաեւ ապրում»:
Փաշինյանի դուստրը տեղեկացրեց, որ տարածքում կա նաեւ եկեղեցի: Վարչապետը, ցուցադրելով առանձնատան տարածքում այգին, շրջակայքը, մի ուշագրավ դեպք պատմեց. «Երեկ դուրս էինք եկել զբոսնելու եւ մեր դիմացից երկու շնագայլ վազեց՝ վայրի կենդանիներ եւ դա շատ տարօրինակ էր: Շնագայլ՝ շակալ կամ չախկալ: Դա շատ հետաքրքիր էր: Տարածքն այնպիսին է, որ վայրի կենդանիներ նույնպես կան, նրանք իրենց այստեղ այնքան լավ են զգում, որքան բարձրաստիճան պաշտոնյաները»
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ