Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանին զարմացրեց կառավարական սաունան, ծովային աղով մերսման սրահն ու ռոմանտիկ ծուխը. բացահայտում՝ ուղիղ եթերում (Ֆոտոշարք)

Մայիս 19,2018 14:01

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես եւ խոստացել էր, ուղիղ եթերում ցուցադրեց կառավարական առանձնատունը, որտեղ բնակվում է հիմա՝ իր ընտանիքով:

Ցուցադրելով տան սենյակները, գույքը՝ Փաշինյանն ասաց, որ այնտեղ ինչ կտեսնենք, ամբողջը պետական գույք է. «Այսինքն, ես այստեղ ոչ մի անձնական բան չունեմ վստահաբար»: Սա ասելուն պես՝ պետական սենյակում հայտնվեց սեփական երեխան՝ փոքրիկ Արփին: Փաշինյանը ծիծաղեց՝ վստահեցնելով, որ Արփին հաստատ պետական չի. «Իմ անձնական երեխան է»:

Վարչապետն ասաց. «Ինձնից առաջ այստեղ ապրել է Տիգրան Սարգսյանը, որից հետո տարածքը վերանորոգվել է եւ կահավորվել»:

Նա ցուցադրեց տան մեջ գտնվող աշխատասենյակը, հյուրասենյակը, լվացք-արդուկի համար նախատեսված սենյակը, խոհանոցը: Նա ասաց, որ 2 սանհանգույց կա, կինը՝ Աննա Հակոբյանն ուղղեց՝ 3. «Այնքան շատ են այստեղ, որ թիվը կորցրել ենք»,- կատակեց Փաշինյանը: Ավելի ուշ հստակեցվեց, որ տարածքում ընդհանուր առմամբ 6 սանհանգույց կա:

Վարչապետը ցուցադրեց նաեւ իրեն հատկացված առանձնատունը՝ դրսից, ցուցադրեց տան տարածքը, հարակից այգին, հարեւանների առանձնատները: Նա ասաց, որ չի հաշվել, բայց տարածքում 7-8 առանձնատուն կա: Փաշինյանը ցուցադրեց այն պատմական առանձնատունը, որտեղ բնակվել են Կարեն Դեմիրճյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, հետագայում նաեւ Ռոբերտ Քոչարյանը:

Տարածքում կար նաեւ ամառային բացօթյա լողավազան, հանգստի գոտի: Կար բիլիարդ, սեղանի թենիս, շախմատ, որտեղ հարեւաններով կարող են ընդհանուր լավ ժամանակ անցկացնել: Ուշագրավ է, որ օգտատերերը Փաշինյանին մեկնաբանություններում խնդրում էին, որ կնոջը՝ Աննային հանկարծ թույլ չտա հարեւանների կանանց, մասնավորապես՝ Ռիտա Սարգսյանի հետ կոֆե խմելու գնա:

Ուշագրավ էր կառավարության առանձնատան տարածքում հատկապես այն, որ ժամանցի գոտու հատվածում կար շքեղ սաունա, որը, ինչպես Փաշինյանն ասաց, ծովային աղերով պատրաստված ինչ-որ ճոխություն էր: Աննա Հակոբյանն ասաց, որ մերսման սրահ էլ կա: Փաշինյանը միամիտ սեղմեց ինչ-որ կոճակ եւ մեղմ երաժշտություն միացավ. «Վայ, էս ի՞նչ միացրեցի: Սա՞ ինչ է, ինչ-որ ռոմանտիկ ծուխ է»: Վարչապետն ու կինը չէին կողմնորոշվում, թե ինչ սեղմեին, որ ծուխն ու երաժշտությունն անջատվեր:

«Նրա համար է, որ մեր իշխանավորները ժողովրդի հոգսերի մասին մտածելուց առաջ relax-ի հնարավորություն ունենան»,- ասաց Փաշինյանը: Նա էլ էր զարմացած իր տեսածից: Նրա խոսքով՝ ըստ էության, ծովային աղերով այդ սենյակն այսօրվա էքսկուրսիայի գագաթնակետն էր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031