«Խաղողագործների միություն» հ/կ նախագահ Արտակ Սարգսյանն այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց խաղողագործության ոլորտի առաջնահերթ խնդիրները, որոնց լուծումն ակնկալում են նոր կառավարությունից: Սարգսյանը նախ մատնանշեց՝ այն խաղողագործները, որոնք խոշոր մթերող ձեռնարկությունների, օրինակ՝ Երեւանի կոնյակի գործարանի հետ պայմանագրեր ունեն, բնականոն աշխատում են, իսկ մյուս գյուղացիների աշխատանքը աստծո հույսին է: «Մեզ պետք են վերամշակողներիի հետ փոխշահավետ պայմանագրային պարտավորություններ: Որոշ պայմանագրերի ժամկետներ հիմա կրճատվում են»,-հայտարարեց Արտակ Սարգսյանը:
Մյուս խնդիրը, ինչպես նա նշեց, կոնյակի որակն է. «Վերամշակող ձեռնարկությունների մեծ մասը՝ 70%-ը, խաղողի մաքուր հիմքով արտադրություն չեն իրականացնում: Որոշ անձինք էժանագին սպիրտներ են ներմուծում, որոնք օգտագործելով խաղողի հումքի փոխարեն, հայկական կոնյակի անվան տակ մեծ գումարներ են աշխատում՝ վնասելով հայ խաղողագործ-գյուղացուն եւ հայկական կոնյակի մեծ համբավին: Այդ կեղծ կոնյակը հայկականի անվան տակ վաճառվում է, օրինակ, Ռուսաստանում»: Սարգսյանը նշեց՝ նոր իշխանությունները պետք է կամք դրսեւորեն եւ խնդիրը լուծեն. «Այս կառավարությունը պետք է խաղողագործության ոլորտում մեկ քայլ անի՝ այնպիսի հարկային պարտավորություններ սահմանի, որպեսզի էժանագին սպիրտի ներմուծումը ոմանց համար մատչելի չլինի»:
Արտակ Սարգսյանը որպես խնդիր մատնանշեց նաեւ այն փաստը, որ խաղողի մթերման գինը չափազանց ցածր է, գյուղացին էլ ի վիճակի չէ նման պայմաններում վարկառու լինել: Սարգսյանը նաեւ հայտարարեց՝ նախորդ կառավարությունը տարեկան մթերված խաղողի ծավալների իրական թվեր չէր ներկայացնում. «Տվյալները չափազանցված էին: Օրինակ՝ նախորդ տարի արտադրվել է 21 միլիոն լիտր կոնյակ, այսինքն՝ մոտ 120 000 տոննա խաղող է մթերվել, մինչդեռ հանրապետությունում խաղողի նման պաշարներ չկան»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ