Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են Շիրակի մարզպետի «ֆավորիտ» թեկնածուները

Մայիս 19,2018 12:57

Շիրակի մարզպետի պաշտոնի շուրջ տարատեսակ խոսակցությունները գնալով թեժանում են․ թե ում կնշանակեն մարզպետ, սա հատկապես անհանգստացնում է մարզպետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների ղեկավարներին, աշխատակիցներին, գյուղապետերին։ Վերջիններս տևական ժամանակ է մեզանից պահանջում են ճշտել, թե ի՞նչ կուլիսային պայմանավորվածություններ կան, շրջանառվող անուններից ո՞ր մեկի մարզպետ դառնալու հավանականությունն է մեծ։

Իհարկե, այս ընթացքում մենք պարբերաբար զանգահարել ենք տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, այսպես ասած մարզպետացուներին՝ հասկանալու, թե նրանցից մարզի ղեկավար դառնալու որ մեկի շանսերը կարող են լինել իրական։

Նրանցից մեկը ՀՅԴ-ական Հակոբ Մաթիլյանն է, որի անունը մշտապես հայտնվում է մարզպետացուների ցանկում, երբ Շիրակում մտադրված են լինում նոր մարզպետ նշանակելու։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ մարզպետի թեկնածու լինելու մասին մամուլից է տեղեկացել։

Այս թեմայի շուրջ բազմիցս խոսել ենք նաև Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանի հետ, որը անունը ևս մարզպետացուների ցանկում է։ Նա ևս մի քանի անգամ նշեց, որ դեռ հստակ պայմանավորվածություններ չկան։

Ըստ որոշ տեղեկությունների, ՀՅԴ-ն ցանկանում է Շիրակի մարզը փոխարինել Գեղարքունիքով, որովհետև այնտեղ հարմար թեկնածու ունի, իսկ ԲՀԿ-ն, որի ձեռքից հնարավոր է դուրս գա Կոտայքի մարզը․ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանին հնարավոր է փոխարինեն Սասուն Միքայելյանով, կհավակնի ղեկավարել Շիրակի մարզը։ ԲՀԿ-ականները սա պատճառաբանում են նաև այն փաստով, որ իրենք ամենամեծ ընտրազանգվածը ունեն հենց այս մարզում։ Իհարկե, նշենք, որ այս դեպքում հնարավոր է լարվածություն սկսվի Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու ԲՀԿ-ական մարզպետի միջև, քանի որ ԲՀԿ-ն ևս հավակնել է քաղաքապետի պաշտոնին՝ ՏԻՄ ընտրությունները համարելով կեղծված և իր մանդատը Սամվել Բալասանյանի կողմից գողացված։

Խոսվում է նաև Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեղի անդամներից մեկին՝ Կարեն Սարուխանյանին մարզպետ նշանակելու մասին։ Նկատենք, սակայն, որ պարոն Փաշինյանի թիմակիցներին գրեթե չեն ճանաչում․ նա փոքր թիմ ունի Շիրակի մարզում։ Շիրակն էլ, բնականաբար, փորձառությունների տեղ չէ, սոցիալական խնդիրների մեջ թաղված տեղանք է, որից գլուխ հանել է պետք։

Նշենք նաև, որ նորօրյա Հայաստանում, երբ պետական հիմնարկների որոշ ղեկավարներ այլևս առանց վախի իրենց կարծիքն են բարձրաձայնում, այնքան էլ համաձայն չեն կուսակցության ներկայացուցիչների մարզպետ նշանակելու մտադրության հետ։

Բանն այն է, որ Շիրակի մարզը տխրահռչակ փորձ ունի կուսակցական մարզպետների ձեռքի տակ գտնվելու․ որոշ կուսակցական մարզպետներ իրենց իսկ կուսակցության նեղ շահերը սպասարկեցին՝ մի կողմ դնելով պետական շահերը։ Մարզպետի պաշտոնը ոչ միայն դարձավ միջոց ընտրությունների ժամանակ սեփական կուսակցության համար ձայներ ապահովելու, այլ ոմանք դպրոցի, հիվանդանոցների տնօրեններին փոխարինեցին իրենց իսկ կուսակցության անդամներով, որովհետև այդպես էր պահանջում կուսակցությունը։ Նրանք անկախ կառավարիչներ չեն, ամեն մի որոշում կոլեգիալ են կայացնում։

Այս թեմայով նույնիսկ քրեական գործեր հարուցվեցին Շիրակի դատախազությունում, դատարաններն ավելորդ անգամ ծանրաբեռնվեցին որոշ կուսակցությունների խաղերի պատճառով։

Բնականաբար, նման իրավիճակներից հոգնած պետական կառույցների աշխատակիցները պիտի գերադասեն անկուսակցական մարզպետ ունենալ, նոր, հետաքրքիր դեմք տեսել։

Ինչպես պետական պաշտոնյաներից շատերն, այնպես էլ քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչները, նաև լրագրողները, որոնք տիրապետում են մարզի հիմնախնդիրներին, նաև մարդկանց ուղնուծուծով գիտեն, վերջին շրջանում շրջանառում են մի քանի ֆավորիտ թեկնածուների անուններ։ Նրանից մեկը «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն է, որը, սակայն, ի պատասխան նման գրառումների՝ միշտ հիշեցնում է, որ ինքը բնավ ցանկություն չունի պաշտոն զբաղեցնելու, մյուս երկուսը՝ Շիրակի մարզում թավշյա հեղափոխությունը գլխավորած տնտեսագետներ Կարեն Պետրոսյանն ու Ղարիբ Հարությունյանն են։

Նրանք տնտեսագիտության թեկնածուներ են, տնտեսագիտության համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոսներ, որոնք մարզում սոցիալական ծրագրեր իրականացնելուց, օրինակ ասենք՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամով անօթևանների համար բնակարաններ ձեռք բերելուց բացի, մշտապես հակակշիռ են եղել իշխանությունների անօրինական գործողություններին։ Գյումրեցիները լավ են հիշում նրանց կողմից «Էլեկտրիկ Գյումրի» շարժումը ղեկավարելը, նրանց հիմնադրած «Կոմպաս» գիտահետազոտական կառույցի կողմից ընտրակեղծիքները մանրամասն ուսումնասիրելու ու կանխելու փորձերը։

Եվ բնավ զարմանալի չէ, որ գյումրեցի մտավորականներն ու անաչառ լրագրողներն իրենց ֆեսբուքյան էջերում առաջարկներ են հնչեցում մարզի ղեկը հանձնել նրանց, քանի որ նրանք պետական մտածելակերպ ու կազմակերպչական ունակություններ ունեցող երիտասարդներ են, փայլուն մասնագետներ, որոնց նախորդ համակարգի հետ միաձուլված չինովնիկները դժվար թե կարողանան «ֆռռացնել», խաբել։

Դատելով այս մարզի ակտիվի ստատուսներից ու քննարկումներից՝ նրանք ժողովրդի թեկնածուներն են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031